Նոյեմբերյանի երաժշտական դպրոցը փայտի վառարանով են ջեռուցում
Տավուշի մարզի սահմանամերձ Դովեղ գյուղի փոքրիկ բնակիչ Գրիշա Կիրակոսյանը շաբաթը երեք անգամ իր մայրիկի հետ անցնում է 3 կմ-ից ավելի, որ հասնի Նոյեմբերյան քաղաքի երաժշտական դպրոց՝ կլարնետի դասերին. «Դուրս ենք գալիս տնից՝ զրուցելով գալիս ենք, որ բախտներս բերի եւ մի ավտո պատահի, շուտ կհասնենք քաղաք, որ չէ, մեզ համար քայլելով գալիս ենք: Օրերն արդեն ցրտել են, բայց Գրիշաս ուրախությամբ ա գալիս դասի: Շատ ա սիրում նվագել, արդեն 2 անգամ մասնակցել ա «Վերածնունդ» երաժիշտ կատարողների փառատոնին եւ գրավել 2-րդ տեղը: Ես եմ նեղվում, որ երեխայիս չեմ կարողանում նորմալ պայմաններով բերեմ դասի: Մեր գյուղը թշնամու սահմանից հեռու է ընդամենը 1,5 կմ ու տարրական պայմաններ կան որ գյուղը չունի», -Aravot.am-ի հետ զրույցում պատմում էր Գրիշայի մայրիկ՝ տիկին Գոհարը:


Երկար ժամանակ էին սպասել Նոյեմբերյանի տարածաշրջանի երաժշտական դպրոցների տնօրենները մշակույթի նախարարի այցին, որպեսզի անձամբ ներկայացնեն իրենց դպրոցների խնդիրները: «Աշակերտները պակասում են՝ հավանաբար սոցիալական վիճակից ելնելով, եւ բացի դա էլ գործիքի խնդիր ունեն երեխաները. գալիս են դպրոց, բայց ծանոթ բարեկամների տանն են պարապում»,-Aravot.am-ին պատմում էր Նոյեմբերյանի երաժշտական դպրոցի դաշնամուրի ուսուցչուհի՝ Գայանե Խաչիկյանը, որն ունի 8 աշակերտ:
Կարդացեք նաև
Այս դպրոցում ջեռուցման հարցը կարգավորում են փայտի վառարաններով. «Մի օր տաք, մի օր ցուրտ, սովորել ենք, կարեւորը գործիքները լավ վիճակում լինեն, որ երեխաները հաճույքով նվագեն: Համերգ լինելուց, եթե երեխայի երաժշտական գործիքը ավելի նոր է քան դպրոցինը, իր գործիքն ենք օգտագործում, որ միջոցառումը լավ անցնի»,-ասաց ուսուցչուհին: Նոյեմբերյանի երաժշտական դպրոցը, որ հիմնադրվել է 1959 թվականին՝ սովորում են 136 երեխա, դասավանդում` 18 մանկավարժ: Գործում են դաշնամուրի, քանոնի, կլարնետի, շվիի, դուդուկի, շեփորի, ուդի, ակորդեոնի, երգեցողության բաժիններ: Դպրոցում կա է նաեւ քանոնահարների անսամբլ եւ երգչախումբ:
Հասմիկ Պողոսյանը Դիլիջանի երաժշտական դպրոցի երեխաների, արվեստագետների եւ մտավորականների հետ հանդիպման ժամանակ լսեց նրանց կողմից բարձրացված խնդիրները, որոնցից էին Դիլիջանի գրադարանի շենքային անմխիթար պայմանները, թանգարանի նմուշների ցուցադրության հնարավորություն չունենալու հարցը, որոնց ի պատասխան տիկին Պողոսյանը ասաց. «Եթե դուք բավարարում ենք գրադարանների մինիմալ պահանջներին եւ հավատարմագրվում եք մշակույթի նախարարությունում, ապա դուք ստանում եք համապատասխան նյութատեխնիկական օժանդակություն:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ



















































