Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունց. «Հարսնաքարի գործով մեղադրանքն ու վճիռը չեն համապատասխանում հանցագործության բուն էությանը»

Մարտ 24,2014 17:27

«Հարսնաքարի գործով մեղադրանքն ու վճիռը չեն համապատասխանում հանցագործության բուն էությանը»,-Aravot.am-ի հարցին` «Հարսնաքարի գործով» վճիռը համարժե՞ք էր տեղի ունեցածին, այսպես պատասխանեց իրավապաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Հիշեցնենք, որ այսօր հրապարակվել է «Հարսնաքարի» գործով  դատավճիռը,  համաձայն որի` Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Խաչատրյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանը, Արթուր Բաբլոյանը դատապարտվել են 12 տարվա ազատազրկման, 100 հազար դրամ տուգանքի:

Հունիսի 17-ի երեկոյան ռազմական բժիշկ Վահե Ավետյանն ու ռազմական հոսպիտալի մեկ այլ աշխատակից` Արտակ Բայադյանը, Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանի անվտանգության աշխատակիցների կողմից դաժան ծեծի էին ենթարկվել: Վահե Ավետյանը մահացել էր: Ուստի դատավարության ողջ ընթացքում Վահե Ավետյանի երկայացուցիչները պահանջում էին Վահե Ավետյանին ծեծելով մահվան հասցնելու մեղադրանքը փոխարինել  սպանության մեղադրանքով:

Aravot.am-ը զրուցեց ակտիվիստ Դավիթ Սանասարյանի հետ, ով այսօր` վճռի հրապարակման օրը, ներկա է գտնվել դատարանում: Հետաքրքրվեցինք` վճիռը համարժե՞ք էր կատարվածին: Դավիթ Սանասարյանը պատասխանեց. «Գործը կոծկվել է կամ կիսակոծկվել է մինչ դատարանը: Դատարանում  չհնչեցին այն մեղավորների անունները, ում անունները պիտի հնչեին: Իրենց ներկայացրած մեղադրանքի առումով վճիռը խստագույնն էր, բայց տուժող կողմը պահանջում էր, որ կատարվածը որակվեր` որպես սպանություն, ոչ թե ծեծի արդյունքում տեղի ունեցած մահ: Ամեն դեպքում գործը կոծկված մտել է դատարան»: Դավիթ Սանասարյանը նաև շեշտեց այն հանգամանքը, որ չի բավարարվել տուժող կողմի երկայացուցիչների այն պահանջը համաձայն որի` մեղավորներն այդքանը չէին, այլ նրանց թիվն ավելին է եղել. «Հիմք չունեմ տուժողներին չհավատալու, քանի որ բոլորը նույն բանն էին ասում և առանձին-  առանձին: Ես չլսեցի Ռուբեն Հայրապետյանի անունը, ով այդ մթնոլորտի պատասխանատուն էր: Այնինչ տուժող կողմի փաստաբանները ամբողջ գործի ընթացքում նշել ու հիմնավորվել էին, որ դա պիտի լինի սպանություն, այլ ոչ թե ուղղակի ծեծի արդյունքում գրանցված մահ»:

Արթուր Սաքունցը նույն հարցի կապակցությամբ փոխանցեց հետևյալը. «Միանշանակ է, որ եղել է սպանություն, ընդ որում խմբակային սպանություն: Փաստորեն, հոդվածները, որոնց հիման վրա մեղադրանք է առաջադրվել, չեն համապատասխանում արարքին: Հրահանգավորողի` Ռուբեն Հայրապետյանի մասնակցության հարցը պատշաճ քննության չարժանացավ, քննության առարկա չդարձան գործող անձանց` նրա հետ ունեցած հեռախոսազրույցները, ինչը չապահովեց քննության օբյեկտիվությունը, լրիվությունն  ու բազմակողմանիությունը: Հարսնաքարի գործը չբացահայտվեց, այստեղ արդարություն չկա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31