Ապրիլի 27-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Կանայք՝ նախընտրական Հայաստանում. կա՞ սեռով պայմանավորված խտրականություն» թեմայով քննարկումը։
Բանախոսներն էին իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավարի տեղակալ Լիլիթ Վարագյանը։
Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նախընտրական գործընթացներում կանանց ներկայացվածությանը, սեռով պայմանավորված հնարավոր խտրականության դրսևորումներին, մայրության ու ընտանեկան դերերի շահարկմանը քաղաքական ու իրավական համատեքստում, ինչպես նաև առավել ներառական ու հավասար նախընտրական միջավայր ձևավորելու ուղիներին։
Կանանց ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում շարունակում է մնալ մարտահրավեր, թեև այն կարգավորվում է Ընտրական օրենսգրքով, ըստ որի՝ ընտրական ցուցակներում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չի կարող 30 տոկոսից պակաս լինել։
Կարդացեք նաև
Քննարկման ընթացքում նշվեց, որ որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ դժգոհում են, թե դժվար է յուրաքանչյուր երրորդ տեղի համար կին թեկնածու գտնել։ Ի պատասխան՝ Հովհաննիսյանը շեշտեց, որ կուսակցությունները չպետք է կանանց ներգրավվածության մասին մտածեն միայն ընտրություններից առաջ։ Նրա խոսքով՝ կուսակցաշինությունը հենց այն գործընթացն է, որը պետք է ապահովի հասարակության լիարժեք ներկայացվածությունը, հատկապես այն պայմաններում, երբ Հայաստանի բնակչության մեծ մասը կանայք են, և նրանք ունեն բավարար կրթական ու մասնագիտական ներուժ։
Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ խնդիրը միայն ցուցակներում կանանց թվաքանակը չէ․ կանայք շարունակում են քիչ ներկայացված լինել կուսակցությունների ղեկավար մարմիններում և որոշումների կայացման մակարդակում։ Նա ընդգծեց, որ թեև օրենքը սահմանում է 30/70 հարաբերակցություն և նույնիսկ խրախուսման մեխանիզմներ է նախատեսում, դա առայժմ էական փոփոխություն չի բերել կուսակցությունների մոտեցումներում։
Նրա խոսքով՝ ընտրացուցակների անցողիկ տեղերում կանանց ներկայությունը շարունակում է սահմանափակ մնալ, ինչը ցույց է տալիս, որ ձևական քվոտան միշտ չէ, որ վերածվում է իրական քաղաքական ներկայացվածության։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչը նշեց, որ սեռով պայմանավորված խտրականության կոնկրետ դեպքերի վերաբերյալ դիմումներ չեն ստացվել։ Նրա խոսքով՝ ՄԻՊ-ը ընտրական գործընթացների մոնիթորինգ իրականացնող մարմին չէ, սակայն ընտրական իրավունքների պաշտպանության շրջանակում պատրաստ է արձագանքել հնարավոր խնդիրների դեպքում։
Ամփոփելով՝ քննարկման մասնակիցները շեշտեցին, որ թեև կանանց քաղաքական մասնակցության ապահովման համար իրավական մեխանիզմներ գոյություն ունեն, դրանց գործնական արդյունավետությունը դեռ հարցականի տակ է։
Քննարկման առանցքային ուղերձն այն էր, որ կանանց ներգրավվածությունը չպետք է սահմանափակվի ձևական քվոտաներով, այլ պետք է արտահայտվի որոշումների կայացման մակարդակում իրական ներկայացվածությամբ, իսկ նախընտրական միջավայրը պետք է զերծ լինի սեռով պայմանավորված թիրախավորումից ու խտրական դրսևորումներից։ Քննարկման ավարտին բանախոսները նաև արձանագրեցին, որ հասարակական ու քաղաքական իրականության մեջ դեռևս շարունակվում են նկատելի մնալ գենդերային անհավասարության դրսևորումները, և որ մենք դեռևս շարունակում ենք ապրել «տղամարդկանց աշխարհում»։
Քննարկումն ացկացվում է «Մեդիա կենտրոն. քաղաքացիական հասարակության արագ արձագանք արդար ընտրությունների համար» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ որպես «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» նախաձեռնության մաս։
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հանրային լրագրության ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տեսակետները։
Մեդիա կենտրոն

















































