Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամուլսարը ոսկու ամենաաղքատ հանքավայրն է. ինչո՞ւ է «Գեոթիմը» քնձռոտ հանքով շահագրգռված». (Տեսանյութ)

Դեկտեմբեր 02,2014 19:42

Բնապահպանները մտահոգված են «Ամուլսարի» ոսկու հանքի շահագործման` կառավարության տված դրական եզրակացությամբ. բնապահպանները վստահեցնում են, որ եզրակացությունը մի շարք խախտումներով է տրվել:

«Լիդիան ինթերնեյշնլի» հայաստանյան դուստր ընկերության «Գեոթիմ» ընկերությունն այսօր հաղորդագրություն է տարածել, որտեղ գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը
վստահեցրել է ` «Ամուլսարի ծրագիրը 420 միլիոն դոլարի ներդրումային ծրագիր է, որը երկրի եւ շրջակա համայնքների համար զգալի տնտեսական հնարավորություններ է բերելու: Այն կստեղծի մոտ 1500 աշխատատեղ շինարարության եւ ավելի քան 700 մշտական աշխատատեղ` ծրագրի իրականացման ավելի քան 10 տարիների ընթացքում: Ամուլսարը նաեւ հնարավորություն է՝ Հայաստանում համաշխարհային լավագույն փորձի համապատասխան, միջազգային բնապահպանական եւ սոցիալական կառավարմամբ հանքարդյունաբերական ծրագիր իրականացնելու, որից կշահեն թե՛ երկիրը, թե շրջակա համայնքները»:

Այսօր Aravot.am-ը բնապահպաններից հետաքրքրվեց` «Գեոթիմը» մեծ ծավալի ներդրումներ է կատարելու, աշխատատեղեր է բացելու, սա տնտեսության համար կարեւոր է, ի՞նչ կարծիք ունեն այս մասին:

«Համահայկական բնապահպանական ճակատի» ներկայացուցիչ Լեւոն Գալստյանն ասաց, որ 1500 աշխատատեղ ընկերությունը միայն շինարարության փուլում է ստեղծելու, հետո նվազելու է, ընդ որում, այդ աշխատատեղերը ժամանակավոր են` ընդամենը 10 տարով. «Իսկ 10 տարի հետո այդ վայրում 2000 հեկտար տարածք թունավորված է լինելու: Գետային ավազաններն ի՞նչ վիճակում են լինելու` ոչ ոք չի կարող ասել, ցիանային ի՞նչ ներծծումներ եւ արտահոսքեր են լինելու, ոչ ոք չի կարող կանխագուշակել, ի՞նչ է լինելու Ջերմուկ առողջարանային կենտրոնի վարկանիշի հետ»:

Ամուլսարի հանքի ազդակիր համայնքի` Գնդեվազի բնակիչ, բնապահպանական թեմաներ լուսաբանող լրագրող Թեհմինա Ենոքյանն էլ նկատեց, որ 6000 ից ավելի բնակիչ կա Ջերմուկի տարածաշրջանում. «Այդ մարդիկ իրենց բնակարանները, որպես հանգստյան տուն, վարձով են տալիս հանգստյան, հյուրանոցներում երեւի 5000-ից ավելի մարդ է աշխատում, ի վերջո գյուղի բնակիչներն իրենց ծիրանը բերքն են վաճառում եւ իրենց աշխատանքը կախված չէ հանքարդյունաբերական աշխատանքներից»:

Այսինքն, ըստ բնապահպանների, Ամուլսարի հանքի շահագործումը շատ ավելի մեծ վնաս է պատճառելու, քան 10 տարով աշխատատեղ բացելու օգուտն է:

«Էկոլուր» լրատվական կայքի ղեկավար Ինգա Զառաֆյանն էլ կարծիք հայտնեց, որ Ամուլսարի  շահագործող ընկերության բաժնետոմսերով բիրժային «խաղեր են տալիս»` մեկ բարձրացնում, մեկ էլ իջեցնում են գները, ինչը կասկածելի է: Բացի այս, տիկին Զառաֆյանի տեղեկացմամբ հանքի շահագործման թույլտվության եզրակացության մեջ հանքի վտանգավորության Ա կատեգորիան փոփոխել են, դարձնելով`Բ, որը միջին վտանգավորություն է: «Կարեն Ճշմարիտյանի (էկոնոմիկայի նախարար. Ն.Բ.) մի քանի ելույթներից ակնհայտ երեւում էր, որ հանքը պիտի շահագործվի,անգամ առանց դեռեւս դրական եզրակացություն չկար, նա ասաց, որ Ամուլսարի հանքն անպայման պիտի շահագործվի»,-ասաց տիկին Զառաֆյանը:

«Թեղուտի պաշտպանություն» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արթուր Գրիգորյան էլ ասաց, որ կասկածներ ունեն, որ Ամուլսարի ծրագիրը հաստատվել է, դրական եզրակացություն է տրվել`  վերավաճառելու նպատակով. «Ամենաաղքատ հանքաքար ունեցող հանքն է, աղքատ հանքաքարի ֆոնին հարցեր են առաջացնում` մի հատ քնձռոտ հանքավայրի, որտեղ ոսկու պարունակությունը 1 տոննայի մեջ` 0.8 գրամ ոսկի է, ու իրենք անընդհատ ավելացնում են այդ ծավալը,ուղղակի տարածքի ընդլայնման հաշվին»: Բնապահպանները նկատեցին.«Քաջարանի հանքում էլ նույն ծավալի ոսկի կա հանքաքարում, բայց այդ մասին նրանք չեն խոսում»:

Արթուր Գրիգորյանի խոսքերով` «420 միլիոն դրամ ներդրումն իրականում փուչիկ է, տեսեք` հանքարդյունաբերությունն այնպիսի բիզնեսի տեսակ է, որ այդ 420 միլիոնի ներդրումների մեծագույն մասը հետ է գնում իրենց: Երկրաբանական ուսումնասիրություններում ուռճացված թվեր են ներկայացրել, որ իբր միլիոններ են ծախսել, իրականում Հայաստանում մնում է չնչին գումարներ` բնապահպանական վճարներ ու աշխատավարձեր, այդ 420 միլիոնը փուչիկ է, Հայաստանում չի մնալու»:

Ինչ վերաբերում է «Գեոթիմի» հավաստիացրած` Հայաստանում համաշխարհային լավագույն փորձի համապատասխան, միջազգային բնապահպանական եւ սոցիալական կառավարմամբ հանքարդյունաբերական ծրագիր իրականացնելը, ապա Լեւոն Գալստյանը նկատեց` «1 տոննա հանքաքարում 0.8 գրամ ոսկու պարունակությամբ միայն ցիանիդային եղանակով է հնարավոր աշխատել, այլ մեթոդով անհնար է, ցիանիդայինը աղքատ հանքավայրերի շահագործման միակ տարբերակն է, այդ եղանակով մշակումը վտանգավոր տեխնոլոգիա է: Աշխարհում չի թույլատրվում այդ եղանակով շահագործում, իրենք այս տարի ոչ մի կոպեկ չեն մուծելու պետբյուջե` այդ թափոնները տեղափոխելու համար, փող չեն մուծելու, դրա համար էլ շահավետ է»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031