Այսօր առողջապահության նախարարության Մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը նախարարությունում տեղի ունեցած ասուլիսում հայտնեց, որ հատկապես վերջին տարում մեր երկիրը Մայրական եւ մանկական մահացությունների ցուցանիշներով «բավականին լավ արդյունքներ է գրանցել»:
1000 ծնունդի հաշվարկով մանկական մահացությունը գրանցվել է 10 պրոմիլեից ներքեւ:

Նորածնային մահերը 2008-ին եղել է 8,3 %, 2012-ին`7,9 %: 1/3 տոկոսով կրճատվել է 1-5 տարեկան երեխաների մահացության ցուցանիշները: 0-1 տարեկան երեխաների դեպքում էլ մահացությունը 10,7-ից կրճատվել է՝ դառնալով 9,7:
Կարդացեք նաև
Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն ասաց, որ այս օրերին Ռուսաստանի Դաշնությունում կարմրուկ է տարածված, սակայն հիվանդությունը չի սպառնում մեր երկիր թափանցել, քանի որ պատվաստվածության մակարդակը Հայաստանում շատ բարձր է եւ որ հարեւան Վրաստանի օրինակով տեսանելի էր, թե ինչպես մեր երկիրը խուսափեց կարմրուկից եւ արձանագրված դեպքերն էլ միմիայն բերովի էին:
Տիկին Սահակյանի խոսքերով՝ ռոտավիրուսային պատվաստանյութը ներդրվելուց հետո մեր երկրում 2013-ին կտրուկ նվազել է նաեւ այդ հիվանդությամբ վարակվող մանուկների թիվը: Ըստ Գայանե Սահակյանի, պատվաստանյութերը հնդկական կամ անհայտ ծագման երկրների չեն, ինչպես որ տարածված է բնակչության շրջանում, այլ` ֆրանսիական, բելգիական ու կանադական: Եվ ոչ էլ ժամկետանց են. ներկայիս խմբաքանակի պիտանելության ժամկետը մինչեւ 2016 թվականն է:
Այն կարծիքին էլ, թե եթե տվյալ հիվանդությունը մեր երկրում վերացած է, ինչո՞ւ պատվաստվել, տիկին Սարիբեկյանը պատասխանում է. «Եթե հարեւան երկրներում կամ աշխարհում կա, կարող է հարուցիչը գալ նաեւ մեր երկիր»: Պատվաստվելուց հրաժարվում են աղանդավոր ընտանիքները:
Գ. Սահակյանը նաեւ ասաց, որ պատվաստանյութից չի կարող զարգանալ աուտիզմ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ


















































