«Հայաստանի հավաքականները ձեւավորվել են Հայաստանի առաջնությունում ցույց տրված կիլոգրամների հիման վրա։ Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվել սկսել ենք Հայաստանի առաջնության արդեն հաջորդ օրվանից»,-ասաց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը «Արմենպրես» մամուլի կենտրոնում՝ ամփոփելով օրերս Բաթումում անցկացված Եվրոպայի առաջնության արդյունքները։
«Անցած տարվա համեմատ մենք բավականին շատ մեդալներով ենք վերադարձել։ Անցած տարի մեր հավաքականը նվաճել էր 27 մեդալ։ Քաշային կարգերի փոփոխության առումով հիմա ունենք 16 քաշային կարգ (8-ական տղամարդկանց եւ կանանց)։ Այս տարի ընդհանուր հաշվարկով Հայաստանի թիմը ունի 24 մեդալ, որը բարձր արդյունք է, որովհետեւ չորս քաշային կարգ կրճատվել է»,-ասաց նա։
Տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Փիլոսյանը նշեց, որ Եվրոպայի այս առաջնությունը լավ էր մեզ համար։ «Տղաների մասով եմ ասում. ունեցանք երկու չեմպիոն, երեք փոխչեմպիոն եւ մեկ երրորդ մրցանակակիր, 6 ոսկե, 5 արծաթե, 5 հատ էլ բրոնզե մեդալ։
Ինձ համար սա առաջին փորձությունն էր։ Երեւի ժամանակ է պետք, որ ավելի հասկանամ, բացթողումներին էլ ավելի շատ ուշադրություն դարձնեմ եւ կարողանամ թիմն ավելի լավ տանել առաջ։ Օրինակ, նկատել եմ, որ տղաները, եթե ապահովագրել են երրորդ կամ երկրորդ տեղ, առաջին տեղի համար այն պայքարը չեն մղել։ Այսպիսի բաներ կան, որ պետք է աշխատենք եւ շտկենք»,-ասաց Հակոբ Փիլոսյանը։
Կարդացեք նաև
Կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանն ասաց. «Ի տարբերություն տղաների հավաքականի, կանանց հավաքականը յուրահատկություն ունի՝ մենք ընտրության շատ քիչ հնարավորություն ունենք։ Ես ֆեդերացիային խնդրեցի, որ մենք մասնակցենք ամբողջ թիմով, որովհետեւ շուտով գալիս է սերնդափոխություն եւ մենք չենք ունենա մեծահասակների այն յոթ հոգանոց թիմը, որը կարող է Եվրոպայում ապացուցել, որ մենք իսկապես կայացած ենք։ Երեւի դուք էլ նկատել եք, որ Հայաստանի առաջնությունում Մերի Թումասյանը հրաժեշտ տվեց մեծ սպորտին, Բաթումում Տաթեւ Հակոբյանը հրաժեշտ տվեց: Եվ կլինեն մարզիկներ, որոնք ուզեն-չուզեն պիտի հրաժեշտ տան մեծ սպորտին։
Ուզում էի, որ թիմն անցած տարվա արդյունքը գրանցեր՝ թիմային հաշվարկով ունենայինք առաջին տեղ։ Շատ եմ ափսոսում, որ մեկ մարզուհու բացթողումը պոկում վարժությունում թիմային երրորդ տեղ արժեցավ։ Ընդամենը մեկ հաջող մոտեցում էր պետք եւ մենք Եվրոպայում կլինեինք թիմային պայքարում առաջինը։ Եթե հաշվի չառնենք այդ պահը, գնահատում եմ, որ մեր մասնակցությունը լավ էր։ Ընդհանուր առմամբ ունեցանք 7 մեդալ, որից 3-ը՝ ոսկե, 2-ը՝ արծաթ, 2-ը՝ բրոնզե։ Իսկ երկամարտում մենք ունեցանք երկու մեդալ՝ 1 ոսկի եւ 1 արծաթ։
Անցած տարվա հետ համեմատած, որակն ենք բարձրացրել։ Իսկ ես միշտ ասել եմ, որ մեկ ոսկին արժե մի քանի արծաթ։ Իզուր չէ, որ օլիմպիական խաղերում, աշխարհում գնահատում են ոսկե մեդալներով։
Ընդհանուր առմամբ, Եվրոպայի այս առաջնությունը համարում եմ կայացած։ Իհարկե, շատ տեղ կա աշխատելու։ Առջեւում աշխարհի առաջնություն կա։ Ի դեպ, երկու օրից մենք մեկնում ենք Եգիպտոս՝ երիտասարդների աշխարհի առաջնություն։ Տա Աստված, այնտեղ էլ լավ լինի»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ





















































