Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնագետ. «Ամոթ է սեռական խնդիրների պատճառով ամուսնալուծվելը»

Հուլիս 25,2014 13:38

Հոգեբան Աննա Բադալյանը, այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում խոսելով սեռական դաստիարակության մասին, նշեց, որ այն պարունակում է որոշակի էթնիկական տարր, եւ կախված է մեծամասամբ ծնողների տված դաստիարակությունից: Կարեւորում է գրագետ հոգեբանական մոտեցումը. «Պետք է հաշվի առնել երեխայի տարիքային անցումները, տարիքային ճգնաժամերը, սեռի կայացման շրջանը»:

Սեքսապաթոլոգ Սեւադա Հակոբյանի խոսքով էլ, երբ մեր օրերում ինֆորմացիայի պակաս չկա, երեխայի կամ դեռահասի սեռկրթության համար շատ կարեւոր է ճշգրիտ ինֆորմացիայի աղբյուրը. «Այդ տարիքային խումբը բավականին ռիսկային է, քանի որ ստանալով համապատասխան ինֆորմացիա, նույնիսկ դեռահասը կարող է այն սխալ ընկալել»: Սեքսապաթոլոգը նշեց, որ նաեւ լինում են դեպքեր, երբ մինչեւ ուշ տարիք անհատը չի ունենում ինֆորմացիա սեռական կյանքի վերաբերյալ, որի պատճառով էլ սեռական կյանք սկսելուց, կամ ամուսնական սեռական կյանքում խնդիրներ են առաջանում. «Քիչ չեն նաեւ, երբ դեռահասների մոտ սեռական խնդիրները պայմանավորված են մանուկ հասակում բռնության դեպքերով, սա լինում է հիմնականում այն ժամանակ, երբ նրանք գտնվում են փակ միասեռ կոլեկտիվներում՝ բանակում, ճամբարներում, որտեղ հաղորդակցումը այլ սեռի ներկայացուցիչների հետ սահմանափակված է »:

Բանախոսը համոզված է, որ ներկայիս տեղեկատվության հոսքի դեպքում, սեռակրթության ոլորտում պետք է կանոնակարգում մտցնել, քանի որ համացանցում տարածված ինֆորմացիայի մեծ մասը ապատեղեկատվություն է: Դասընթացների եւ նյութերի տեսքով այդ գիտելիքները պետք է տրամադրվեն անհատին: Հոգեբանն էլ հավելեց, որ մասնագետի աջակցությունը նույնպես անհրաժեշտ է զուգահեռաբար ե՛ւ ծնողի, ե՛ւ երեխայի հետ աշխատելու նպատակով:

Սեւադա Հակոբյանի համոզմամբ սեռակրթությունը դժվար է իրականացնել այն պարագայում, երբ անհատը չունի համապատասխան ինտելեկտուալ մակարդակ եւ երբ տերմինների մեծ մասը նրա համար անհասկանալի է: «Ժամանակային առումով կրթությունը պետք է համապատասխանի նրա տարիքային զարգացվածությանը եւ համապատասխանի նրա սեռական զարգացվածությանը»:

Բանախոսի պնդմամբ՝ եվրոպական կազմակերպությունների կողմից նաեւ մեր երկրում անց կացվող դասընթացների ժամանակ, լինում են դեպքեր, երբ քարոզվում է նաեւ հոմոսեքսուալությունը՝ ավելի հանդուրժողական դարձնելու նպատակով: «Սակայն եթե այդ գործընթացը քողարկված է, ապա այդ անձանց մոտ հետագայում խնդիրներ կարող են առաջանալ»: Սեադա Հակոբյանը նաեւ նշեց, որ որոշակի սեքսուալ խանգարումներ վերջերս ներկայացվեցին ֆիլմերի տեսքով, որոնք, ներկայացնելով որպես գեղարվեստական արժեք, դեռեւս չկայացած հոգեսեռական դաստիարակություն ունեցող անձանց մոտ բացասական հետեւանքներ կարող են թողնել:

Սեքսապաթոլոգը նշեց, որ ամուսնական զույգերը վերջին տարիներին շատ են կարեւորում սեռական կյանքի որակական կողմը, պատրաստակամ են դարձել քննարկել խնդիրը եւ անհրաժեշտության դեպքում նաեւ դիմել մասնագետի օգնությանը. «Ընտանեկան սեռական կյանքի խնդիրները հեշտությամբ լուծվում են եւ ամոթ է սեռական խնդիրների պատճառով ամուսնալուծվելը»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031