Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. «Ո՞վ է տեսել՝ Ղարաբաղի հիմնախնդիրը վրաներս, հրաժարվենք ուժեղ նախագահական ինստիտուտից». «Հրապարակ»

Հոկտեմբեր 10,2014 10:42
hrant bagratyan

Հարցազրույց ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հետ

– 2013 թվականի փետրվարին Դուք կողմ եք արտահայտվել կառավարման նախագահական համակարգին, ասելով, որ այն պետք է ուժեղ մնա։ Ինչո՞վ եք Դուք դա հիմնավորում, եւ ինչո՞վ է վատ առաջարկվող պառլամենտական կառավարման ձեւը։

– Այսօրվա համակարգն ունի մի քանի առավելություններ, որոնք փոխելուց հետո մենք կորցնում ենք ամեն ինչ։ Այսօր երկրում կա մեկ պատասխանատու։ Դա նախագահն է։ Նոր համակարգի դեպքում մենք անընդհատ վկայակոչելու ենք պառլամենտական մեծամասնությունը, որում կոնկրետ մարդ չենք գտնելու։ Ես հիշում եմ, օրինակ, 99 թվականի մայիսյան ընտրություններից հետո ստեղծված վիճակը մինչեւ հոկտեմբերի 27-ը։ Մեծ հաշվով, հանրապետությունում անիշխանություն էր, տնտեսական անկում։ Կար ուժեղ վարչապետ, որի առաջ նախագահը ռիսկ չէր անում խոսել։

– Հետաքրքիր համեմատություն էր, բայց Սահմանադրությունը մեզ ինչո՞վ օգնեց այն ժամանակ։

– Այդ պահին, իհարկե, ամեն ինչի պատասխանատուն նախագահն էր, 99-ին։ Այդ պահին, երբ նախագահն ասում էր՝ ի՞նչ անեմ, դա վարչապետի որոշումն է (հիշո՞ւմ եք, նման բաներ էին բաց թողնում մամուլով), մամուլն անմիջապես պատասխանում էր, որ Սահմանադրությամբ դուք եք պատասխանատու եւ բարի եղեք՝ պատասխան տվեք։ Հիմա դա չի լինելու։ Մենք հիմա ամիսներով ման ենք գալու, թե էս նախարարին ով է նշանակել կամ այն մարզպետին ով է նշանակել։ Իհարկե, ձեւականորեն իմանալու ենք, թե ով վերջինը ստորագրեց։ Բայց երբեք չենք իմանալու, թե էլ ինչ պրոցես է եղել հետեւում։ Հասարակ բան, մենք վերջերս խնդիր ունեցանք մարզպետներից մեկի նշանակմամբ։ Ով ինչ ուզում է ասի, պատասխանատուն նախագահն է, անկախ նրանից, թե կոնկրետ մասնակցություն ունեցել է, թե ոչ։ Բացի դա, այսօրվա նախագահը 2013-ին ներկայացրել է նախագահական հայեցակարգ։ Եթե ինքը փոխում է Սահմանադրությունը, ապա, չսպասելով քվեարկության արդյունքներին, պետք է հեռանա քաղաքականությունից։ Չէ՞ որ նա գոնե ձեւականորեն ընտրվել է իբրեւ նախագահական համակարգի կողմնակից։ Նա խախտում է իր ամենամեծ խոստումը: Եթե նույնիսկ ինքն իր համար պարզել է, որ սխալվել է, ապա պետք է հրաժարական տա։

Հաջորդը, հավանաբար, Հայաստանը կմտնի ԵՏՄ։ Իսկ այնտեղ գործում է ուժեղ նախագահական ինստիտուտ։ Ի՞նչ ենք անելու։

Մյուսը. ո՞վ է տեսել՝ Ղարաբաղի հիմնախնդիրը վրաներս, հրաժարվենք ուժեղ նախագահական ինստիտուտից։ Համարյա պատերազմի շեմին ենք։ Իսկ միգուցե այստեղ իշխանությունը շանս չի տեսնում եւ անցնում է պառլամենտական համակարգի, որպեսզի հակառակորդին զիջումներ անելու պարագայում կոնկրետ պատասխանատուներ չլինե՞ն։
Ի վերջո, այսօր Ուկրաինայում ապակենտրոնացնում են տնտեսական ուժը, բայց կենտրոնացնում են քաղաքական իշխանությունը։ Նրանք, հակառակը, ուժեղացնում են նախագահի ինստիտուտը։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031