Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեժիմը թելադրում է «իրավապաշտպանների» որակը

Հուլիս 29,2026 13:00 Share

Իշխանության հ/կ-ական սազանդարների գործունեությունը ցույց է տալիս այն ուղղությունը, որով գնում է մեր երկիրը

Վերջերս հարցազրույցի էի հրավիրել Ազգային-ժողովրդավարական բեւեռի խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանին, եւ նա 2020 թվականին տեղի ունեցած ու դրանից հետո շարունակվող աղետի հասարակական ռեակցիան բաժանել է 4 տեսակի. 1/ նրանք, ովքեր գիտակցում են աղետը եւ փորձում են կառուցել մեր ազգի ապագան (ճարտարապետներ), 2/ նրանք, ովքեր գիտակցում են ու փորձում են արձագանքել (ինքս ինձ դասում եմ այս խմբին), 3/ նրանք, ովքեր գլուխները մտցրել են ավազի մեջ (ճնշող մեծամասնություն), 4/ ծայրահեղ ցինիկներ՝ նրանք, ովքեր ամեն ինչ գիտեն, ամեն ինչ տեսնում են, բայց ինչ-ինչ շաhերից ելնելով, սազը վերցնում են ձեռքները եւ փառաբանում են իշխանության ամեն մի քայլը:

Այդ վերջին խմբի մեջ են մտնում տարբեր մակարդակի չինովնիկները, ինչը բնական է, բայց նաեւ այսպես կոչված՝ «հասարակական սեկտորի» ներկայացուցիչները: Իսկ նրանց դիրքորոշումը մի կողմից զարմանալի է (եթե վերացական մոտենանք իրենց առաքելությանը), մյուս կողմից՝ սպասելի է եւ, այսպես ասած, «ցուցադրական», որովհետեւ հստակ ցույց է տալիս, թե որ ուղղությամբ է Հայաստանը գնում: Չէ՞ որ Ադրբեջանում կամ, ասենք, Ռուսաստանում էլ հ/կ-ականները հանդես են գալիս որպես իշխանության սազանդարներ: Նման քաղաքական ռեժիմների օրոք այլ հ/կ-ներ չեն կարող լինել:

Վերջին դեպքը Ճամբարակի զորամասում ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի հետ տեղի ունեցած ողբերգությունն էր, որը Քննչական կոմիտեն քնքշորեն բնութագրել է որպես «անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը»: Խիստ հիշեցնում է «Առագաստ» սրճարանում Քոչարյանի թիկնապահի՝ Աղամալ Հարությունյանի կողմից Պողոս Պողոսյանին ծեծելով սպանելու փաստը, որը որակվել էր որպես «անզգույշ քաշքշուկ»: Որքա՜ն նման են քոչարյանական եւ նիկոլական «իրավապահների» մեղմ ձեւակերպումները:

Փոխարենը որքան տարբեր է հայկական հ/կ-ների արձագանքը: Պատկերացնո՞ւմ եք, 10 տարի առաջ քանի՜ զեկույց կգրեին նրանք իրենց եվրոպական հովանավորներին, քանի՜ հայտարարությամբ հանդես կգային, ինչպիսի ակցիաներով եւ այսպես կոչված՝ «փերֆորմասներով» հանդես կգային, ինչպիսի՜ ընդհանրացումներ կանեին բանակում տիրող բարքերի մասին (որոնք, ի դեպ, 10 տարվա ընթացքում չեն փոխվել):

Հիմա՝ լռություն, քանի որ գրանտատուներից ցուցում կա՝ Հայաստանը ներկայացնել որպես «ժողովրդավարության բաստիոն»: Սակայն նույնիսկ այս նիկոլական բռնապետության եւ ԵՄ-ական երեսպաշտության պայմաններում կան Ժաննա Ալեքսանյանի նման իրական իրավապաշտպաններ, որոնք ոչ մի տեղից դրամաշնորհ չեն ստանում: Իսկ «գրանտային» իրավապաշտպանները լռում են:

Բայց լռելը՝ դեռ ոչինչ: Նրանք նաեւ իրենց վրա են վերցրել Փաշինյանի քայլերը հանրության համար դրական լույսի տակ ներկայացնելու ծանր պարտականությունը: Ասենք, ՔՊ առաջնորդը բռնել է տալիս հերթական որեւէ ընդդիմադիրի: Նրանք «պարտավոր են» դա բացատրել ժողովրդին. մեծարգո վարչապետը դրանով պայքարում է հիբրիդային մարտահրավերների դեմ: Մոտավորապես նույնը Ռուսաստանում է: Պուտինը ինչ-որ բան է ասում, իսկ պալատական «քաղաքագետները» հանդես են գալիս ծավալուն մեկնաբանություններով. «Վլադիմիր Վլադիմիրովիչի ուղերձը հստակ է…»:

Ինչու եմ ես կարեւորում հենց «հասարակական հատվածի» անկախությունը: Որովհետեւ այդ հատվածն ունի կարեւոր առաքելություն հասարակական համերաշխության հարցում: Իսկ առանց դրա՝ իրավական նորմերը գործում են միայն ձեւականորեն: Դրա մասին դեռեւս 19-րդ դարի վերջում գրում էր ֆրանսիացի ընկերաբան Էմիլ Դյուրքհեյմը: Ըստ նրա՝ իրավունքը ոչ թե պարզապես նորմերի հավաքածու է, այլ սոցիալական համերաշխության տեսանելի խորհրդանիշ:

Ըստ այդմ՝ իրավունքը լինում է ռեպրեսիվ (պատժիչ) եւ ռեստիտուտիվ (վերականգնող): Պարզ է, թե որն է հիմա մեզ մոտ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.07.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել