Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ես նույնիսկ մարդ սպանեմ, չեմ փոշմանի, որ սպանել եմ». Նիկոլայ Ծատուրյան. (Տեսանյութ)

Մարտ 06,2014 17:50

Ինչպես հայտնի է, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանը  նախորդ օրը իր պաշտոնը ինքնակամ հանձնել է թատրոնի երիտասարդ կադրերից մեկին` Լյուդվիգ Հարությունյանին: Նա թատրոնի տնօրենին խնդրել էր կառուցվածքային փոփոխություն կատարել, թատրոնի գլխավոր ռեժիսոր նշանակել, այսպես ասած՝ իր աճեցրած կադրին, իսկ իրեն հանձնել թատրոնի գեղարվեստական խորհրդատուի աշխատանքը:

Այսօր պարոն Ծատուրյանը, թատրոնի մենեջեր Տիգրան Վիրաբյանի ու նորանշանակ գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանի հետ  մամուլի ասուլիս էր հրավիրել՝ պարզաբանելու թատրոնում կատարված կառուցվածքային փոփոխությունները: Զգացվում էր, որ Նիկոլայ Ծատուրյանի տրամադրությունը անչափ բարձր է, նա մերթընդմերթ կատակներ էր անում:

Պարոն Ծատուրյանը իր խոսքը սկսեց այսպես. «Ես գիտեմ լրատվամիջոցներին շատ է հետաքրքրում սենսացիան, բա սա սենսացիա չէ՞, որ Հայաստան երկրում ինչ-որ մեկը հոժարակամ, ղեկավարը իր պաշտոնը հանձնում է ուրիշի: Իսկապես սենսացիա է: Դրա համար էլ էսպիսի մեծ ալիք առաջացավ, բայց դրանով սենսացիան չի վերջանա, որովհետև, եթե էդպիսի մի երևույթ լինում է, մի բանը հանձնում են, ինչո՞ւ են հանձնում, որովհետև իրենք քանդել են հիմնարկը, քանդում են, տալիս են ուրիշին: Էստեղ ասեմ, որ ընդհակառակն է, քանի որ մենք հիմա շատ լավ վիճակում ենք, գոնե իմ ղեկավարման 10 տարվա ընթացքում ամենալավ վիճակում ենք, դրա համար էլ շատ համարձակորեն հանձնում եմ իմ կրտսեր գործընկերոջը, որի հետ արդեն 4-5 տարի աշխատում եմ, աճեցնում: Ասեմ, որ այս գաղափարը շատ ավելի վաղ է ծնվել, դեռևս մի երկու տարի առաջ տնօրենի հետ խոսում էինք, ասում էինք, աճում է թատրոնի ղեկավարը: Էդ ժամանակ, որ իրեն ասում էինք, վախեցած ասում էր` չէ, վայ, պարոն Ծատուրյան…Ես երկու տարվա մեջ իր վախը բռնեցի: Հիմա էլի է վախենում, բայց էդքան՝ չէ»:

Թատրոնի տնօրենը, ըստ պարոն Ծատուրյանի, սկզբում տարակուսել է իր առաջարկից, բայց հետո հասկացել է, որ ժամանակն է: Նիկոլայ Ծատուրյանի ներկայացմամբ, Լյուդվիգ Հարությունյանի «Ինչո՞ւ էսպես չարացանք» ներկայացումը մեծ արձագանք է գտել Երևանում ու նա արժանացել է «Արտավազդ» մրցանակի: «Ես մտածում էի վաղվա օրվա մասին, հո մենք մշտնջենական չենք, շատ մարդիկ մտածում են ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ, իսկ ես անպայման ուզում եմ թողնեմ իմ հետևից մի հետք, դրանով է մարդ հետաքրքիր: Իսկ եթե ոչ մի հետք չի թողնում գնում, կորչում է»:

Նիկոլայ Ծատուրյանն ասաց, որ Գյումրու թատրոնը չափից ավելի շատ է սիրում, այն ունի հրաշալի կոլեկտիվ և չկան անհամ բաներ, հանգիստ վիճակ է: «Եվ որովհետև ես շատ եմ սիրում մեր թատրոնը ու չեմ կարող թողնել, գնալ, որոշեցինք, որ ես կմնամ գեղարվեստական խորհրդատու, որպեսզի հետևեմ և սատար լինեմ իմ կրտսեր ընկերոջը, որպեսզի նա սխալներ չգործի, որովհետև դեռ ջահել է` 33 տարեկանում Քրիստոսին խաչեցին…»:

Նիկոլայ Ծատուրյանն ասաց նաև, որ իր հետ տարօրինակ մի բան է կատարվում. այժմ ավելի պատասխանատու է իրեն զգում, քան գեղարվեստական ղեկավարի պաշտոնում: Ըստ նրա, այժմ ավելի հաճախ է լինելու Գյումրիում, չնայած որ հոգնում է ճանապարհներից, քանի որ մեքենան ինքն է վարում:

Այն հարցին էլ, թե հնարավո՞ր է պարոն Ծատուրյանը փոշմանի այսպիսի որոշում կայացնելու համար, ասաց. «Եթե ես նույնիսկ մարդ սպանեմ, չեմ փոշմանի, որ սպանել եմ, ոչ մի արածիս համար չեմ փոշմանում: Ես չեմ փոշմանել, որ բաժանվել եմ կնոջիցս, ես չեմ փոշմանել, որ եկել եմ էստեղ, չեմ փոշմանել, որ հիմա գնում եմ, չեմ փոշմանել, որ թողեցի Մետրո թատրոնը, չեմ փոշմանել, որ Արցախը մերն է հիմա… ամեն ինչ նորմալ է, ես ոչ մի բանի համար չեմ փոշմանում, ավելին ասեմ, ամեն մի քայլ անելուց առաջ ես ծանրութեթև եմ անում հասկանալու համար`ինչ եմ կորցնում և ինչ եմ ձեռք բերում: Ձեռք բերեցի մի հիանալի մարդ, ես ասեմ, որ ապագան այս երկուսի ձեռքում է ­(խոսքը իր կողքը նստած Տիգրան Վիրաբյանի ու Լյուդվիգ Հարությունյանի մասին է Ա.Ն.) »:

Վերջինս, դերի մեջ մտնելով ասաց, որ Հայաստանում շատ շատերի համար կարևոր դարձած «սեղան պաշտոն, դիրք կոստյում, շալվար` գալստուկ» կորցնելը իրեն ոչ մի ցավ չի պատճառում: «Ես կաբինետ ունեմ այստեղ, բայց ժողովուրդը թող ասի ես էդ կաբինետում մի շաբաթ եմ եղել էս 10 տարվա ընթացքում: Իհարկե, գեղարվեստական ղեկավար անմիջական լինելը ուրիշ է, բայց նորից եմ ասում, չեմ փոշմանում, որ էս քայլն անում եմ, որովհետև հանձնում եմ մի մարդու, որին շատ եմ վստահում»:

Ի դեպ, բանախոսների կողմից մեկ անգամ ևս շեշտվեց, որ այս փոփոխությունը կապ չունի մշակույթի նախարարի ու Նիկոլայ Ծատուրյանի միջև ծագած միջադեպի հետ, համաձայն որի կաթողիկոսը իրեն սատանա անվանելու համար տիկին Պողոսյանին խնդրել էր աշխատանքից ազատել Նիկոլայ Ծատուրյանին: Նիկոլայ Ծատուրյանն ասաց, որ իր այս որոշումը ոչ մի կապ չունի այդ պատմության հետ, թեև նման բան չէր էլ եղել, այլ նման որոշման միակ պատճառն այն է, որ ինքը շատ է սիրում նվեր տալ:

Մանրամասները`տեսանյութում:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Պավել Գասպարյան says:

    ինձ շատ հետաքրքիրէ էդ թատրոնի տնօրենը ուր է, որ ?թատրոնի մենեջերը գլխավոր դերակատար է դարձել ?էնտեղ հանրույթ կա չէ?

  2. Hamlet Mosinyan says:

    ՆԱ ՉԻ ՓՈՇՄԱՆԵԼ, ՈՐ ԱՐՑԱԽԸ ՄԵՐՆ Է ՀԻՄԱ
    ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԱՄԵՍՏ ԵՎ ԽԵԼԱՑԻ ՄԱՐԴԸ
    Ինչպիսի սենսացիա՝ մեծն Նիկոլայ Ծատուրյանը փոխել է իր պաշտոնի անունը: Ասում է՝ §Դրա համար էլ էսպիսի մեծ ալիք առաջացավ¦: Մեծ ալիքն այն խոսքը չէ: Ցունամի է առաջացել, ամբողջ թատերական աշխարհը տակնուվրա է եղել, հուզմունքի մեջ է ընկել, մարդիկ իրար են խառնվել՝ տեսնես ո՞նց կլինի Գյումրու թատրոնի վիճակը: Ռուսաստանում ռուբլին ընկավ, բորսաներում խուճապ է: §Օսկարի¦ մրցանակաբաշխությունը քիչ էր մնում հետաձգվեր: Օբաման հեռաձգեց իր ձկնորսության գնալը: Կիեւի մեյդանից խնդրում են հետ կանգնել այդ ազգակործան քայլից, իսկ եթե ոչ առաջարկում են գնալ եւ Կիեւի պետթատրոնը եւս ոտքի կանգնեցնել:
    Ասում է՝ §Բայց դրանով սենսացիան չի վերջանա¦: Վայ մեզ, տեսնես սրանից էն կողմ էլ ինչ պիտի էս մարդը մեր գլխին բերի:
    Ասում է՝ §Իմ ղեկավարման 10 տարվա ընթացքում ամենալավ վիճակում ենք¦: Մտածում ես, որ թատրոնը տնօրեն չունի: Բայց հետո ասում է՝ §Դեռևս մի երկու տարի առաջ տնօրենի հետ խոսում էինք, ասում էինք, աճում է թատրոնի ղեկավարը¦:
    Թատրոնի տնօրենը, ըստ պարոն Ծատուրյանի, սկզբում տարակուսել է իր առաջարկից, բայց հետո հասկացել է:
    Լավ պրծանք, տնօրենը հասկացող է:
    Ասում է՝ §Ես անպայման ուզում եմ թողնեմ իմ հետևից մի հետք¦: Մի հետք թողել է՝ անհետ կորած 25 հազար դոլարը, որը բարերարը նվիրել էր Գյումրու թատրոնի հոգսերը պակասեցնելու համար: Նրա լեզվից վախենալով, մարզի իշխանությունները լռության են մատնում այս հանցանքը: Իսկ թե դատախազությունն ինչու է լռում, չգիտեմ:
    Ասում է՝ §Ես կաբինետ ունեմ այստեղ, բայց ժողովուրդը թող ասի ես էդ կաբինետում մի շաբաթ եմ եղե՞լ էս 10 տարվա ընթացքում¦: Վերջապես խոստովանեց, որ կոլեկտիվը ճիշտ է իրեն հեռակայող աշխատող անվանել: Հիմա հեռակայելը օրինական տեսքի բերվեց՝ խորհրդի կարիք ունե՞ք, զանգեք՝ եւ ստացեք: Աշխատավարձն էլ բերեք Երեւանում ստանամ:
    Ասում է՝ §Որոշման միակ պատճառն այն է, որ ինքը շատ է սիրում նվեր տալ¦: Ողբամ վիճակդ, պետթատրոն եւ մշնախ, որ պետական հիմնարկում պաշտոնը ինչ որ մեկը կարող է նվեր տալ ինչ որ մեկին:

    Ասում է՝ «,Եթե ես նույնիսկ մարդ սպանեմ, չեմ փոշմանի, որ սպանել եմ, ոչ մի արածիս համար չեմ փոշմանում: Ես չեմ փոշմանել, որ բաժանվել եմ կնոջիցս, ես չեմ փոշմանել, որ եկել եմ էստեղ, չեմ փոշմանել, որ հիմա գնում եմ, չեմ փոշմանել, որ թողեցի Մետրո թատրոնը, չեմ փոշմանել, որ Արցախը մերն է հիմա»:
    Ինչ հայրենասեր մարդ է: Բա որ փոշմանած լիներ Արցախի հարցում…Էստեղ էլ լավ պրծանք…

Պատասխանել Պավել Գասպարյան

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31