Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետն ուզում է արեւային էներգիան իրենո՞վ անել (Տեսանյութ)

Նոյեմբեր 11,2013 15:31

Վահան Համազասպյանի հելիոֆիկացման ծրագիրը, որն իր տեխնիկատնտեսական ցուցանիշներով պարզապես հավասարը չունի աշխարհում, եւ որը շատ ավելի էժան էներգիա կարող է մատուցել, փակուղու առջեւ է, քանի որ ՀՀ կառավարությունը խոչընդոտում է այս ծրագրի իրականացմանը: 

Այս մասին «Նոյյան տապան» ակումբում ասաց տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահան Համազասպյանը: Նրա ներկայացմամբ` ըստ առաջարկվող ծրագրի, 1կվտ ժամ ջերմային էներգիայի գինը կազմելու է 0,32 դրամ. «Դա մոտ 100 անգամ ավելի էժան է գազի եւ էլեկտրաէներգիայի ստացված գներից: Այսօր չունենք սեփական էներգառեսուրսներ, գազն ու միջուկային վառելիքը ձեռք է բերվում դրսից, մենք կախվածության մեջ ենք ընկնում այլ երկրներից, միակ աղբյուրը, որ շահեկան վիճակում կարող է Հայաստանին դնել, դա արեւային էներգիան է»: Պարոն Համազասպյանի ներկայացմամբ, կառավարությունը, օգնելու փոխարեն, մշտապես խոչընդոտել է գիտնականի ծրագրի իրականացման համար դրսից եկող ներդրումների մուտքը: Ըստ գիտնականի, օրինակ, Շվեյցարիայի կառավարությունը պատրաստ էր մի քանի հարյուր միլիոն դոլարի վարկ տրամադրեր, ինչի համար, սակայն կառավարության երաշխիքն էր անհրաժեշտ. իսկ կառավարությունը չի համաձայնվել:
Այսօր, թեև կառավարությունը, ինչպես վստահեցրեց պարոն Համազասպյանը, ուշացած հասկացել է խնդրի կարեւորությունը, բայց.«Կատարում է այնպիսի քայլեր, որոնք կբերեն Հայաստանում այս խնդրի կործանմանը»:
Մանրամասն` տեսանյութում


Գիտնականն առաջարկում է ստեղծել գործարաններ Հայաստանում՝ առանց լուրջ ֆինանսական ներդրումների. «Աչքի տակ ունենք Սպիտակի գործարանների վերականգնման պրոցեսը, այս խնդիրը լուծելու համար: Բացի էներգետիկ խնդիրներից այսօր հնարավորություն ունենք լուծելու արդյունաբերության առաջ կանգնած խնդիրները, տալ այնպիսի սարքավորումներ, որոնք օգտագործվում են ոչ միայն Հայաստանում, այլեւ սահմաններից դուրս: Արեւային տեխնոլոգիայով առաջարկում ենք գյուղմթերքների վերամշակում, մուրաբաների, չրերի եւ արեւային կոնյակի պատրաստում»:
Պարոն Համազասպյանը ասուլիսի ընթացքում պարբերաբար պնդում էր, որ կառավարությունը խանգարում է գիտնականի աշխատանքային խմբի ծրագրերի իրականացմանը.«Փորձում են մեր խմբին զրկել ֆինանսավորման աղբյուրներից»: Հետո, գիտնականը պնդում էր, որ իրենց ֆինանսական միջոցներ պետք չեն, իրենք իրենց «գլխի ճարը» կտեսնեն, արդեն 300 միլիոն եվրոյի պատվեր ունեն եւ այլն:
Aravot.am-ի այն դիտարկմանը, թե էներգետիկայի նախարարությունը վստահեցրել է, որ այս ծրագիրը ձեռնտու չէ. արտադրանքը բավականին թանկարժեք է, պարոն Համազասպյանը պատասխանեց, որ նման հայտարարություն անողները երբեւէ ծրագիրը չեն ուսումնասիրել եւ իրենց աշխատանքային խմբի հետ չեն էլ քննարկել, թե ինչի մասին է խոսքը:
Գիտնականը վստահեցրեց. «Կառավարության մի քանի անդամներ, սեփական շահերից ելնելով, փորձում են խոչընդոտել մեր աշխատանքները եւ առաջ տանել իրենց աշխատանքները»:
Պնդմանը, թե կառավարությունը տնտեսապես հիմնավորել է, որ ծրագիրը շահավետ չէ, պարոն Համազասպյանն ասաց. «Ժամից ես եմ գալիս, տեր ողորմեա իրա՞նք են ասում: Մի անգամ եթե գային, նստեինք քննարկեինք: Իրենք նկատի ունեն արեւային հոսանք ստանալու խնդիրը, դա ուրիշ է, մենք առաջարկում ենք արեւից ջերմային էներգիա ստանալու հարցը»:
Գիտնականի պատմելով` դեռ 5 տարի առաջ վարչապետի նախկին խորհրդականը, տեղեկանալով առաջարկներին, շատ հավանել էր, եւ դրանք ներկայացրել վարչապետին. «Վարչապետը երեւի միակ ղեկավարներից մեկն է, որը հավատում է այս աշխատանքի հաջողությանը: 1 ամիս առաջ մի մասնավոր զրույցի ընթացքում վարչապետն ասել էր, որ իրեն այսօր ամենից շատ հետաքրքրում են արեւային ջեռուցիչ համակարգերը»:
Ինչպես կմեկնաբանեք այն հանգամանքը, որ պնդում եք, թե վարչապետը հավանել է ծրագիրը, բայց կառավարությունը խոչընդոտում է, Aravot.am-ի այս հարցին էլ, պարոն Համազասպյանն ասաց` «Երեւի վարչապետն իրա բիզնեսն ա ուզում դնի»:
Մանրամասն` տեսանյութում:


Պարոն Համազասպյանը նաեւ նշեց, որ իշխանությունները չեն ցանկանում այս ծրագիրն իրականացնել, քանի որ այն, այսպես ասած` «կխփի» փոքր ՀԷԿ-երի, գազի եւ այլ էներգետիկ աղբյուրների գործին:
Ասուլիսի մեկ այլ մասնակցի՝ «Էլեկտրոստանդարտ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Սամվել Թադեւոսյանի կարծիքը Հայաստանի էներգախնայողության հնարավորությունների մասին` տեսանյութում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930