«Մենք ունենք դեպքեր, որ մարդիկ բողոքում են մեր լրատվությունից, մեր եթերից, բայց երբ նույն այդ մարդկանց հրավիրում ենք՝ խոսելու այդ մասին, իրենք չեն գալիս։ Երբ մեր ընդդիմադիր գործընկերները կամ ընդհանրապես ինչ-որ մեկը բողոքում է, շատ կարևոր է, թե ով է բողոքողը, որովհետև շատ հաճախ մարդիկ բողոքում են, բայց հետո, երբ մենք իրենց հրավիրում ենք, իրենք չեն գալիս պարզապես»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը՝ անդրադառնալով հարցին, որ Հ1-ի եթերն անաչառ չէ։
Հարցին, թե խնդիր չեն տեսնո՞ւմ, որ ընդդիմադիր գործիչներն իրենց մերժում են հարցազրույցներ տալ, Մովսիսյանը պատասխանեց․ «Տեսեք, քանի որ ես շատ հաճախ նաև հետաքրքրվում եմ պատճառներով, թե ինչն է պատճառը, որ մերժում են, դրանք մեծամասամբ քաղաքական չեն, ցավոք սրտի։ Գոնե ասեն՝ քաղաքական է, իմանանք։ Հիմա էթիկապես ճիշտ չէ՝ ես ասեմ, թե ինչ են ասում մարդիկ, բայց ամեն դեպքում քաղաքական չէ պատճառը։ Այսինքն՝ գոնե եթե դա լիներ, հիմա ես կասեի՝ դա բացառապես, բայց դա չէ բացառապես»։
Հարցին, որ ընդդիմադիր դաշտում գործընթացներ կան, երեկ գիշեր «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի առանձնատանը հանդիպում է եղել՝ Հանրային հեռուստատեսությունը դա չի լուսաբանել, ինչո՞ւ, Հովհաննես Մովսիսյանը պատասխանեց․ «Կարծես թե երեկ երեկոյան թողարկման ժամին այդ հանդիպման մասին հայտնի չէր։ Այսօր երեկոյան թողարկումը դեռ չեք հասցրել դիտել, որովհետև եթեր չի գնացել։ Ցերեկայինները, անկեղծ ասած, ես էլ չեմ հասցրել դիտել, չգիտեմ, ես միշտ չէ, որ հասցնում եմ դիտել ժամը 1-ի թողարկումները»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































