Լրահոս
Օրվա լրահոսը

Կնոջը դաժան ծեծի է ենթարկել հարեւանին բարեւելու համար

Նոյեմբեր 15,2014 15:00

51-ամյա Մարինե Խաչատրյանի (անուն-ազգանունը փոխված է) երբեմնի բնականոն ռիթմը կորցրած կյանքը հիմնովին փոխվեց այն բանից հետո, երբ մի գեղեցիկ օր կինն իր մեջ բավականաչափ ուժ գտավ հեռանալու իրեն եւ երեխաներին պարբերաբար բռնության ենթարկող ամուսնուց: Մարինեի մայրը աղջկա համար բարեկեցիկ պայմաններ ապահովելու նպատակով 18 տարեկանում աղջկան ստիպողաբար ամուսնացնում է նրանից 10 տարով մեծ տղամարդու հետ: Բայց արի ու տես՝ մոր դրական սպասումները այդպես էլ չեն արդարանում: Ամուսնությունից շատ չանցած՝ Մարինեն սկսում է ամուսնու կողմից ենթարկվել միաժամանակ ե՛ւ ֆիզիկական, ե՛ւ սեռական բռնության:

Ինչպես Մարինեն է պատմում՝ ամուսինը հարբած գալիս էր տուն ու մի փոքր բանից կռիվ սարքում: Ըստ նրա՝ ծեծի պատճառ կարող էր դառնալ ճաշի անալի կամ աղի լինելը, հարցերին ուշ պատասխանելը, հարեւանին ժպիտով բարեւելը, խանութից մի փոքր ուշանալը. «Ծեծում էր որտեղ պատահեր՝ տանը, դրսում, հարեւանի, բարեկամի ներկայությամբ եւ այն աստիճանի, որ կորցնում էի գիտակցությունս եւ արթնանում մի որեւէ բուժհաստատությունում»,- «Առավոտին» պատմում է բռնության ենթարկված կինը՝ ասելով, որ ծեծվում էին նաեւ երեխաները, երբ փորձում էին միջամտել կամ էլ հանգստացնել զայրույթից իրեն կորցրած հորը: Ամուսնու բռնություններին այլեւս չհամակերպվող կինը երկու անգամ ինքնասպանության փորձ է կատարել:

«Այդ ժամանակ հոգեպես ծանր վիճակում էի եւ չէի գիտակցում, թե ինչ եմ անում: Ես որոշել էի, որ պետք է վերջ տամ կյանքիս ու այդպես էլ կանեի, եթե ճիշտ ժամանակին ու ճիշտ տեղում չհայտնվեր մեծ աղջիկս»,- հիշում է տիկին Մարինեն, որն այսօր իրեն համարում է ընտանիքի լավ մայր եւ երջանիկ տատիկ: Ափսոսում է միայն նրա համար, որ ավելի շուտ չի դիմել համապատասխան կառույցների օգնությանը եւ կյանքն այլ կերպ դասավորել:

Այն, որ ամոթը, վախը բռնարարի նկատմամբ, ընտանիքը պահպանելու ձգտումը շատ հաճախ կանանց ստիպում են լռել եւ հանդուրժել ընտանիքում տեղի ունեցող ֆիզիկական, սեռական եւ հոգեբանական բռնությունները, «Առավոտ»-ի հետ զրույցում փաստեց նաեւ Կանանց իրավունքների կենտրոնի հոգեբան Ալիսա Քամալյանը, բայց նաեւ չհերքեց, որ որոշակի դրական տեղաշարժ կանանց մտածողության մեջ, այնուամենայնիվ, նկատվում է: Նախորդ տարիների համեմատ կենտրոն դիմողների թիվն ավելացել է, ինչը հոգեբանի համոզմամբ՝ կապված է կանանց գիտակցության եւ իրազեկվածության բարձրացման հետ:
Ալիսա Քամալյանի տվյալներով՝ 2014 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում ստացել են 1044 զանգ, որոնցից 875-ը՝ ընտանեկան բռնության վերաբերյալ: Ըստ նրա՝ այս տարի ընտանեկան բռնության արդյունքում 9 կին է մահացել: Նրա խոսքերով՝ կանանց բռնությունների ենթարկվելու պատճառները տարբեր են՝ գործազրկությունը, ֆինանսական ծանր վիճակը, ալկոհոլի խնդիրը եւ այլն: Հոգեբանը բերեց օրինակներ, որոնց հանդիպել է իր գործունեության ընթացքում: Մի պատմության մեջ կնոջ զգեստապահարանում ներքնազգեստի բացակայությունն է դարձել դաժան ծեծի պատճառ, մեկ այլ պատմության մեջ էլ ամուսինն աթոռով այնքան է հարվածել կնոջ գլխին, որ նրա մոտ տեսողության հետ կապված խնդիրներ են առաջացել: Ըստ հոգեբանի՝ ընտանեկան բռնությունը նաեւ ծանր ազդեցություն է ունենում ականատես երեխայի վրա:

«Մենք ունեցել ենք դեպքեր, երբ ծեծից անմասն չեն մնացել նաեւ երեխաները, ինչը նրանց մոտ վախերի, վարքային խանգարումների եւ մեկուսացվածության պատճառ է դարձել»,- ասում է մեր զրուցակիցը: Նա համաձայն չէ հնչեցված այն տեսակետի հետ, թե հաճախ կանանց նկատմամբ բռնություն է կիրառվում աղքատ, անապահով ընտանիքներում, կրթության ավելի ցածր մակարդակ ունեցող մարդկանց շրջանում:

Ալիսա Քամալյանի աշխատանքային պրակտիկան այս ոլորտում ցույց է տվել, որ բոլորն էլ կարող են ենթարկվել բռնության՝ անկախ հասարակության մեջ զբաղեցրած դիրքից: Հոգեբանի խոսքերով՝ բռնությունների պատճառը թերեւս օրենսդրական դաշտում ընտանեկան բռնության համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքի բացակայությունն է: Նրա համոզմամբ՝ օրինագծի ընդունումը կնպաստի բռնությունների կանխարգելմանը, կբարձրացնի ընտանիքի բոլոր անդամների պաշտպանվածության մակարդակը:

ՊԵՐՃՈՒՀԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930