Լրահոս
Օրվա լրահոսը

Քրիստոֆ Բիրվիրթ. «Հայաստանի կառավարությունը վեհանձն գտնվեց սիրիահայերի նկատմամբ»

Հոկտեմբեր 10,2014 12:54 Share

Միավորված ազգերի կազմակերպության փախստականների գործերով հանձնակատարի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը այսօր մասնակցելով «Հաճախ տրվող իրավական հարցերի տեղեկատվական ձեռնարկ Սիրիայից Հայաստան տեղահանված անձանց համար» գրքույկի շնորհանդեսին, տեղեկացրեց, որ 2011թ. մարտին Սիրիայում հակամարտության հետեւանքով 16 հազար հայ պաշտպանություն է փնտրել Հայաստանում, իսկ նրանցից 12 հազարը՝ ըստ հաշվարկների, դեռեւս երկրում է:

Նա ասաց, որ Հայաստան ժամանող սիրիահայերը ամենախոցելի իրադրություններում են հայտնվում եւ նրանց մեջ կան մարդիկ, որոնք ի վիճակի չեն եղել իրենց հետ գույք տեղափոխել եւ գտնվել են մշտական օգնության վիճակում:

Ըստ հանձնակատարի, Հայաստանի կառավարությունը վեհանձն է գտնվել սիրիահայերի գալուստի առթիվ, առաջնային է համարել, որ նրանք ստանան քաղաքացիություն եւ այլ կացության ձեւեր, ապրել եւ աշխատել Հայաստանում:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը կարեւորեց այդ ձեռնարկը, որտեղ ներգրավված են փաստաբանները, փաստաբանների պալատը: Քառալեզու՝ անգլերեն, արաբերեն, արեւմտահայերեն, արեւելահայերեն այդ ձեռնարկում ներկայացված են հիմնականում այն հարցերը, որոնք հաճախ են տրվել փաստաբանական օգնություն ցույց տալու ժամանակ:

Մասնավորապես, խոսքը վերաբերում է փախստականի կարգավիճակին, կացությանը, ծննդի պետական գրանցմանը, քաղաքացիությանը, սոցիալական իրավունքներին, ընտրելուն, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հարցերին:

Ի դեպ, Հայաստանի փաստաբանների պալատից համակարգողն էր իրավաբան Զինավոր Մեղրյանը, որը ներկայացրեց ներկայումս իրենց դիմած 60 սիրիահայերի խնդիրները, որոնց տրվում է անվճար իրավաբանական օգնություն:

Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնից Նաիրա Եդիգարյանը շնորհակալություն հայտնեց փաստաբանների պալատին, ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարին, որոնք ձեռնամուխ են եղել ինչպես փախստականների իրավունքների պաշտպանությանը, այնպես էլ այս ձեռնարկի ստեղծմանը: Նա ասաց, որ ակնկալում է այլ համատեղ տեղեկատուների լույս ընծայում: Ակնարկեց, որ լինում են հարցեր, մասնավորապես՝ առողջապահությանը վերաբերող, սակայն փախստականներին ուղղորդում են սփյուռքի նախարարություն: Ըստ Ն. Եդիգարյանի, մտահոգության առարկա դարձած բարձրացված իրավական հարցերը վերաբերում են փաստաթղթերին, միգրացիային, սոցիալական պաշտպանվածությանն ու նպաստներին, դրանց մատչելիությանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031