Լրահոս
Օրվա լրահոսը

«Նաիրիտի» պարտքերը շարքային քաղաքացիներն են վճարելու

Դեկտեմբեր 06,2014 13:44

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի կարծիքով` կառավարությունը հանցանք է գործել` պետական երաշխիքով «Նաիրիտի» համար այդքան պարտք կուտակելով

Նոյեմբերի 27-ին էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այցելել է «Նաիրիտ» գործարան, հանդիպել աշխատակիցների հետ. հանդիպման ընթացքում հայտարարել է, որ գործարանի պարտքն այսօր արդեն կազմում է մոտ 102 միլիարդ դրամ, որից 6 միլիարդը աշխատավարձի գծով պարտքն է, 63 միլիարդը վարկային պարտավորություններ են, 20 միլիարդը պարտք է Երեւանի ՋԷԿ-ին, 8,5 միլիարդը բյուջետային պարտք է, 1,4 միլիարդը պարտք է «Գազպրոմ Արմենիային», իսկ 1,2 միլիարդը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը:

Նախարարը նաեւ վստահեցրել էր, որ Համաշխարհային Բանկի կողմից գործարանում կիրականացվի տեխնիկական աուդիտ, եկող տարի բանկի ներկայացուցիչները կայցելեն Երեւան, գործարանի մասնագետների հետ կուսումնասիրեն վերագործարկման հնարավորությունները: Եւ եթե աուդիտի արդյունքում դրական եզրակացություն լինի, ապա կառավարությունը կդիմի «Նաիրիտ գործարանի» կառավարման մարմիններ՝ վերագործարկման համար միջազգային մրցույթ անցկացնելու նպատակով: Հոկտեմբերի 15-ի տպագիր «Առավոտում»  «Նաիրիտի» նախկին տնօրեն Գագիկ Ներսիսյանը վերլուծելով գործարանի տեխնիկական վիճակն ու  աշխատելու հնարավորությունները, նշել էր, որ եթե անգամ հայտնվի ներդրող եւ որոշի բութադիենային եղանակով աշխատել, ապա իրացման խնդիր է լինելու:  Բացի այս, Ներսիսյանը նաեւ նշել էր, որ գործարանն աշխատացնելու համար, բացի այն որ հարկավոր է տեխնիկական լուրջ վերազինում, նաեւ երկաթգծի ճանապարհ է պետք, որը, մոտ ապագայում դժվար էլ լինի: Ըստ Ներսիսյանի, ինչ տեխնիկական առաջադրանք էլ որ որոշվի, դա պետք է հանրայնացնել:

Տնտեսագետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանն էլ Aravot.am-ի հետ զրույցում հիշեցրեց, որ ինքը տարիներ առաջ եղել է «Նաիրիտ» խորհրդի կազմում` որպես նախագահի խորհրդական եւ դեռ այն ժամանակ մասնագետները գիտեին, որ գործարանը շահավետ կարող է աշխատել, եթե տեխնոլոգիաները փոխվեն: Դեռ այն ժամանակ էլ սահմանների փակ լինելու խնդիր կար, ինչպես ասաց պարոն Խաչատրյանը, հումք ներկրելու խնդիր կար:

«Տարիներ շարունակ քաղաքացիներին կառավարությունը թյուրիմացության մեջ է գցել, ու թե քաղաքացիներին, թե պետությանը պարտքերի տակ է գցել: Էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանն ու նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը մարդկանց թյուրիմացության մեջ գցելով պետությանը մեծ վնասներ են պատճառել, անհասկանալի պատճառով վարչական կազմին աստղաբաշխական  աշխատավարձեր են գրել ու վճարել: Հանցագործություն են կատարել, պետական փողերի  անիմաստ վատնում»,-ասաց Վահագն Խաչատրյանը:

Տնտեսագետի դիտարկմամբ` ամեն ամիս մեկ միլիոնից ավելի դոլար հատկացնելով աշխատավարձերին, կառավարությունը մեղավոր է, որ պետական երաշխիքներ  վերցնելով պարտքեր է կուտակել. «Բայց իրենք մեզ չեն հարցրել` որպես հարկատու. սա պետական պարտք է, որը մեր` հարկատուներիս ուսերի վրա է: Այս 102 միլիարդ դրամ պարտքը, որը պետական երաշխիքով է եղել, քաղաքացիներն են վճարելու: Նորից եմ ասում` սա պետության դեմ հանցագործություն է»:

Հիշեցնենք, որ «Նաիրիտի» նախկին տնօրեն Գագիկ Ներսիսյանն
ասել էր, որ  եթե անգամ որոշվի գործարանում միայն ացետիլենային տեխնոլոգիայով կաուչուկ ստանալ, սա շատ վտանգավոր ու թունավոր տեխնոլոգիա է. ««Նաիրիտը» շատ բարդ արտադրություն է, եւ մտածել, որ կգտնվի մի խելագար, կգա այստեղ փող կներդնի, ծիծաղելի է: Ես միայն մակերեսային խնդիրներն եմ նշում: Տեխնոլոգիաները դարն ապրել են, շենքային պայմաններն ավերված են, խողովակաշարերը՝ վատ վիճակում, բութադիենային արտադրության համար պետք է մաքուր օդի խողովակաշարեր ունենալ, որոնք Արազի ափից էին բերում, հիմա այդ խողովակաշարերը չկան, վաճառվել են, տարել են հիդրոկայաններ են սարքել: Էլ չեմ ասում բնապահպանական ահավոր, ահասարսուռ վնասները, կարելի է Երեւանը լքել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031