Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Կարայան. «Եթե թվարկեմ ԵՏՄ-ին միանալուց հետո թանկացող ապրանքները, կես ժամը չի հերիքի»

Դեկտեմբեր 02,2014 13:16

ՀՀ ԱԺ-ն հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի աշխատանքների ընթացքում շարունակում է քննարկել «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014-ի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի վավերացման հարցը:

Պատգամավորները մի շարք մտահոգություններ հայտնեցին, օրինակ` ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, թե 44 հարց ունի զեկուցողին` ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանին: Փոխնախարարն ամեն կերպ փորձում էր համոզել, թե ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ՀՀ-ից արտահանվող ապրանքների համար որևէ մաքսային զննման անհրաժեշտություն չի լինելու: Հրանտ Բագրատյանը հայտարարեց, թե Կարայանն իր ելույթում բաներ է ասել, որոնք տնտեսագիտության հետ կապ չունեն ու օրինակ բերեց, թե Կարայանն ասում է, որ ԵՏՄ-ին միանալը տնտեսական լրացուցիչ աճ կտա 1.2-3 տոկոս: Բայց մեկ տարի առաջ ներկայացված բյուջե 2014-ում ամրագրել էինք 5.2 տոկոս աճ, իսկ բյուջե 2015-ում` 4.1 տոկոս աճ: Պարոն Բագրատյանը հետաքրքրվեց` այդ ո՞նց է տնտեսական աճը 1.1 տոկոսով նվազում:

Պարոն Բագրատյանը նաև մտահոգություն հայտնեց, թե հնարավո՞ր է, ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ՀՀ-ում ներդրումները նվազեն: Սուրեն Կարայանը պատասխանեց. «Կանխատեսվող տնտեսական աճը նկատելի կլինի սկսած 2015-ի երկրորդ կեսից և ավելի շատ արդյունքները շոշափելի կարող են լինել սկսած 2016-ից: Հաշվարկները պատրաստ եմ առանձին Ձեզ ներկայացնել: Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա ԵՏՄ անդամակցությունը միակ պայմանը չէ ներդրումների ավելացման, պետք է բարելավել գործարար միջավայրը: Բայց փաստ է այն, որ ԵՏՄ-ին միանալով մենք կունենանք 170 միլիոնանոց շուկա` 3 միլիոնանոցի փոխարեն»:

ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հետաքրքրվեց` կոնկրետ ո՞ր ապրանքներն են թանկանալու ԵՏՄ-ին անդամակցելուց հետո և շեշտեց, թե համաձայնագրի` ՀՀ Սահմանադրության հետ հակասությունը ակնհայտ է: Պարոն Կարայանը նշեց, եթե թվարկի թանկացող ապրանքները, ապա կես ժամը գուցե չհերիքի: Բայց վստահեցրեց, թե «մեծ գնաճ մենք չենք ակնկալում, 0.3-0.6 տոկոսը, այն էլ ոչ միանգամից, լրիվ կառավարելի գնաճ է»:

Խոսրով Հարությունյանը հորդորեց նշել կոնկրետ ապրանքների խմբերը: Կարայանը հայտարարեց, թե, օրինակ, կահույքը, կաթնամթերքը, մսամթերքը, պլաստմասե ապրանքները թանկանալու են: Իսկ համաձայնագրի սահմանադրականության մասին հարցին ի պատասխան փոխնախարարն ասաց. «ՍԴ-ն այդ հարցը քննարկել և որոշում է կայացրել, և այն մեկնաբանելու իրավասություն ոչ ոք չունի»:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը մտահոգություն հայտնեց, թե ԵՏՄ տնտեսական խորհրդի կոլեգիալ մարմնում ՀՀ-ն` ի տարբերություն մյուս անդամ երկրների ունի երեք նախարար, բայց մեկ ձայն: Սուրեն Կարայանը պարզաբանեց. «Դա ընդամենը մեկ տարի է տևելու, պատճառն այն է, որ ներկայումս ԵՏՄ հանձնաժողովի անդամ նախարարները նշանակված են չորս տարի ժամկետով և նրանց ժամկետն ավարտվում է 2016-ի սկզբից: Որոշումներն ընդունվելու են կոնսենսուսով, ուստի մեր մեկ ձայնի` դեմ լինելու պարագայում որոշում չի ընդունվի»:

Փոխնախարարը նաև ի պատասխան հարցի հնչեցրեց, թե ԵՏՄ ցանկացած անդամ պետություն ցանկացած պահի կարող է դուրս գալ միությունից հաջորդ տարվա սկզբից` կատարելով բոլոր ֆինանսական պարտավորությունները:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031