Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Խաչիկյանի եւ մյուսների գործով». Արսենյանը դատավորից պահանջում է արդարացնել, եթե նրա «դուխը» հերիքի

Նոյեմբեր 13,2014 14:43

«Վազգեն Խաչիկյանի եւ 12-ի գործով» պաշտպանական ճառերով հանդես եկան փաստաբաններ Հովիկ Արսենյանը եւ Լիպարիտ Սիմոնյանը: Հովիկ Արսենյանի պաշտպանյալներն են Շենգավիթ վարչական շրջանի սոցիալական ծառայության աշխատակից, օպերատոր Հրանուշ Դանիելյանը եւ Համլետ Մարտիրոսյանը:

Ըստ պաշտպանի՝ տպավորությունը մեղադրողից այնպիսին էր, որ նա չէր իր մեղադրական ճառը պատրաստել: Հիշեցնենք, որ մեղադրողն ասել էր, որ ամբաստանյալները հրաժարվել են դատարանում ցուցմունք տալուց, այդ իսկ պատճառով հրապարակվել են նախաքննական ցուցմունքները: Ի դեպ, այդ նույն հանգամանքին Aravot.am-ը նույնպես անդրադարձել էր, քանի որ այս երկու ամբաստանյալները դատարանում ցուցմունք են տվել:

Փաստաբանը նաեւ ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ իր պաշտպանյալները հատուկ սուբյեկտներ չեն եւ նրանք ունեցել են որոշակի լիազորություններ ու պարտականություններ, որոնցից մեկն է եղել կազմել ցուցակներ եւ ներկայացնել վերադասին եւ առնվազն տարօրինակ էր այն, որ նրանց մեղադրանք է առաջադրվել կազմակերպված հանցավոր խմբում որոշակի գործողություններ իրականացնելու համար, մինչդեռ, ըստ պաշտպանի, Հ. Մարտիրոսյանը ցուցակների հետ կապված գնացել է կենտրոնական մարմին, որպեսզի ճշտվի, թե ինչի համար են այդ ցուցակները պահանջվում իրենցից. «Եթե կազմակերպված խումբ էր, ինչու պիտի գնար-հասներ կենտրոնական ապարատ», ասաց նա:

Xachikyan_1 Xachikyan_3

Պաշտպանը նաեւ դիմեց դատախազին. «էս ո՞նց եք քննություն կատարել», եւ կասկածելով միայն վերջերս այս գործում ներգրավված դատախազի ռեպլիկ անելու իրավասությանը, ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ մինչեւ 2010 թվականը դեպոնացված գումարները տրվել են տեղական ստորաբաժանման կողմից եւ չգիտես ինչու դրանից հետո տեղափոխվել է կենտրոնական մարմին՝ ինչ-որ մարդկանց ցուցումով:

Նա դիմեց դատավորին, որ եթե «դուխը» բավարարի՝ անպարտ ճանաչել իր պաշտպանյալներին, կամ եթե, այնուամենայնիվ, պատասխանատվության պետք է ենթարկեն իր պաշտպանյալներին՝ այն չլինի ազատազրկման ձեւով:

Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը, որը ներկայացնում էր ամբաստանյալ Աշոտ Աբրահամյանի շահերը, ըստ էության իր ճառը սկսեց արտառոց դիտարկումով, այն է՝ մեղադրողը փոխել է մեղադրանքը, սակայն չի երեւում որպես մեղադրյալ Աշոտ Աբրահամյանին ներգրավելու մասին որոշումը: Ըստ էության մեղադրանքը փոխելու մասին ասվածը դատախազի մտադրությունն է մեղադրանք առաջադրելու մասին: Լ. Սիմոնյանը միջնորդեց, որպեսզի իր պաշտպանյալի վրայից հանվեն այն գումարները, որոնց մասին խոսել են մի շարք վկաներ, մասնավորապես՝ Գեւորգ Կարապետյանը, որը ստացել է հոր եւ մոր գումարները՝ 406.536 եւ 372.670 դրամ: Վկա Արմեն Թովմասյանը 700 հազար դրամ գումարի մասին էր ասել, դատարանում հայտարարելով, որ իր մորաքրոջ աղջիկը եկել ստացել է այդ գումարը: Սակայն ըստ պաշտպանի, չգիտես ինչու, այդ գումարը դրվել է Աշոտ Աբրահամյանի վրա: Մեկը այլ վկա հայտնել էր, որ 821 հազար դրամ է ստացել հարազատի թոշակը, դա նույնպես պետք է հանվի Ա. Աբրահամյանի վրայից: Ընդհանուր գումարը մոտ 19 մլն-ից ավելի է կազմել, որը պաշտպանը միջնորդեց, որպեսզի հանվի:

Նա միջնորդեց դատարանին, որպեսզի հաշվի առնվի այն հանգամանքը, որ Աբրահամյանը տվել է խոստովանական ցուցմունքներ, «աջակցել է գործի բացահայտմանը», նախկինում դատված չի եղել: Իսկ երբ պաշտպանն ասաց, որ նա մասնակցել է նաեւ Հայաստանի սահմանների պաշտպանությանը, դահլիճից ինչ-որ մեկը ռեպլիկի կարգով հարցրեց. «որտե՞ղ է մասնակցել»: Ի դեպ, պաշտպանը որպես մեղմացուցիչ հանգամանք նշեց դատարանում, որ իր պաշտպանյալը տառապում է ծանր հիվանդությամբ, ինչը, համաձայն կառավարության 826-Ն որոշման 2-րդ հավելվածի, ծանր հիվանդությունների այն ցանկն է, որով մարդուն իրավունք չունեն կալանավայրում պահելու:

Պաշտպանը խնդրեց նաեւ, որպեսզի Աշոտ Աբրահամյանի նկատմամբ կիրառվի համաներում:

Պաշտպանական ճառերը կշարունակվեն հաջորդ՝ նոյեմբերի 20-ին նշանակված նիստում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930