Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում նվազում է հայախոսների թիվը». «Իրատես de facto»

Դեկտեմբեր 24,2013 11:51

Ռուսերենը աշխատանքային լեզու հռչակելու, ռուսալեզու գիմնազիա բացելու առաջարկները, ինչպես և կարելի էր ենթադրել, միանշանակ չընդունվեցին մեզանում։ Այսպես ասած՝ ռուսականացման վտանգը դժգոհությունների ալիք բարձրացրեց։ Դառը փորձը շատ հեռու անցյալում չի մնացել։ Այս անգամ, ինչպես նկատում է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի և Էջմիածնի Գևորգ֊յան ճեմարանի հայոց լեզվի դասախոս, դոցենտ ԴԱՎԻԹ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆԸ, հայերենը վտանգված է անկախ Հայաստանում։

 – Ինչո՞ւ է մեզանում օտար լեզվի յուրացումը հայերենի հաշվին արվում, ինչո՞վ է դա պայմանավորված։

– Ազգային արժանապատվության պակաս կա մեզանում։ Ազգային արժանապատվության պակասի դրսևորում է, երբ Հայաստանի կառավարության անդամը օտար լեզվով խաղ է խաղում հայկական հեռուստատեսությամբ և դեռ հիմնավորում է, թե այդ հաղորդումը մեր երկրի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար է (մենք էլ միամիտ ենք, հավատում ենք. կանգնես ու հարցնես այդ փոքրամասնությունների ազգային ո՞ր խնդիրն եք լուծում օտար լեզվով խաղալով):

Ազգային արժանապատվության պակասի դրսևորում է, երբ հայ գործարարն իր հայրենիքում օտար տառերով և օտար անունով է «զարդարում» իր գործատեղին, աշխատանոցը։

Ազգային արժանապատվության պակասի դրսևորում է, երբ հայ ծնողները պատրաստ են անգամ խաբեության, ինչ-ինչ մեքենայությունների, միայն թե իրենց զավակը տեղավորվի ռուսերենով ուսուցմամբ դասարան։ Այսպես երկար կարելի է շարունակել։

Մենք կողմ ենք օտար լեզուների ուսուցմանը, ըստ ամենայնի յուրացմանը, բայց ոչ հայերենի հաշվին, ո՛չ հայերենի գործածության շրջանակները նեղացնելով և մեր հրաշալի լեզվի վարկը գցելով։

Արտագաղթը, ասել է թե՝ հայախոս մարդկանց երկրից հեռանալը, վտանգո՞ւմ է լեզուն։

– Քանիցս ասել եմ, որ արտագաղթը ոչ միայն տկարացնում է երկիրը, նրա տնտեսությունը, բանակը, այլև մեծապես վտանգում է հայերենի ապագան։ Մեր հայրենակիցների զավակները օտար երկրներում շատ շուտ կորցնում են հայերենը կամ այն իմանում են կենցաղային մակարդակով։ Իսկ Հայաստանում նվազում է հայախոսների թիվը։ Այս պայմաններում լեզվի զարգացման մասին խոսք լինել չի կարող։ Հայախոսության շրջանակի նեղացումը, գործածության ոլորտների սահմանափակումը լուրջ վտանգ են ներկայացնում հայերենի ապագային։ Մենք վիճակագրական հավաստի տվյալներ չունենք, թե հայության որ տոկոսն է խոսում հայերեն և ինչ չափով է տիրապետում հայերենին։ Ավելին, այն պնդումը, թե հայերենը աշխարհի կենդանի լեզուների շարքում 38– րդ տեղն է գրավում, հնացած տվյալ է, նոր փաստերով այն չի վավերացվում։

Օտար լեզուներին այդքան տուրք ենք տալիս, բայց թարգմանությունը մեզ համար թիվ մեկ խնդիր Է։ Այս հակասությունը ինչպե՞ս եք բացատրում։

– Մեզանում հրաշալի թարգմանություններ կան սկսած 5-րդ դարի առաջին թարգմանությունից, որ Աստվածաշունչ մատյանն էր։ Փառահեղ թարգմանություններ միշտ ունեցել ենք, միջնադարից սկսած մինչև մեր օրերը։ Այսօր էլ հմուտ թարգմանիչները եվրոպական և արևելյան լեզուներից ընտիր թարգմանություններ են մատուցում հայ ընթերցողին։ Այն, որ հայ պաշտոնյան հանրության առջև խոսում է օտար լեզվով, և այդ խոսքը հայերեն չի թարգմանվում, դեռ չի նշանակում, թե թարգմանիչներ չունենք։ Կամ Երևանում հնչող անգլերեն, ֆրանսերեն և գերմաներն խոսքը թարգմանում են ոչ թե հայերեն, այլ մեկ այլ օտար լեզվով՝ ռուսերեն, կրկին թարգմանիչների չգոյության փաստ չէ, այլ ազգային արժանապատվության պակասի ևս մեկ դրսևորում։ Եվ օրենքի խախտում։

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031