Լրահոս
Օրվա լրահոսը

Կենսաթոշակային նոր համակարգին դեմ քաղաքացի. «Կառավարությունն ասում է՝ եկեք հասարակության համար դագաղ կառուցենք»

Դեկտեմբեր 27,2013 18:07

«Պետությունը չի ապահովել տնտեսական աճ, ունի թոշակառուների թվի աճ և ծախսեր, որոնք ինչ-որ ձևով պիտի փակել: Երկիրն այսօր ունի ահռելի պարտքեր, ուստի պետք է ներգրավել այս շուկա նոր ֆինանսական միջոցներ, ինչը փորձում են անել ֆոնդերի միջոցով, իսկ ֆոնդերը ներդրումներ են պահանջում»,- այսօր «Peoplemeter» մամուլի ակումբում հայտարարեց «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարումների» նախաձեռնող խմբի անդամ, ծրագրավորող Գևորգ Գորգիսյանը: Շարունակելով պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգից բխող խնդրահարույց հարցերը՝ Գևորգ Գորգիսյանն ասաց. «Սա արվում է վերահաս տնտեսական ճգնաժամը կանխելու համար, ուստի ֆոնդերն էլ ասում են, որ նաև պետք է երկիրը ներդրումներ անի, դրա համար էլ գումարներ են հավաքում»: Նա կառավարության նախաձեռնությունը աբսուրդ համարեց ու մանրամասնեց. «Կառավարությունն ասում է, թե հասարակությունը ծերացող է, դրա համար էլ այս բարեփոխումներն իրականացվում են: Բայց դրանում տրամաբանություն լինել չի կարող, դա ավելի շատ արտագաղթի խնդիր է: Ստացվում է, որ հասարակությունն ասում է, թե  հասարակությունը հիվանդ է, եկեք դագաղ կառուցենք»:

«Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարումների» նախաձեռնող խմբի անդամները մի շարք խնդիրներ են առաջ քաշում. «Նախ վճարելու ենք ոչ թե 5%, այլ 6,6 – 13,5%: Բացի այդ, քաղաքացին նաև ստիպված է լինելու ձեռք բերել ID քարտ և այն ընթերցող սարք, որի համար պիտի վճարի 9000 դրամ: Պետությունը իր մասնակցությունը սահմնափակել է 25’000 դրամով, որը ոչ մի ձև չի ինդեքսավորվում, և գնաճի ու դրամի արժեզրկման պարագայում այս գումարի գնողունակությունը տարիներ անց կարող է անհամեմատ նվազել: Իրականում ֆոնդերում առկա գումարները քաղաքացին կարող է ստանալ միայն թոշակային տարիքի հասնելու դեպքում, այն էլ՝ միայն ամսական վճարումների տեսքով: Կա իհարկե բացառություն, եթե քաղաքացին անբուժելի հիվանդ է կամ հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից և հեռանում երկրից: Նույնիսկ քաղաքացու մահվանից հետո նրա ժառանգները կուտակված գումարից առձեռն կարող են ստանալ ընդամենը հիմնական կենսաթոշակի քսանհինգապատիկը, այսինքն 10500 * 25= 262’500 , իսկ մնացածը փոխանցվելու է ժառանգների կուտակային կենսաթոշակային հաշվին և այդպես շարունակ»: Գևորգ Գորգիսյանն անդրադարձավ նաև վարչապետի՝ «Baby Boom»-ի հետ կապված հայտարարություններին. «Վարչապետն իր ելույթում նշեց, որ 2-րդ համաշխարհային պատերազմից հետո «Baby Boom»-ի արդյունքում առաջիկա 10 տարիների ընթացքում մենք ունենալու ենք թոշակառուների թվի կտրուկ աճ: Պարզաբանեմ, «Baby Boom»-ը հետպատերազմյան առաջին տասնամյակում ծնելիության կտրուկ աճն է: Այսինքն խոսքը գնում է 1949-1959թթ ծնվածների մասի, ովքեր կհասնեն թոշակային տարիքի 2012-2022թթ: Բայց նշյալ քաղաքացիները կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներ չեն և շարունակելու են ստանալ պետական կենսաթոշակ»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ արդյոք ՀՀ կառավարություն այս բոլոր խնդիրները չի՞ գիտակցում, թե՞ ինչ-ինչ դրդապատճառներից ելնելով աչք է փակում: Իրավաբան Մարիաննա Քալիշյանը պատասխանեց. «Կառավարությունը լավ էլ գիտակցում է, թե ինչ բարեփոխում է պատրաստել քաղաքացիների վրա:Նույնիսկ այնպիսի տպավորություն է, որ այս օրենքը իրավաբան չի գրել, քանի որ այստեղ նշված է, թե պարտադիր բաղադրիչը կարգավորվում  է ՀՀ սահմանադրությամբ: Ո՞նց կարող է նման բան լինել, որ նշանակում է, որ իրենք շատ էլ լավ գիտի: Անգամ Չիլիում բարեփոխումները չեն արվել մերի նման»:

Ծրագրավորող Արսեն Մանուկյանն էլ ասաց, թե իրենք շարունակելու են պայքարը ավելի մեծ թվով քաղաքացիների մասնակցությամբ, քանի որ կարծում են, որ «ասելով, թե միևնույն է ոչինչ չի փոխվում ու չպայքարել, դրանով խնդիր լուծել հնարավոր չէ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031