Այսօր ամփոփվեցին Հայաստանի համապետական ծածկույթով վեց հեռուստաընկերությունների (Հ1, Հ2, Արմենիա ՀԸ, Շանթ ՀԸ, Երկիր Մեդիա ՀԸ, Կենտրոն ՀԸ) հաղորդումներում գովազդային ծավալների եւ գովազդի զետեղման` օրենսդրությանը համապատասխանության մոնիտորինգի հաշվետվության արդյունքները:
«Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը Հանրային հեռուստաընկերության առաջին ալիքի եթերում հաղորդումների ընդհանուր ծավալում դիտարկված ժամանակահատվածում գովազդի ծավալի 7 տոկոսը չգերազանցելու նորմի պահպանման մասին ասաց. «Դրականորեն գովելի է ու զարմացնող է, որ նման խախտում չենք արձանագրել, այն դեպքում, երբ 2011-2012-ին այս նորմի խախտումներ բազմիցս գրանցվել են»:
Դիտարկվել են նաև մեկ ժամում 14 րոպե առավելագույն գովազդային ծավալը գերազանցող դեպքերը: Այն մասին պարոն Բարսեղյանն ասաց. «Հ1-ում և հ2-ում այս նորմի խախտում չի գրանցվել: «Արմենիա» հեռուստաընկերության դեպքում՝ 1 դեպք, «Երկիր մեդիայի» դեպքում՝ 3 դեպք, «Կենտրոնի» դեպքում՝ 7 դեպք և «Շանթի» դեպքում՝ 15 դեպք: «Կենտրոնում» դիտարկված 14 րոպեն գերազանցող գովազդների չափերը վայրկյաններ են կազմում: Բոլորս էլ հասկանում ենք, որ ջանացել են տեղավորվել 14 րոպեի մեջ: Բայց «Շանթի» դեպքում դաժան բաներ ունենք՝ 22 րոպե և այլն»:
Պարոն Բարսեղյանը փաստեց նաև, որ բոլոր հեռուստաընկերություններում էլ կան «տուժած հաղորդումներ» այն առումով, որ հաղորդումը 20 րոպե է, բայց ընդմիջվում է գովազդով մեկից ավելի անգամ:
Կարդացեք նաև
Անդրադարձ կատարվեց նաև հնարավոր քողարկված գովազդին, ինչը մեր օրենսդրությամբ սահմանված չէ:
Մեդիափորձագետ Մեսրոպ Հարությունյանը նշեց, որ դեռ նախորդ տարիներին իրենք առաջարկել են կատարել այս օրենսդրական փոփոխությունը, բայց դեռ արձագանք չկա ու հավելեց. «Որևէ կոնկրետ արձագանք իշխանությունների և այն մարմինների կողմից, որոնք պիտի գային այդ արձագանքին, դեռ չենք լսել»:
Շարունակելով հնարավոր քողարկված գովազդի թեման՝ պարոն Հարությունյանն ասաց. «Տեսել եմ սերիալներ, որտեղ, երբ հյուրանոց կամ խանութ են մտնում, լոգոն փակված է: Կարելի է փորձել, որ արտադրությունն այդպես լինի, կամ մտածվի օրենսդրական կարգավորման մի ձև: Ճիշտ կլինի, որ ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը իր գործառույթը կատարի, վերահսկողություն իրականացնի, քանի որ կառավարության լիազոր մարմինը գովազդային օրենսդրության պահպանման ուղղությամբ այդ հանձնաժողովն է»:
Մեսրոպ Հարությունյանն առանձնացրեց այն, որ կարևոր է վերականգնել օրենքի այն դրույթը, որով հանրությունն իրավունք ուներ հանրայինի եթերում նայել հաղորդումներ՝ առանց գովազդային ընդմիջման, ինչպես նախկինում էր: Կամ այն դրույթը, համաձայն որի՝ արգելվում էին հաղորդումներն ավելի հաճախ, քան քսան րոպեն մեկ ընդհատել գովազդով»:
Ամփոփելով՝ պարոն Հարությունյանն ասաց. «Ինչ-որ ձևով օրենքներում պիտի փոփոխություն կատարվի, ինչ- որ ձևով կամ լեգալացվի, կամ արգելվի: Ճիշտ կլինի, որ արտասահմանի օրինակով սահմանվի՝ ինչ է դա և որ դեպքերում է դա թույլատրվում»:
Պարոն Բարսեղյանը, մանրամասնելով ՀՌԱՀ-ի աշխատանքը, նշեց. «Անցյալ տարի մեր ուղարկած հաշվետվությունները հանձնաժողովին իրենք ուղարկել էին Ալեքսան Հարությունյանին, այնտեղից մեկնաբանություն էր ստացել ու ուղարկել մեզ: Փաստորեն, մեզ համար հանձնաժողովը փոստատարի դեր էր ստանձնել, փոխանակ նայեր ինչ նկատողություն ենք արել: Մեկ անգամ էլ պատասխան եկավ, թե մեզ համար ձեր մեկնաբանությունը հասկանալի չէ»:
Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ներկայացված խախտումները նաև հանձնաժողովի անգործության արդյունքո՞ւմ են գրանցվել, պարոն Բարսեղյանը պատասխանեց. «Այն բարեփոխումները, որ նկատեցինք ու շեշտեցինք, կարծում եմ, որ Հ1-ի աշխատանքի ջանքերով է արվել, այլ ոչ թե հանձնաժողովի թելադրանքի: Խոշոր հաշվով դա անգործություն է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































