Լրահոս
Օրվա լրահոսը

«Իր խուց որևէ իր՝ սեղան կամ աթոռ, չի բերվել». Արդարացման դատավճիռը ստացավ օրինական ուժ․ Լիպարիտ Սիմոնյան

Հուլիս 09,2026 12:30 Share

ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավոր Գրիգոր Մաթևոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա իր խուց սեղան և աթոռ տեղափոխելու համար հիմնարկի օպերատիվ բաժանմունքի պետ, պաշտոնատար անձ հանդիսացող Ռուբեն Կիրակոսյանից թույլտվություն ստանալու՝ վերջինիս լիազորությունների շրջանակում իր օգտին գործողություններ կատարելու համար, 2017 թ․ հուլիսի 8-ին, Ռուբեն Կիրակոսյանին առաջարկել և վերջինիս կողմից առաջարկն ընդունելուց հետո, նրա պահանջով, 2017 թ․ հուլիսի 10-ին, քննությամբ ինքնությունը չպարզված իր ծանոթի միջոցով, Վանաձորի Բաղրամյան պողոտայում Ռ.Կիրակոսյանին տվել է 15.000 ՀՀ դրամ կաշառք, որից հետո հիշյալ առարկաները տեղափոխվել են իր խուց»:

2019 թ․ սեպտեմբերի 16-ի որոշմամբ թիվ ԼԴ/0071/01/19 քրեական գործը ընդունվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Գզոգյանի վարույթ, 2019 թ․սեպտեմբերի 20-ի որոշմամբ նշանակվել է դատական քննության։ Իսկ 2022 թ․սեպտեմբերի 2-ին Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ թիվ ԼԴ/0071/01/19 քրեական գործն ըստ ընդդատության ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան։

Թիվ ՀԿԴ1/0033/01/22 (ԼԴ/0071/01/19) քրեական գործը 2022 թ. սեպտեմբերի 8-ին մակագրվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մ․Մոսինյանին։Մեղադրանքը պաշտպանել է դատախազ Սոս Տոնոյանը։

Ամբաստանյալ Գրիգոր Մաթևոսյանը դատաքննության ընթացքում ցուցմունք էր տվել, որ ինքը եղել է ոչ թե 37-րդ, այլ 27-րդ խցում, ինչը երևում է նաև իր թղթերից. «Ինքը որևէ բանի հետ կապ չունի, իր խուց որևէ իր՝ սեղան կամ աթոռ, չի բերվել, ինչպես նաև ոչ ոքի կաշառք չի տվել: Չգիտի, թե ով է խոսում քրեական գործում առկա հեռախոսային խոսակցությունների ընթացքում:
Առերեսում եղել է, բայց ինքը ոչ մի բան ո՛չ ասել է, ո՛չ գրել»:
Նաև հաստատել էր, որ այո, հեռախոսն իրենն է եղել, բայց դրանից հազար մարդ է օգտվել: Ռուբեն Կիրակոսյանի հետ չի կապվել։

Դատարանը Ճանաչել և հռչակել է ամբաստանյալ Գրիգոր Մաթևոսյանի անմեղությունը 2003 թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ և նրան արդարացրել` ամբաստանյալ Գրիգոր Մաթևոսյանի մեղավորությունը ապացուցված չլինելու հիմքով:

Տասնվեց հատորանոց գործը հանգրվանել է վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում (Մ. Մակյան, Ա. Մարտիրոսյան,  Կ. Ամիրյան)։

Այս տարվա փետրվարի հինգին դատարանն անփոփոխ է թողել ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից 2025 թ․ օգոստոսի 26-ին կայացված թիվ ՀԿԴ1/0033/01/22 դատավճիռը։

Ի դեպ, դատաքննությամբ հետազոտված ապացույցների մեջ Գրիգոր Մաթևոսյանի մեղադրանքի հիմքում դրված միակ ապացույցը հանդիսանում է սույն քրեական գործի մեղադրանքի հետ առնչվող՝ մեկ այլ քրեական գործով ամբաստանյալ Ռ․Կ․-ի նախաքննական ցուցմունքը, ով դատաքննության ժամանակ հրաժարվել է ցուցմունք տալուց և հարցերին պատասխանելուց, իսկ պաշտպանական կողմն էլ զրկված է եղել ամբաստանյալի դեմ ցուցմունք տված անձին պատշաճ հարցաքննելու հնարավորությունից:
Առաջին ատյանի դատարանը, հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում կայացված մի շարք որոշումներ, իրավացիորեն հանգել է այն հետևության, որ Ռ. Կ.-ի նախաքննական ցուցմունքները չեն կարող դրվել դատավճռի հիմքում, հակառակ դեպքում կխախտվի ամբաստանյալ Գրիգոր Մաթևոսյանի արդար դատաքննության իրավունքը:
Ըստ դատարանում առկա փորձագետի եզրակացության. «Ֆայլերը պարունակում են ձայնագրված հեռախոսային խոսակցություններ:  Յուրաքանչյուր խոսակցությանը մասնակցում են արական սեռի երկու անձինք:

Ձայնագրված հեռախոսային խոսակցությունները պիտանի չեն նույնացմանն ուղղված հետազոտությունների անցկացման համար՝ անձն անհատականացնող հատկանիշների անբավարարության պատճառով:
Հետևաբար, փորձաքննության շրջանակներում պարզել՝ ձայնագրված հեռախոսային խոսակցություններին մի կողմից մասնակցում է Գրիգոր Մաթևոսյանը, թե ոչ՝ հնարավոր չէ»:

Օրեր առաջ՝  հուլիսի 2-ին վճռաբեկ դատարանը Թիվ ՀԿԴ1/0033/01/22 քրեական գործով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թ․ փետրվարի 5-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա․Արամյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել է:
Պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն «Առավոտին» ասաց, որ որոշումն օրինական ուժի մեջ է մտել։

Վճռաբեկ դատարանը (նախագահող՝ Դավիթ Վեքիլյան)  գտել  էր, որ բողոքաբեր դատախազի կողմից բավարար կերպով չի հիմնավորվել, որ Վերաքննիչ դատարանի կողմից առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, և որ միաժամանակ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ oրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի միատեսակ կիրառության համար, հետևաբար, բացակայում է բողոքը վարույթ ընդունելու՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված պայմանը։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.07.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել