Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչև հիմա տրվել է տնային տնտեսություն հասկացության սահմանումը, բայց ոչ՝ ընտանիքի» (տեսանյութ)

Մայիս 15,2014 23:54

«Մեդիա կենտրոն», մայիսի 15, 2014թ.: Այսօր Մեդիա կենտրոնում առաջին անգամ հանրությանը ներկայացվեց «Ընտանիքի ազգային քաղաքականության ռազմավարության» նոր հայեցակարգը, որում մասնավորապես առաջարկվում է իրավական սահմանում տալ ընտանիք հասկացությանը:

Հայեցակարգի ստեղծման աշխատանքային խմբի և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կից՝ երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումների փորձագիտական խմբի անդամ Վարդան Գևորգյանը նշեց, որ ընտանիքի իրավական սահմանումը Հայաստանում առաջին անգամ է ձեռնարկվում: Ըստ բանախոսի՝ մինչև հիմա տրվել է տնային տնտեսություն հասկացության սահմանումը, բայց ոչ՝ ընտանիքի:

Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած ասուլիսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները՝ նախարարի խորհրդական Դավիթ Հակոբյանը և նախարարությանը կից Երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումների փորձագիտական խմբի անդամ Վարդան Գևորգյանը անդրադարձան Հայաստանում ընտանիքի քաղաքականության ռազմավարությանը և երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին:

Վարդան Գևորգյանը մատնանշեց, որ «Ընտանիքի ազգային քաղաքականության ռազմավարության» նոր հայեցակարգով տրվելու են 21-րդ դարում նախընտրելի ընտանիքի մոդելների առաջարկները՝ խրախուսելով մայր-հայր-երեխա մոդելի ընտանիքը: Գևորգյանն ընդգծեց, որ չեն խրախուսվելու արևմուտքում տարածված նույնասեռականների, միայնակ մայրերի կամ նմանատիպ այլ տեսակի ընտանիքները: Հայեցակարգը դրվելու է հանրային քննարկման:

Ասուլիսի ամբողջական տեսագրությունը դիտեք այստեղ

ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2014թ.-ը հայտարարված է ընտանիքի տարի. կառավարությունն իրականացնում է երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներ, որոնց հիմնական նպատակը երեխային հասարակությունից չմեկուսացնելն է և ընտանիքում ապրելու իրավունքի պաշտպանումն ու սոցիալականացումը:

«Երեխաների սոցիալականացման լավագույն միջավայրը ընտանիքն է և մեր գործողությունները միտված են մանկատների և նմանատիպ հաստատությունների բեռնաթափմանը՝ երեխաներին ընտանիքներ վերադարձնելու և այլընտրանքային հաստատություններում ներգրավելու միջոցով»,- ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Դավիթ Հակոբյանը՝ նշելով, որ նախարարության համակարգում այժմ գործում են 6 մանկատներ և 8 գիշերօթիկ հաստատություններ:

«Մինչև հիմա խնամքի կարիք ունեցող երեխաների հարցերը կարգավորվել են խորհրդային համակարգի իներցիայով՝ նման երեխաներին միանգամից ուղղորդելով մանկատներ»,- ասաց Վարդան Գևորգյանը՝ շեշտելով, որ այլընտրանքային խնամքի տարբերակները միայն խնամատար ընտանիքները չեն, եթե հնարավորություն կա, պետք է փորձել երեխաներին վերադարձնել կենսաբանական ընտանիք:

«Մենք աշխատում ենք այն սկզբունքով, որ ցանկացած հարց կարելի է հետաձգել, բացի՝ երեխաներին վերաբերող հարցերից»,- ավելացրեց Հակոբյանը:

Վարդան Գևորգյանի կարծիքով՝ երեխաների պաշտպանության ոլորտում առաջնահերթ խնդիրներից է աղքատ ընտանիքների և առանց խնամքի մնացած երեխաների հանդեպ հոգատարության ստանձնումն ու նրանց մուրացկանությունից և այլ բացասական հետևանքներից պաշտպանումը:

«Մեդիա կենտրոնում» ասուլիսը կազմակերպվել էր Ընտանիքի միջազգային օրվա՝ մայիսի 15-ի կապակցությամբ, որը 1993թ. սահմանել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան: ՀՀ-ն ընտանիքի օրը նշում է 2011թ.-ի փետրվարի 9-ից, երբ ԱԺ-ն ընդունեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը: Պատգամավորները օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորել են նրանով, որ ընտանիքը, լինելով հասարակության բնական և հիմնական բջիջը, Հայաստանի Հանրապետությունում գտնվում է պետության հովանավորության և պաշտպանության ներքո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031