Լրահոս
Օրվա լրահոսը

Սպիտակ քաղաքի մոռացված աշնան, սելֆի չանող պաշտոնյաների, հրեշտակների հուշարձան տանող ճանապարհի մասին

Հոկտեմբեր 16,2019 13:30

«Սպիտակում տներ չեն կառուցվում: 1988թ. երկրաշարժի էպիկենտրոնում տղամարդ չկա. արտագնա աշխատանքի են մեկնել: Գիշերը հազիվ վեց-յոթ տան լույս է վառվում: 2027 ընտանիք այսօր ապահովված չէ մշտական բնակարանով, այդ ընտանիքներում կան 223 անկողնային հիվանդներ, միայնակներ»:

Օրեր առաջ «Առավոտին» իրենց խնդիրների մասին էին բարձրաձայնել, միաժամանակ «բաց նամակով» ՀՀ վարչապետին էին դիմել ԽՍՀՄ պատգամավոր, ՀԿԿ Սպիտակի շրջկոմի առաջին ու վերջին քարտուղար, տնտեսագիտական գիտությունների դոկտոր Նորիկ Մուրադյանը, Սպիտակի «Մոռացված ժողովուրդ»  խորհրդի նախագահ Համլետ Դիլբարյանը, ինժեներ Սլավիկ Հովհաննիսյանը ու տնտեսագիտական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը: Նրանց խնդրանքով կիրակի օրը, Համլետ Դիլբարյանի բնորոշմամբ՝ «քարտեզից դուրս» հայտնված տարածքում՝ Սպիտակում էի:
Բնականաբար, առաջինն այցելում եմ բնական աղետի զոհ դարձածների գերեզմանատեղի. ընտանիքներ կան, ովքեր երկրաշարժից երեսուն տարի հետո էլ հնարավորություն չեն ունեցել քար գցել հողաթմբերի վրա: Գերեզմանատեղիում ծաղիկներ էլ չկան, հատուկենտ արհեստական ծաղիկներ կտեսնենք:

ՀԿԿ Սպիտակի շրջկոմի առաջին ու վերջին քարտուղար Նորիկ Մուրադյանի ուղեկցությամբ բարձրանում ենք աղետի զոհ դարձած վեց հազար երեխաների հուշարձան. այն տասնհինգ մետր բարձրության է, տատիկ-քանդակի հարեւանությամբ: Ինչ-որ մեկը տատիի փեշերին ամեն օր թարմ խնձորներ է լցնում, հավատալով, որ գթառատ տատին երկինք՝ թոռներին կուղարկի արեւահամ միրգը:
Ն. Մուրադյանը մտադիր է թանգարան բացել, իսկ քարե «մատյանների» վրա էլ փորագրել էր տվել այն օդաչուների, Սպիտակին ձեռք մեկնած, օգնություններ բաժանած կազմակերպությունների անունները, պատմությունները, որոնք երբեք չեն մոռացվելու:

Հուշարձանների տարածքում աշխատում էին վարպետներ Վարուժան Դիլբարյանն ու Հայկ Թումանյանը: Տեսնելով «Առավոտի» ֆոտոխցիկը՝ Վարուժանն ասում է՝ դեռ ապրում է տնակում, Աճեմյան-55 հասցեում: Ու հարցնում է՝ «կարող եք թեթով հարցնել՝ երբ ինձ տուն կտան»:Այս հարցն ինձ տվեցին շատուշատ սպիտակցիներ. ՌԴ-ից երեք երեխաներով երիտասարդ ամուսինները եկել են Սպիտակ, իրենց տնակի դուռն են բացել, բայց աշխատանք չունեն, երեխաներից երկուսն էլ գնում են դպրոց, ամեն օր Վանաձոր, ուսանողների ավտոբուսով, վերադառնում տարբեր փոխադրամիջոցներով:

Նրա տնակի հարեւանությամբ էր ապրում Սեդա Մադոյանը: 86-ամյա կնոջ «դոմիկը» իդեալական մաքուր է, բայց նա տուն է ուզում, տաք տուն, իր կյանքից խլված տարիներն այնտեղ անցկացնելու համար: Նա,  ինչպես իր հաեւան տնակակից  Լենա Հովհաննիսյանը, ուզում են փոխհատուցման գումարները՝ ավանդները, որոնք դրվել են խնայբանկում,  սակայն ոչ ստացան, ոչ էլ պարզ է, թե երբ իրենց կտան:
Մի մեռյալ տարածքում էլ՝ Մյասնիկյան 33 վ/տնակում դրվել էր Համլետ Դիլբարյանի տնակը: Աղետյալների հարցերով տարիներ շարունակ զբաղված այս մարդն ասում է՝ տնակի դիմաց դրված «կաթսայում» ճաշ եփեց, շունը չկերավ, ինքը կերավ…

Աղետի գոտու էպիկենտրոն Սպիտակ քաղաքը մինչեւ ավերիչ երկրաշարժը համարվել է հանրապետության հզոր արդյունաբերական կենտրոններից մեկը, այստեղ գործել են շուրջ 22 գործարաններ, ֆաբրիկաներ ու ձեռնարկություններ: Դրանց թվում՝ շաքարի կոմբինատն իր կիտրոնաթթվի արտադրամասով, վերելակների գործարանը, կարի արտադրական միավորումն իր մասնաճյուղերով եւ ֆաբրիկաներով, թռչնաբուծական ֆաբրիկան, կաթի վերամշակման գործարանը: Շաքարի գործարանից մնացել էր նկարում պատկերված սյունը, կարի արտադրական միավորումից էլ պատերը…

Թալանի ականատես եղանք նաեւ պիոներ ճամբարում: Այն «Վանուհի» կարի ֆաբրիկայինն է եղել, որի ութսուն տոկոս բաժնետոմսերը մասնավորեցվել է 2001-ին, կառավարության որոշմամբ, առանց հաշվի առնելու բաժնետերերի իրավունքները:

Անտերության էր մատնվել չնչին գներով «սեփականաշնորհված» տարածքի բնակելի շենքերը, չկային քանդակները, բոուլինգի մարզասրահն ու լողավազանն էլ ահա այս վիճակում էր: Բոուլինգի մարզասրահից ազատորեն օգտվում էին…կովերը:

Մեզ ճանապարհին միացած սպիտակցիներից Սպարտակ Մաթոսյանն էլ հիշեց 1991թ. Լորիս Ճգնավորյանի ոտքով ուխտագնացությունը Երեւանից Գյումրի. Մաեստրոն դրամ էր հավաքում մշակութային ակադեմիա ստեղծելու համար:

Նա ոտաբոբիկ մտավ Գյումրի, կոշիկները թողնելով ավերված քաղաքի մուտքի մոտ: Որեւէ պաշտոնյա չի գալիս Սպիտակ, չի գալիս, հետեւաբար, սելֆի չի անում, մոռացված է քաղաքն ամեն հարցով:

Ո՞վ կլինի առաջին ուխտագնացը Սպիտակում, ո՞վ հույս կտա, լույս ու ջերմություն կտա բացվերք քաղաքին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Ֆոտոշարքը՝ հեղինակի

«Առավոտ» օրաթերթ
15.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031