ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հրավիրել է խորհրդակցություն «Փոքր ՀԷԿ-երի խնդիրները ՀՀ-ում» թեմայով: Խորհրդակցությանը մասնակցում էին փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը, հանրապետության 22 ՓՀԷԿ-երի, ինչպես նաև խնդրով մտահոգ հասարակական կառույցների ներկայացուցիչներ` Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը և «Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը: Վերջիններս ԶԼՄ-ներով պարբերաբար բարձրաձայնում են ՀՀ տարբերի գետերի վրա տեղակայված ՓՀԷԿ-երի առաջացրած բնապահպանական խնդիրնների և այս ոլորտի վերանայման և բարեփոխման անհրաժեշտության հարցը:
Նախարար Արամայիս Գրիգորյանը, ընդգծելով ՓՀԷԿ-երի գործունեության կարևորությունը էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում, այնուամենայնիվ, նշել է, որ մենք այսօր ունենք լուրջ խնդիրներ, կան ՓՀԷԿ-եր, որոնք գործում են որոշակի նախագծային շեղումներով, չեն պահպանում սահմանված ՋԹ-ները /ջրի թույլտվություն/, չեն պահպանվում էկոլոգիական թողքերը և նշել է. «Մենք` որպես ոլորտի գործունեությունը կանոնակարգող լիազոր մարմին, նոր մոտեցումներ ենք ցուցաբերելու, առավել խիստ ենք լինելու խախտումների ու չարաշահումների նկատմամբ, ուստի հարկ համարեցի այսօր կազմակերպել նման խորհրդակցություն՝ լսելու համար նաև ձեր հարցերն ու առաջարկությունները ` կապված ոլորտի հետ»: 
Խորհրդակցության ընթացքում ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Մարզպետ Քամալյանը և ՀՀ ԲՆ Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի Ժ/պ Դավիթ Գրիգորյանը ներկայացրել են իրենց մասնագիտական դիտողությունները և փոքր ՀԷԿ-երի նախագծման ու շահագործման ընթացքում վերանայման ու փոփոխության կարիք ունեցող դրույթները:
Մ. Քամալյանը մասնավորապես նշել է. «ՓՀԷԿ-երի կառուցման և շահագործման ժամանակ ՀՀ ԲՆ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս գործընթացի տարբեր փուլերում առաջանում են բնապահպանական լուրջ խնդիրներ, ոլորտը դարձել է բարձր ռիսկայնության, հասարակության դժգոհությունը գնալով մեծանում է: Վերջին 4 ամսում իրականացվել են 18 ՓՀԷԿ-երի ստուգումներ, կազմվել են 1,7 մլն դրամի վարչական տուգանքների որոշումներ, իսկ շրջակա միջավայրին հասցրած վնասը հաշվարկվել է մոտ 474 մլն դրամ: Թիրախային դաշտում են հայտնվել Տավուշի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի և Լուռու մարզերի ՓՀԷԿ-երը»: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` Մ. Քամալյանն առաջարկել է իրականացնել ոլորտը կարգավորելու համար անհրաժեշտ մի շարք գործողություններ, այդ թվում` վերանայել ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված էկոլոգիական թողքերի թույլատրելի ծավալները, հաշվի առնելով, որ էկոլոգիական թողքը պետք է հաշվարկվի` ելնելով կոնկրետ տվյալ ջրահավաք ավազանի էկոհամակարգի պահպանության կարիքներից` նկատի ունենալով տվյալ օբյեկտի էկոլոգիական առանձնահատկությունները /օրինակ` սահմանել ծավալները յուրաքանչյուր ամսվա համար կամ դադարեցնել այդ ամիսներին ՓՀԷԿ-երի աշխատանքները/ և այլն:
Բնապահպան Լևոն Գալստյանը բարձրացրել է էկոլոգիական թողքի ծավալների սահմանման վերանայման անհրաժեշտությունը, և կոչ արել ՓՀԷԿ-երի սեփականատերերին գործունեության ընթացքում վերանայել մոտեցումները, քանի որ հանրապետության մոտ 35 ՓՀԷԿ-երում իրենց /ՀԲՃ/ դիտարկումներով չեն պահպանվում էկոլոգիական թողքերը, ձկնանցարանները չոր են և այլն:



















































