Լրահոս
Օրվա լրահոսը

Ամո Շարոյան. «Ի սեր Աստծո, ինչո՞ւ չեք ձայն հանում, երբ եզդիներին կոտորում են» (ֆոտոշարք և տեսանյութ)

Օգոստոս 14,2014 12:51

Հայաստանում բնակվող եզդիները, եզդիական տարբեր կազմակերպություններ այսօր հավաքվել էին ԱՄՆ դեսպանատան մոտ՝ բողոքի ակցիայի՝ ընդդեմ Իրաքում եզդիների, ասորիների եւ այլ ազգային ու կրոնական փոքրամասնությունների կոտորածների շարունակվող ցեղասպանության:

«Միդիա Շանգալ» կազմակերպության ղեկավար Ամո Շարոյանը, լրատվամիջոցների հետ զրույցում ասաց. «Օգոստոսի 2-ից Իսլամական խալիֆաթություն կոչվող կազմակերպության մարդիկ Իրաքի Շանգալ մարզում կոտորում են եզդի ժողովրդին, եզդի ժողովրդի ցեղասպանություն է այսօր: Մենք այսօր հավաքվել ենք, որ միջազգային հանրությանը տեղյակ պահենք, որ, ի սեր Աստծո, 21-րդ դարում տեղի է ունենում մի ժողովրդի ցեղասպանություն, մարդկանց կոտորում են, մարդկանց սպանում են միայն նրա համար, որ նրանք եզդի են ծնվել, հայ են ծնվել, ասորի են ծնվել, նրանք ոչ մի մեղք չունեն, նրանց իրենց վարքագծի համար չեն սպանում, այլ սպանում են միայն իրենց ազգության համար»:

Պարոն Շարոյանը մի քանի սահմռկեցուցիչ դրվագներ պատմեց Իրաքում կատարվող ոճրագործություններից. «Իրաքի հանրապետությունում ընդհանուր գերեզմաններ են քանդել, որտեղ մայրերի գրկում եզդի նորածին երեխան է, երեխան կենդանի է եղել, հող են գցել նրանց վրա, ողջ-ողջ թաղել են, եզդի կանանց տանում են ստրկության, հարյուրավոր կանանց վաճառել են, հազարավոր կանայք փախել են սարերը, որ փրկվեն, շատերն ինքնասպան են եղել, որ չընկնեն այդ ստահակների ձեռքը: Սակայն ամբողջ աշխարհում քար լռություն է տիրում»:

Եզդիական «Միդիա-Շանգալ» կազմակերպության ղեկավարը կոչով դիմեց նաեւ Հայաստանի ղեկավարությանը. «Դիմում եմ մեր կառավարությանը, մեր նախագահ Սերժ Սարգսյանը հիմա բացակայում է, բայց դիմում եմ մեր վարչապետին, մեր կառավարության անդամներին, կոչ եմ անում՝ ձայն հանեք, ի սեր Աստծո: Ես երեկ զանգել եմ Աշոտ Ղազարյանին, կապվել եմ մեր խորհրդարանականների հետ, տարբեր մտավորականներին, ասել եմ՝ 1915 թ. մեղադրում էինք, որ ոչ ոք ձայն չհանեց, երբ հայերին էին կոտորում, ինչո՞ւ Հայաստանի Հանրապետությունը ձայն չի հանում, ինչո՞ւ մեր հայ մեծ գրողները ձայն չեն հանում, ինչո՞ւ հայ ժողովուրդը, մեր բարեկամ ժողովուրդը ձայն չի հանում, չէ՞ որ եզդիներին կոտորում են, սպանում են»:

Պարոն Շարոյանը տեղեկացրեց, որ եզդիները կարողացել են հանդիպել փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հետ, որը բանավոր խոստացել է, թե հիսուն հազար դոլար օգնություն կտրամադրվի Հայաստանի կառավարության կողմից: Շարոյանը նաեւ ասաց, որ եզդիները աշխարհի տարբեր ծայրերում գումարներ են հավաքում իրենց հայրենակիցներին օգնելու համար:

PrevPhoto
NextPhoto

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    Խե՜ղճ ժողովուրդ: Անասելի ցաւալի է: Աղօթում եմ առ Աստուած ձեր բարօրութեան համար:

    Ուղղակի նողկալի է տեսնել, «քաղաքակիրթ» աշխարհի անտարբերութիւնը:
    Առանձնակի ցաւալի է Հայաստան պետութեան լռութիւնը. մի ազգ, որ 100 տարի առաջ նոյն վիճակում էր:

    Հայաստանն առայժմ չի յաջողում տնտեսապէս հզօր, զարգացած, իրաւական պետութիւն դառնալ: Գոնէ կարող էր աշխարհին ներկայանալ իբրեւ ժողովրդավարութեան կղզեակ, ջահակիր, մարդու իրաւունքների պաշտպանութեան անխոնջ մարտիկ:

    Մարդկային յիմարութեանն ու տհասութեանը չափ ու սահման չկայ: Ե՞րբ պիտի սովորենք ԱՄԵՆԱՏԱՐՐԱԿԱՆ բանը՝ ԵԹԷ ՎԱՏԸ, ՉԱՐԸ ԿԱՄ ՅԱՆՑԱՆՔԸ ՉԴԱՏԱՊԱՐՏԵՍ, ՎԱՂՆ ԱՒԵԼԻ Է ԱՀԱԳՆԱՆԱԼՈՒ ՈՒ ՀԵՂԵՂԻ ՊԷՍ ՆԱԵՒ ՔՈ՛ ԳԼԽԻՆ Է ԹԱՓՈՒԵԼՈՒ:

    Ահաւասիկ, քո իսկ սպանդը 100 տարի առաջ, ահաւասիկ, հրէից ողջակիզումը: Այո, նոյն Իսրայէլը չի ճանաչում Հայոց Եղեռնը, քանզի սեփական ժողովրդի անվտանգութեան խնդիր ունի: Հայաստանը չի խառնւում եզդի ժողովրդի կոտորածին՝ հաւանաբար չվտանգելով Մերձաւոր Արեւելքի հայութեան անվտանգութիւնը: Պատմութիւնն ԱՂԱՂԱԿՈՒՄ Է, որ սա սխալ մարտավարութիւն է:

    Ցանկալի է, եթէ ոչ անհրաժեշտ, որ Հայաստանը բարձրացնի այս հարցը միջազզային ամենաբարձր ամբիոններում:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031