Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Պապյան. «Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը թույլ էր»

Դեկտեմբեր 13,2013 18:14

2009 թվականից հետո Ահմեդ Դավութօղլուն առաջին թուրք պաշտոնյան էր, որ ժամանեց Հայաստան, բայց նրան ստիպված եղան հյուրանոցի ետնամուտքից ներս մտցնել՝ դրսում կազմակերպված պիկետի պատճառով: Արդյոք մենք ակնկալիքներ ունեի՞նք այս այցից: Կամ գուցե սահմանների՞ մասին պետք է խոսվեր, ինչը չարվեց, համենայն դեպս թուրքական մամուլը նման հրապարակումներ էր արել: Եվ այս դեպքում՝ մեզնից ո՞վ շահեկան վիճակում հայտնվեց՝ Հայաստա՞նը, թե՞ Թուրքիան,

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը Aravot.am-ի հետ զրույցում պատասխանելով մեր վերոհիշյալ հարցերին` ասաց. «Չեմ կարծում թե մենք ակնկալիքներ ունեինք, որովհետեւ դա հայ-թուրքական այցի շրջանակներում չէր: Թուրքական մամուլը գրել էր այն, ինչ իրենց էր պետք, բայց, ըստ էության դա գրելու հետ միասին նշվել էին նաեւ այն նախապայմանները, որոնցով մենք պետք է հարաբերություններ հաստատենք, խոսքը`Ղարաբաղի առնվազն երկու շրջան զիջելու մասին էր: Սա փորձնական գնդակ էր, որ նետել էին՝ տեսնելու համար, թե ինչ արձագանք կլինի:

Իսկ եթե շահեկանության առումով վերցնենք` արձանագրություններն աշխատում են Ադրբեջանի օգտին եւ շահեկան դիրքում նրանք են, որովհետեւ ստացվում է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ինչ որ գործընթաց կա` երկխոսություն, լեզու գտնելու միտում, որը շահարկվում է: Սակայն իրականության մեջ ոչինչ չկա, բայց դա շահարկվում է թուրքերի կողմից` այն էլ բավականին հաջող»:

Հաջորդ հարցն էր` արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, թույլ չէր արդյո՞ք, որովհետեւ ընդամենն ասվեց, որ հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների, եւ թուրքական կողմի փորձերը, կապել այդ գործընթացը այլ հարցերի հետ, կամ առաջ քաշել նախապայմաններ՝ ապարդյուն են, անիմաստ: Գուցե պետք էր ավելի՞ կոշտ լինել՝ հարցադրմանը պրն Պապյանը պատասխանեց. «Միանշանակ այո, մի շարք պատճառներով: Առաջինը`դրանից առաջ թուրքական կողմը հայտարարել էր նախապայմանների մասին եւ դա էլ ամրագրել Ժնեւյան արձանագրությունների մեջ, այստեղ խոսքը սահմանների ճանաչումն էր, եւ ենթահանձնաժողովի ստեղծումը, երրորդը մնում էր Ղարաբաղի հարցը: Այստեղ ստացվում է մի իրավիճակ, որ մենք սպասողի եւ խնդրողի դերում ենք, բայց ի վերջո Թուրքիան է օկուպացված պահում Հայաստանի Հանրապետության տարածքը, եւ ոչ թե հակառակը, հետեւաբար նաեւ դա պետք էր հիշեցնել: Եվ խոսքը օկուպանտ երկրի արտգործնախարարի մասին է, եւ ուզում եմ շեշտել, որ խոսքը Հայաստանի Հանրապետության տարածքի մասին է, ու ոչ թե պատմական Հայաստանի, եւ որի արտգործնախարարը Էդվարդ Նալբանդյանն է, այսինքն` դրա 70 տոկոսն օկուպացվել է, եւ այնտեղ ասում են՝ առանց նախապայմանների: Արդեն 20 տարի է՝ առանց նախապայմանների ենք շարժվում եւ ոչ մի հաջողության չենք հասել ու իրենք են նախապայմաններ թելադրում: Բայց ժամանակն է, որ մենք նախապայմաններ դնենք: Եվ այն մտավախությունը, թե նախապայմաններ թելադրենք` մեր հարաբերությունները կվատանան՝ այդպես չէ, որովհետեւ այսպես, թե այնպես՝ հարաբերությունները վատ էին: Այդ ե՞րբ են լավ եղել, որ այսօր էլ վատանան, իսկ միգուցե այն ժամանակ, երբ մենք նախապայմաններ դնեինք, կոշտ դիրքեր ունենայինք, եւ այսօր կարողանայինք մեղմել մեր դիրքերը`դիմացը ինչ որ մի բան ստանալով, եւ ոչ թե այս կերպ Ղարաբաղը կդառնար սակարկման առարկա»:

Մյուս հարցին ի պատասխան էլ` Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության առաքելությունը տնտեսական փոխգործակցությունն է, մենք էլ միշտ առաջին պլան ենք մղել տնտեսական հարաբերությունները, սակայն այստեղ հարց է առաջանում` Թուրքիայի հետ ի՞նչ տնտեսական համագործակցության մասին կարող է խոսք լինել, երբ կազմակերպության անդամ երկրներից մեկը շրջափակում է իրականացնում այդ կազմակերպության անդամ մյուս երկրի նկատմամբ, Արա Պապյանը նկատեց. «Այ հենց դա մենք պետք է բազմաթիվ անգամ շեշտեինք, որ Թուրքիան լինելով նախաձեռնող երկիր Սեւծովյան տնտեսական համագործակցության՝ այսօր չի իրականացնում ոգով, փաստաթղթով ամրագրած սկզբունքները: Ի վերջո, Ադրբեջանին կարելի է ինչ որ կերպ հասկանալ, որ ուզում է ներկայացնել, թե Հայաստանը օկուպանտ է, չնայած, որ հակառակն է, բայց Թուրքիան էլ հո տուժող կողմ չէ՞: Ցավոք երբեւէ այդ հարցը չի դրվել և, ըստ էության, Սևծովյան տնտեսական համագործակցությունը կազմակերպության ներսում չկա: Ուրիշ բան, որ կա երկկողմ հայ-թուրքական տնտեսական առեւտուր, այն էլ բավականին մեծ, մոտ 200 մլն, որտեղ ավելի շատ ներմուծում ենք Թուրքիա, քան արտահանում»:

Վերջում Արա Պապյանը հավելեց, որ ցանկացած կազմակերպության, որին մենք անդամակցում ենք՝ նպատակը պետք է լինի այն, որ այդ կազմակերպությունն օգտագործենք ի շահ Հայաստանի, այնինչ, շատ հաճախ այդ կազմակերպություններին անդամակցելը մեր պարագայում ձեւական է լինում:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031