Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ծանրորդները վճռական են տրամադրված

Հուլիս 16,2014 13:45

Հուլիսի 10-ին «Առավոտին» տված հարցազրույցում Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Վահան Խեչանյանը տեղեկացրել էր, որ հանրապետության տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականները Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք են անցկացնում` նախապատրաստվելով նոյեմբերին կայանալիք աշխարհի առաջնությանը:

«Առավոտն» օրերս եղավ Ծաղկաձորում, ներկա գտնվեց ծանրորդների մարզումներին եւ զրուցեց նաեւ գլխավոր մարզիչների հետ:

Արտաշես Ներսիսյան: Կանանց հավաքականի գլխավոր մարզիչ: «Սա մինչեւ աշխարհի առաջնությունը ֆեդերացիայի պլանավորած ուսումնամարզական հավաքների շարքից առաջինն է: Այստեղ կմնանք մինչեւ հուլիսի 20-ը, որից հետո կիջնենք Աբովյան: Այնտեղից կմեկնենք Թեոդոսիա, իսկ վերջին հավաքը, հավանաբար, աշխարհի առաջնությունից 17-18 օր առաջ կկազմակերպենք Ղազախստանում, որպեսզի մարզուհիները հասցնեն կլիմայափոխվել ու Ալմաթիում մասնակցել աշխարհի առաջնությանը:
Ծաղկաձոր հրավիրել ենք մեր բոլոր առաջատար ծանրորդներին` Հռիփսիմե Խուրշուդյանին, Մելինե Դալուզյանին, Էլեն Գրիգորյանին, Իզաբելլա Յայլյանին, Աննա Գովելյանին, Քրիստինե Պետրոսյանին: Նրանց հետ է նաեւ պատանի Սոնա Պողոսյանը, որն իր հերթին նախապատրաստվում է օգոստոսին Նանջինգում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերին»:

WrestTxaner

Ծանրորդները՝ մարզումից հետո:

Հարցին, թե աղջիկներն ի՞նչմարզավիճակում են եւ աշխարհի առաջնությունից ի՞նչ ակնկալիքներ կան, Արտաշես Նազարյանը պատասխանեց. «Բոլորն էլ նորմալ մարզավիճակում են, մարզումներն ընթանում են իրենց հունով: Չլուծված ոչ մի խնդիր չունենք` ֆեդերացիան բոլոր հարցերը հոգում է: Թիմի հետ է նաեւ բժիշկը, որը սերտորեն համագործակցում է մարզիչներիս հետ: Միայն քաշային կարգերը դեռ հստակեցված չեն, բացառությամբ, թերեւս, Հռիփսիմե Խուրշուդյանի, որը հանդես է գալու +75 կգ քաշային կարգում: Բայց կողմնորոշվելու համար ժամանակ դեռ ունենք:

Ինչ վերաբերում է ակնկալիքներին, քանի որ աշխարհի առաջնությունը նաեւ օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշար է, մեր գլխավոր նպատակն առաջին հերթին Ռիո դե Ժանեյրոյի ուղեգրերի համար պայքարելն է: Հիմա միավորների հաշվարկի կարգը փոխվել է: Եթե առաջ նշում էինք չորս հոգու անուն եւ երբ մեկը ձախողվում էր, հաշվվում էին մյուս 3-ի միավորները, հիմա այլ է: Մասնակցելու է ամբողջական թիմ` 7 հոգի, որոնցից հաշվի են առնվելու չորս լավագույն արդյունքները: Դա, իհարկե, լավ է: Բայց այդ ժամանակ բոլոր աղջիկներից պահանջվելու են կայուն մրցելույթներ եւ ցուցանիշներ:
Օլիմպիական խաղերում աղջիկների ուղեգրերի առավելագույն քանակը 4-ն է: Մենք պայքարելու ենք առնվազն 2-3 ուղեգիր նվաճելու համար: Շատ դժվար է լինելու, որովհետեւ բոլոր երկրներն էլ հանդես են գալու ամբողջական կազմերով: Պատկերացրեք` սպասվում է, որ ամեն մի քաշային կարգում կլինի մոտ 40-50 ծանրորդ: Բայց մենք անելու ենք հնարավոր ամեն բան»:

Պողոս Պողոսյան: Տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: «Այս հավաքին մասնակցում են այսօր գործող մեր բոլոր ուժեղագույն ծանրորդները` Սմբատ Մարգարյանը` 56 կգ քաշային կարգ, Վանիկ Ավետիսյանը` 69, Աղասի Աղասյանը` 85, Տիգրան Վ. Մարտիրոսյանը՝ 77, Սարգիս Մարտիրոսյանը` 105, Հայկ Հակոբյանն ու Ռուբեն Ալեքսանյանը` +105: Գլխավոր շեշտը դրել ենք տղաների ֆիզիկական պատրաստվածության վրա: Շատ լուրջ ենք նախապատրաստվում, քանի օր մեր առջեւ դրված է նվաճել օլիմպիական խաղերի առավելագույն` վեց, ուղեգիր եւ ամեն բան կախված է լինելու այս եւ հաջորդ տարվա աշխարհի առաջնություններից»:
Պողոս Պողոսյանը մեր առաջարկով խոսեց նաեւ մեր այն ծանրորդների մասին, որոնք այսօր իրավունք չունեն լինել հավաքականում: Նրա խոսքերով, 2015 թվականի սկզբներին մեր ընտրանուն կմիանան նաեւ 77 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը եւ գերծանր քաշային Գոռ Մինասյանը: Գլխավոր մարզիչը վստահ է, որ նրանք եկող տարի զգալիորեն կուժեղացնեն մեր տղամարդկանց հավաքականը:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարում` Հռիփսիմե Խուրշուդյան

«Առավոտ» օրաթերթ
15.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031