Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը 21 օր ժամանակ էր տվել Վազգեն «Խաչիկյանի եւ մյուսների գործով»՝ պաշտպանական ճառերին նախապատրաստվելու համար: Սակայն այսօր դատարանում լսվեց միայն մեկ պաշտպանի՝ Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Աննա Ջուվանովայի ճառը: Այն բաղկացած էր 13 էջից:
Աննա Ջուվանովան ներգրավված է եղել ամբաստանյալներ Արմեն Խաչատրյանի եւ Բագրատ Մուրադյանի պաշտպանությունն իրականացնելու համար: Նա անդրադարձավ մեղադրական եզրակացությանը, համաձայն որի՝ իր պաշտպանյալները եղել են կազմակերպված խմբի անդամներ, որոշակի դերաբաշխմամբ եւ 2007-08թթ. Ա. Խաչատրյանն իր ազգականի՝ ամբաստանյալ Վահագն Խաչատրյանի հանձնարարմամբ առանձնացրել է Երեւան քաղաքի կենսաթոշակ չստացած անձանց, մահացածների տվյալները եւ ուղարկել վճարման ծառայություն:
Ըստ մեղադրանքի՝ Վահագն Խաչատրյանի ուղղորդմամբ Արմեն Խաչատրյանն ու Բագրատ Մուրադյանն այցելել են վճարման ծառայություն, այդպիսով օժանդակել պաշտոնական կեղծիք կատարելուն: Այս երկուսին մեղսագրվել էր 42 կենսաթոշակների գումարների հափշտակումը: Աննա Ջուվանովան իր պաշտպանական ճառում ասաց, որ մեղադրանքի կողմի ձեւակերպումներն անհատականացված չեն, մասնավորապես՝ թե ինչ գործողություններ են կատարել իր պաշտպանները, կոնկրետ՝ երբ, 42 կենսաթոշակառուներից, որոնց գումարները ով եւ երբ է հափշտակել, ինչպես են օժանդակել առհասարակ: Ըստ նրա՝ մեղադրական եզրակացության մեջ բացակայում են փաստական հանգամանքները, քանի որ ձեռք չեն բերվել բավարար ապացույցներ:
Կարդացեք նաև

Պաշտպանական ճառում Ջուվանովան բերեց օրինակներ, մասնավորապես՝ քննիչը Բագրատ Մուրադյանին հարցրել է 37 կենսաթոշակառուների վերաբերյալ, մինչդեռ նրան ներկայացրել է 35 անուն, իսկ Արմեն Խաչատրյանին քննիչը հարցրել է 9 կենսաթոշակառուների մասին՝ ներկայացնելով 8-ի տվյալները: Նախնական մեղադրանքը առաջադրվել էր 30 կենսաթոշակառուների հետ կապված: Ըստ պաշտպանի՝ համադրելով գործով ձեռք բերված ապացույցները, պարզվում է, որ 17 անձանց վերաբերյալ տեղեկություններ ձեռք չի բերվել, իսկ 2-ի անունները մեղադրական եզրակացությունում ձեւական են նշվել:

Բագրատ Մուրադյանը եւ Արմեն Խաչատրյանը ոչինչ չասացին, միացան իրենց պաշտպանի ճառին: Նրանք ընդհանրապես համաձայն չէին մեղադրանքի հետ եւ այն ակնարկին, թե վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով դադարեցվի իրենց նկատմամբ քրեական հետապնդումը, գտնում էին, որ ամբողջությամբ պետք է արդարացվեն:
Հայտնի չէ, թե նոյեմբերի 13-ին նշանակված նիստին պաշտպանական ճառերով 12 ամբաստանյալներից եւ նրանց պաշտպաններից ով հանդես կգա: Ողջ նիստի ժամանակ Վազգեն Խաչիկյանը ընթերցում էր ինչ-որ մեկից ստացած նամակ եւ գրառումներ անում այդ նամակի վրա:
Հիշեցնենք, որ մեղադրանքի կողմը նրանց համար պահանջել էր 4 տարի ժամկետով ազատազրկում:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ




















































