Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեռական կյանքում «ամպամած» եղանա՞կ է՝ դիմեք բժշկի»

Մայիս 14,2014 14:00

Հարցազրույց ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, սեքսապաթոլոգիայի կլինիկայի
բժիշկ-սեքսապաթոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Վրեժ Շահրամանյանի հետ:

– Վերջին մեկ տարում կարծես թե ավելի շատ է խոսվում սեռական առողջության մասին, արդյոք ավելացե՞լ են դիմողները:

– Ժամանակի հարց է: Հայաստանում սեքսուալ կուլտուրան դանդաղ քայլերով աստիճանաբար դուրս է գալիս հոգեվարքի ճահճից: Տարիներ առաջ դիմելիությունը համեմատաբար քիչ էր, պատճառները տարբեր էին` սեքսուալ կուլտուրայի առանձնահատկությունները, բժիշկ-սեքսապաթոլոգի մասին սխալ պատկերացումները եւ այլն: Ժամանակի ընթացքում մարդիկ սկսեցին հասկանալ, որ սեքսապաթոլոգը մարդու սեքսուալ առողջության բժիշկն է, որը բուժում եւ կանխարգելում է սեքսուալ խանգարումները: Ուրախությամբ պետք է նշեմ, որ երիտասարդ զույգերը մինչ ամուսնանալն ավելի հաճախ են սկսել մեզ դիմել: Լինում են դեպքեր, երբ զույգերը խնդիրներ չունեն, բայց դիմում են՝ հետագա բարդություններից խուսափելու համար: Սա գալիս է սեռական կյանքի նկատմամբ գիտելիքների մակարդակի բարձրացման միտումից: Ինչ խոսք, նախաամուսնական հետազոտությունը շատ ճիշտ է, քանի որ կան որոշ խնդիրներ, որոնք մինչ ամուսնանալն ավելի հեշտ է լինում ախտորոշել եւ բուժել: Սա վերաբերում է նաեւ սեռական խանգարումներին, զանազան բորբոքային հիվանդություններին, անպտղության խնդիրներին: Ամուր ընտանիք ունենալու տեսակետից նախաամուսնական խորհրդատվոթյունը պետք է ընդգրկի նաեւ սեքսուալության դրսեւորումների եւ սեռական կյանքի փսիխոհիգիենայի մասին տեղեկատվություն, որը հաճախ կանխարգելում է որոշ սեռական խանգարումների առաջացումը:

– Որքանո՞վ է այսօր սեռադաստիարակված հայ դեռահասն ու երիտասարդությունը:

– «Սայլը» կարծես աստիճանաբար տեղից շարժվում է. գնալով մեծանում է այն երիտասարդների թիվը, ովքեր ավելի շատ են ուշադրություն դարձնում իրենց սեռական առողջությանը եւ հաճախ են հետազոտվում: Հաճախ ամուսնանալուց առաջ գալիս են, անցնում սեքսոլոգիական անհրաժեշտ հետազոտություններ, ինչը շատ գովելի է: Բայց ցավալի է, որ երբեմն սեռական հիգիենայի տարրական կանոններին (օրինակ` պահպանակի օգտագործմանը) մեր երիտասարդները չեն տիրապետում: Բացի բուժական գործունեություն ծավալելուց, մենք, իհարկե, նաեւ բացատրական աշխատանք ենք տանում մեր պացիենտների հետ, սակայն մի քանի բժիշկներով գործը գլուխ չի գա. պետք է ավելի լուրջ եւ համակարգված աշխատանք: Հաճախ մեզ դիմում են այնպիսի պացիենտներ՝ տղամարդիկ, կանայք, ամուսնական զույգեր, որոնց մոտ ապատեղեկատվության պատճառով սեռական խանգարումներ են առաջացել: Պատճառը այն է, որ ծնողներից բացի` երեխաների սեռական դաստիարակությամբ «զբաղվում» է նրանց շրջապատը` ավելի «իրազեկ» ավագ ընկերները, կասկածելի եւ անհավաստի տվյալներ պարունակող գրականությունը, ինտերնետային կայքերը, ֆիլմերը, հեռուստատեսությունը:

-Խոսենք սեռավարակներից. որքանո՞վ են դրանք երիտասարդության շրջանում տարածված:

– Մասնագիտական փորձը վկայում է, որ սեռավարկներով պայմանավորված սեռական խնդիրներ ունեցող այցելուների թիվը գնալով մեծանում է: Սեռավարակների մասին խոսելիս շատերն ամոթխածությամբ լռում են, բժշկի չեն դիմում, ինչի հետեւանքով կարող են առաջանալ մի շարք բարդություններ: Սեռավարակները թացքնելու պարագայում վտանգի տակ կարող ես դնել ե՛ւ քո, ե՛ւ ընտանիքիդ անդամների առողջությունը: Առանձնահատուկ ռիսկի խումբ են կազմում արտագնա աշխատանքի մեկնողները:
Ժամանակին չհայտնաբերելու եւ չբուժելու դեպքում սեռավարակները կարող են բացասաբար ազդել վերարտադրողական (մանկածնման) ֆունկցիայի վրա: Պետք է հստակ գիտակցել, որ անկողնային անախորժությունները վաղ թե ուշ կարող են ընտանիքի կործանման պատճառ դառնալ: Մաղթում եմ, որ ընտանիքում միշտ տիրի հոգեբանական եւ ֆիզիոլոգիական ներդաշնակություն: Իսկ եթե սեռական կյանքում «ամպամած» եղանակ է առաջանում, պետք չէ սպասել, լռել ու հետաձգել: Պարզապես պետք է ժամանակին դիմել սեքսապաթոլոգի օգնությանը: Չէ՞ որ կայուն ընտանիքը «առողջ» պետության գրավականն է: Բոլորին մաղթում եմ սեռական լուսավոր եւ պայծառ եղանակ:

Զրուցեց
Գ. ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031