Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը՝ ՀՅԴ-ի պահանջների մասին. «Շատ բաներ կան, որ ընդունելի են, շատ բաներ կան, որ ընդունելի չեն»

Սեպտեմբեր 23,2014 16:19

«ՀՅԴ-ն իր պահվածքի շնորհիվ նաեւ 90-ականներից հետո կալանավայրերում հայտնվեց, որովհետեւ ինքն իր մոդելն ունի: Երբ կոալիցիայի անդամ էր, մշտապես իր մոտեցումը հետեւյալն էր, որ հարկավոր է համակարգային փոփոխություններ, որն է խորհրդարանական կառավարման մոդելը: Որպես կուսակցություն՝ մենք դա կիսել չենք կարող, բայց որպես իշխանություն եւ պետություն՝ մենք գիտակցում ենք, որ առաջին, երկրորդ Սահմանադրությունները ձեւավորում էին պետական կառույցներն ու ենթակառույցները»,- այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը այսպիսի գնահատական տվեց Սահմանադրական փոփոխությունների դիրքորոշման պատճառով Քառյակը ժամանակավոր լքած ՀՅԴ-ի պահվածքին:

Ըստ Գալուստ Սահակյանի, Քառյակը դաշինք չի. «Խորհրդարանականն քաղաքական ուժ է, որը, կապված այսօրվա, իրենց ենթադրությամբ, հրատապ խնդիրներից, կարողանում են որոշակի մոտեցումներ ցույց տալ: Դա միավորում չէ, որը հռչակագրել է, թե ինչ մոտեցում պետք է ունենա եւ շարժվի դրա հետեւից: Այս ընթացքում էլ եղել է, որ Քառյակի որոշ ուժեր այլ տեսակետ են ունեցել: Չեմ կարծում, որ դրանով Քառյակը լուծարվում է, որովհետեւ որպես դաշինք ձեւակերպված չէ»:

Հարցին՝ ՀՀԿ-ի կարճ հիշողությունն ինչո՞վ եք բացատրում, որովհետեւ մեկ տարի առաջ դեմ էիք արտահայտվում խորհրդարանական կառավարման համակարգին, նույնիսկ ֆաշիզմի հետ էիք համեմատում՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «ՀՀԿ-ին այս համակարգը լրիվ ձեռնտու է, բայց դա նեղ կուսակցական շահերից ելնելով: Իսկ համապետական շահերից ելնելով՝ մենք ճանապարհ ենք անցել եւ գտնում ենք, որ այժմ քաղաքական կառավարման մոդելի անցնելու խնդիր է առաջացել: Դա ոչ թե այն բանաձեւն է, որը սպառիչ կերպով բավարարում է ՀՀԿ-ին, բայց լրիվ սպառիչ բավարարում է մեր հասարակությանը եւ քաղաքական ուժերին»:

Նա վստահեցրեց, որ մեկ տարի առաջ այս նույն պայմանները չկային. «Այն ժամանակ ՀՅԴ-ն նաեւ կոալիցիայի անդամ էր, ներսում համակարգ փոխելու հարցն էր քննարկում, դրա համար մենք գնացինք կիսանախագահականի, որը դրականորեն նպաստեց մեր երկրի հետագա զարգացմանը: Այսօր մենք մտածում ենք, որ ոչ թե կառավարման չինովնիկական մոտեցումներով առաջ գնանք, այլ քաղաքական համակարգը ինքը կարողանա կառավարման մաս դառնալ, եւ մենք մեր զսպման մեխանիզմներով գնում ենք այդ ճանապարհով: Դա չի նշանակում, որ մենք կողմնակից ենք անպայման խորհրդարանական կառավարման ձեւին»:

Գալուստ Սահակյանը, նորից խոսելով ՀՅԴ-ի դիրքորոշման մասին, ասաց, որ շատ սկզբունքային ուժ է եւ անում է այն, ինչն իր սկզբունքներին կողմ է. «ՀՅԴ-ն հիմա պիտի քննադատվի, քանի որ մեզ մոտ արդեն մշակույթ է ձեւավորվել՝ ինչը կառուցողական է, ինչը համագործակցության եզրեր ունի, դա չի ընդունվում ընդդիմության կողմից»:

Գալուստ Սահակյանն անդրադարձավ նաեւ ՀՅԴ-ի ներկայացրած փաթեթին: Հարցին, թե ո՞ր առաջարկներն են ձեզ համար ընդունելի, որոնք կբավարարվեն՝ պատասխանեց. «Այդ պահանջներն այս պահին քննարկվում են: Շատ բաներ կան, որ ընդունելի են, շատ բաներ կան, որ ընդունելի չեն»: Թե ընդհանուր հայտարարի կհանգե՞ն՝ Գալուստ Սահակյանի խոսքերով՝ ժամանակը ցույց կտա:

ՀՅԴ-ն հայտարարել էր, որ եթե իրենց պահանջները իշխանությունները չընդունեն, իրենք կմիանան Քառյակին, որովհետեւ կնշանակի, որ իշխանությունը միայն վերարտադրման խնդիր է դրել: ԱԺ նախագահը պատասխանեց. «Տեսակետի փոփոխությունը չի նշանակում, որ դրանից կփոխվի նաեւ մեր տեսակետը: Չեն սկսել բանակցությունները, դեռեւս Վենետիկի հանձնաժողովն է նյութը քննարկում, դրանից հետո կլինեն արդեն քաղաքական քննարկումներ: Այսօր միայն մասնագիտական քննարկում է:

Հարցին՝ Ձեզ համար կարեւո՞ր է մեծամասնություն պահպանելը՝ նա պատասխանեց, որ որեւէ կուսակցություն ՀՀ-ում չենք գտնի, որի համար կարեւոր չլինի մեծամասնություն ապահովելը. «Համենայնդեպս, ինչպիսի պայմաններ էլ լինի, ՀՀԿ-ն վճռական դերակատարում կունենա ցանկացած ընտրությունների եւ ցանկացած քաղաքական բանաձեւերի մեջ»:

Գալուստ Սահակյանը վստահեցրեց, որ խորհրդարանը պետք է քաղաքական մեծամասնություն ունենա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Մանրամասները՝ ավելի ուշ տեսանյութում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930