Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ է, «Նաիրիտի» գնորդը Ղարաբաղի հա՞րցը պիտի լուծի»

Հոկտեմբեր 16,2014 15:30

Մոտ մեկ ամիս առաջ էներգետիկայի նախարարությունում՝ նախարար Երվանդ Զախարյանի գլխավորությամբ, ԱԺ պատգամավորների, գիտնականների ու գործարանի ղեկավար կազմի մասնակցությամբ քննարկվել է «Նաիրիտ» գործարանի ճակատագիրը. այս քննարկումը գործարանի նախկին տնօրեն Գագիկ Ներսիսյանի կարծիքով՝ պոպուլիզմ է: Երվանդ Զախարյանի վստահեցումը, թե գործարանի համար գնորդներ անպայման կգտնվեն, գործարանի վերագործարկումը միանգամայն հնարավոր է, նախկին տնօրենն անիրատեսական է համարում, քանի որ այնպիսի խոչընդոտներ կան, որոնք անհնար է հաղթահարել:

«Առավոտի» հետ զրույցում Գագիկ Ներսիսյանը վերլուծում է իրավիճակն ու ընդգծում, թե քանի կոպեկ արժեն պաշտոնյաների խոստումները:

Ինչո՞ւ ԽՍՀՄ-ը
կառուցեց «Նաիրիտն»
ու ինչպե՞ս էր այն աշխատում

«Նաիրիտը» խորհրդային տարիներին կառուցվեց միայն մի պատճառով՝ կար էներգիայի ավելցուկ, չգիտեին ինչ անեին այդ ավելցուկը, փակ երկիր էր, որոշեցին բավականին էներգատար գործարան ստեղծել, ինչ-որ բան, որը հիմնված կլինի կարբիտի վրա՝ կրաքարային հումքի վրա, որից կստանային կարբիտ, սրանից՝ ացետիլեն, հետո՝ կաուչուկ: Ահավոր կեղտոտ, էկոլոգիապես շատ փնթի, ու այդպիսի բան միայն Սովետական Միությունը կարող էր մտածել՝ հայերի նկատմամբ նման մի բան անել:

Հետո տեսան, որ հայերը կարողանում են գլուխ հանել այդ ծանր քիմիական արտադրությունից, որոշեցին կատարելագործել, քլորոպրենային կաուչուկի պահանջարկը մեծ էր, այլեւս հնարավոր չէր տարեկան, ասենք, 10-15 հազար տոննա կաուչուկով Սովետում յոլա գնալ, զարգանում էր մեքենաշինությունը, խիստ անհրաժեշտ էր ունենալ քլորոպրենային կաուչուկից արտադրված ռետինատեխնիկական տարբեր պահեստամասեր, աքսեսուարներ: Գիտությունը զարգանում էր, եւ բութադիենի վրա սկսեցին քլորոպրենի արտադրությունը: Սա ենթադրում էր տարեկան 80 հազար տոննա արտադրության հասնել»,- ասում է պարոն Ներսիսյանը ու նշում, որ այն ժամանակ անսահմանափակ տրանսպորտային հնարավորություններ կային, Հայաստանն այլեւս մեր կրաքարային ապարները չէր օգտագործում, միակ հումքը աղաջուրն էր, որը բերվում էր պահեստարաններից՝ 45-47 կմ հեռավորությունից: «Ուղղակի պետք է պատկերացնել, թե ինչ արժեք կունենա հիմա այդ աղաջուրը, Սովետի ժամանակ այն որեւէ արժեք չուներ: Քլոր արտադրելու համար «Նաիրիտի» միակ հումքը աղաջուրն էր, իսկ այդ աղաջրի հոսքաջրերի խողովակաշարերի վրա հիմա մարդիկ ամառանոցներ են կառուցել, բնակարաններ, գյուղեր, դուք պատկերացրեք, որ հանկարծ հետագայում՝ աշխատելու դեպքում, վթար լինի»,- նկատում է գործարանի նախկին տնօրենը: 80 հազար տոննա արտադրության համար կաուչուկ ստանալու նպատակով, ըստ պարոն Ներսիսյանի, Հայաստանը համապատասխան քանակության քլոր, բութադիեն եւ այլ նյութեր ներկրում էր Սումգայիթից: Սա նավթի վերամշակման պրոդուկտ է՝ հեղուկ գազային նյութ է, պայթյունավտանգ, արագ այրվող:

Պարոն Ներսիսյանը հիշում է՝ երբ նախարարությունում քննարկման ժամանակ ներկաներից մեկն անհանգստացել էր՝ «բութադիենը ո՞նց ենք բերելու», մեկ ուրիշն էլ ասել էր՝ «բենզինը ոնց ենք բերում, էդպես էլ սա կբերենք». «Եթե մարդը չի պատկերացնում՝ ինչ է բենզինը, ինչ է բութադիենը՝ իրենց քիմիայով, սպեցիֆիկ տարրերով եւ այլն, ապա այդպիսի քննարկմանը մասնակցելն ամոթ է»:

Կաշխատի-չի աշխատի,
կառնեն-չեն առնի

Եթե մի պահ ենթադրենք, որ ինչ-որ մեկը գործարանը ձեռք կբերի, ապա նախկին ծավալներով արտադրության համար հարկավոր է հազարավոր տոննաներով մի քանի անուն քիմիական նյութեր ներկրել, որոնք բացի երկաթուղային ճանապարհից՝ այլ անվտանգ ճանապարհ չկա: Իսկ համապատասխան երկաթուղային ճանապարհ, ըստ Ներսիսյանի, չկա: «Որպեսզի նախկին արտադրության ծավալներն ունենանք, անհրաժեշտ է առնվազն 2000-2500 տոննա տարբեր նյութեր ներկրել եւ արտահանել համարյա նույնքան ծավալի պրոդուկտ: Քլորի արտադրությունից առաջանալու է մի քանի հարյուր հազար տոննա կաուստիկ սոդայի լուծույթ, ի՞նչ պիտի անեն, ո՞ւր պիտի ուղարկեն, որեւէ մեկին դա պետք չէ, ոչնչացնելն էլ անհնար է, 40%-անոց լուծույթի մասին է խոսքը: Իսկ որպեսզի դա դառնա պինդ կաուստիկ սոդա, որի պահանջարկը կա, պետք է հսկայական գործարան կառուցել. 300 միլիոն դոլար ներդրման մասին որ խոսում են, եթե հաշվարկեն, այդ 300 միլիոնը 0 կոպեկ է»,- ասում է Գագիկ Ներսիսյանը, ըստ որի՝ այդպիսի արտադրությունն ուղղակի ձեռնտու չի, անհնար է իրացումը: Պարոն Ներսիսյանի հաշվարկներով՝ «Նաիրիտն» աշխատեցնելու համար կես միլիոն տոննա բեռնաշրջանառություն է պետք. «Նման բեռնափոխադրման համար երկաթուղային ճանապարհ է հարկավոր, ավտոմոբիլայինը հուսալի չէ, Լարսի ճանապարհը մի օր կա, մյուս օրը փակ է, կարելի է ասել՝ ամսով փակ է լինում, փլուզվում է, իսկ «Նաիրիտը» ատոմակայանի պես է, չի կարելի է մի քանի ամիս աշխատեցնել, մի քանի ամսով փակել:

Բեռնաշրջանառության համար մեզ պետք է Բաքվի գիծը, որը Նախիջեւանով Երեւան է գալիս, Ռուսաստանից Բաքու պիտի գա, ապա՝ Հայաստան: Եթե ենթադրենք, որ ռուսական ընկերությունը կգնի «Նաիրիտը», ու ճանապարհ ունենալու համար, ի՞նչ է, Ռուսաստանը պիտի քաղաքական հա՞րց լուծի, Ղարաբաղի հա՞րցը լուծի «Նաիրիտի» համար: Ղարաբաղի հարցը աշխարհաքաղաքական է, իսկ Ռուսաստանին սանկցիաներով «ոտի տակ են գցել»: Բարի ցանկություններով չի աշխատի «Նաիրիտը», ու նրա մասին խոսում են նրա հետ կապ չունեցողները: Ես չգիտեմ, թե ի՞նչն են հաշվի առել, թող փաստեր բերեն՝ տեսնենք»:

Պարոն Ներսիսյանն ասում է՝ եթե անգամ Ռուսաստանը «Նաիրիտի» ձեռք բերողը լինի եւ կարողանա ազդել Վրաստանի վրա ու որոշի Սուխումի երկաթգիծն օգտագործել, ապա այս երկաթգիծը ուղեւորատար է, այն պիտանի չէ բեռնափոխադրման համար, այն էլ՝ բութադիենի պես նյութի: Ըստ նախկին տնօրենի՝ 8000 տոննա բութադիեն ներկրելու համար պետք է ամսական 150 վագոն ներկրել ու հատուկ վագոններով, նույնիսկ չգիտենք էլ՝ Ռուսաստանն ունի՞ նման վագոններ: Վտանգավոր բութադիենը ծովով էլ հուսալի չէ տեղափոխելը, քանի որ այն ամսով, նույնիսկ ամիսներով ալեկոծվում է, այս պարագայում նման պայթյունավտանգ բեռ տեղափոխելն անթույլատրելի է: Իսկ գործարանն աշխատեցնելու համար առնվազն մեկ տարվա հումք պետք է պահեստավորվի:

Ամեն անգամ «Նաիրիտի» վերագործարկման մասին խոսելիս պաշտոնյաները «Ռոսնեֆտի» անունն են տալիս, իսկ Ներսիսյանը հետաքրքրվում է՝ եթե այս ընկերությունն իրոք գնորդը լինի, ապա Ռուսաստանը ունի՞ այնքան ծավալի բութադիեն, որ կարողանա գործարան աշխատեցնել. «Ռուսաստանում նավթաքիմիական գործարանները վերափոխվել են նավթավերամշակմանի, այսինքն՝ էլ ոչ ոք ծախսեր չի անում բութադիենը անջատելու հումքից, միանգամից մտցնում են բենզինի քանակի մեջ ու անմիջապես մեծ փողեր ստանում: Մյուս տարբերակը Պարսկաստանն է, որի եղած բութադիենը հազիվ իրեն է բավականացնում: Բացի ադ, որեւէ մեկը չի հարցնում՝ 8 հազար տոննա կաուչուկը որտեղ են իրացնելու: Դեռ 1998-99 թվականներին բոլոր ռետինատեխնիկական գործարանների պահանջարկը հաշվի առնելով, ամենալավատեսական հաշվարկներով՝ տարեկան 10-15 հազար տոննա էր պահանջարկը: Պետք է նաեւ հաշվի առնել, որ տարիներ առաջ համաշխարհային խոշոր ընկերությունները՝ «Դյուպոնն» ու «Բայերը», իրենց մի քանի գործարանները փակեցին, պահանջարկ չկա: Հետո՝ «Նաիրիտի» արտադրանքը երբեք հնարավոր չի օգտագործել անվադողերի արտադրությունում, ծանր, պինդ կաուչուկ է, գյուղատնտեսական շատ մեծ մեքենաների համար արտադրվող անվադողերում հնարավոր է, բայց դրանց պահանջարկը մեծ չէ: «Նաիրիտի» արտադրանքը մրցունակ չի կարող լինել, ինքնարժեքը թանկ է. էներգատար է՝ գումարած ճանապարհային ծախսերը: Մասնավոր ընկերությունը չի դիմանա այդ ծախսերին: Եթե պետությունը իր վրա վերցնի անընդհատ փակել «Նաիրիտի» վնասները, այլ հարց է, բայց սա էլ անհնար է, այդպես միայն ԽՍՀՄ-ը կարող էր իրեն թույլ տալ: Նույնիսկ Սովետի ժամանակ «Նաիրիտը» շահույթով չի եղել, շահույթը ստացվել է նրա ռետինատեխնիկական արտադրանքի իրացումից՝ ավտոմոբիլաշինությունում: Բայց հիմա Ռուսաստանում այս ոլորտը հրաշալի վիճակում չէ, մյուս ընկերություններն էլ իրենց արտադրանքն են օգտագործում»:

Եթե աշխատի

«Նաիրիտի» նախկին տնօրենն ասում է՝ եթե որոշվի միայն ացետիլային տեխնոլոգիայով կաուչուկ ստանալ, սա շատ վտանգավոր ու թունավոր տեխնոլոգիա է. «Նաիրիտը» շատ բարդ արտադրություն է, եւ մտածել, որ կգտնվի մի խելագար, կգա այստեղ փող կներդնի, ծիծաղելի է: Ես միայն մակերեսային խնդիրներն եմ նշում: Տեխնոլոգիաները դարն ապրել են, շենքային պայմաններն ավերված են, խողովակաշարերը՝ վատ վիճակում, բութադիենային արտադրության համար պետք է մաքուր օդի խողովակաշարեր ունենալ, որոնք Արազի ափից էին բերում, հիմա էդ խողովակաշարերը չկան, վաճառվել են, տարել են հիդրոկայաններ են սարքել: Էլ չեմ ասում բնապահպանական ահավոր, ահասարսուռ վնասները, կարելի է Երեւանը լքել»:

Ի՞նչ անել

Իր ղեկավարած տարիներին Ներսիսյանն առաջարկել էր կոնսերվացնել բութադիենային արտադրությունը. սրան նախկին բարձրաստիճան պաշտոնյաները համաձայն էին, իսկ մնացածը պահպանել՝ հետագայում քիմիական արտադրության համար, փորձել ձեռք բերել տեխնոլոգիաներ պոլիվինիլ-քլորիդի արտադրության համար. «Սրա համար էթիլեն ու ացետիլեն է պետք ձեռք բերել, դժվար արտադրություն կլինի, բայց Հայաստանում մոտ 30-40 հազար տոննայի անհրաժեշտություն կա, տարբեր տրամաչափի խողովակներ կարելի է արտադրել գործարանում, սա պիտի անի պետությունը, կամ՝ շատ մեծ փողատեր մեկը, 300 միլիոն դոլարից ավելի: Մետաղի ջարդոններ կլինեն, որոնք մեծ փողեր էին բերելու, արտադրությանը կուղղվի, այս առաջարկս չուզեցին: Իմ ժամանակ առաջարկեցի «Պրոմիդոլ» արտադրել, սա տեղային ցավազրկող է, չգիտեմ ինչո՞ւ, ժողովրդի գլուխն էին մտցրել, թե՝ նարկոտիկ է, բայց դա սխալ պատկերացում է: 10-15 միլիոն դոլարի արտադրություն կլիներ, այն ժամանակ ամեն ինչ քննարկեցինք, հետո այլ պատճառներով թույլ չտվեցին»:

Մոռանա՞լ «Նաիրիտի» մասին

Ներսիսյանն ասում է, որ գործարանի անգամ ապամոնտաժումը հսկայական ծախսերի հետ է կապված, նույնիսկ մարդկային զոհերն են անխուսափելի: «Համապատասխան տեխնիկա էլ չկա, որպեսզի ապամոնտաժվի, էլ չեմ ասում այլ բարդությունների մասին: 40-50 մետր բարձրության վրա խողովակներ կան, որոնք դեմոնտաժում պիտի արվի, դրանք այնքան են ներծծված ացետիլինի ու այլ նյութերով, որ մի փոքր թխկոցից կարող են պայթել, նույնիսկ դատարկ վիճակում, ու պարզ է, չէ՞, որ մարդիկ կզոհվեն պայթյունից»,- կանխատեսում է պարոն Ներսիսյանը:

«Նաիրիտի» համար լրջագույն ուսումնասիրություններ են հարկավոր»,- ասում է նախկին տնօրենը եւ հորդորում՝ այն տեխնիկական առաջադրանքների մասին, որ նախարարությունը խոսում է, թե՝ օտարերկրյա ընկերություններն են ներկայացրել, դրանք պետք է հանրայնացնել, ապա ճիշտ մասնագետներով մանրակրկիտ քննարկել. «Ես տեսա, որ քննարկմանը նստած մարդիկ սատկած գոմեշի կաշի էին կիսում, «Նաիրիտը» բարի ցանկություններով չի աշխատի: Եթե կառավարությունը գտնում է, որ «Նաիրիտն» անհրաժեշտ արտադրություն է, ապա համապատասխան վերաբերմունք է պետք՝ որոշակի արտոնություններ, հատկապես էներգիայի ծախսերի մասով: Ի վերջո, կառավարությունը պիտի ազնիվ լինի գործարանի աշխատակիցների հետ. մարդկանց ճիշտն ասի, նրանք էլ իրենց գլխի ճարը տեսնեն, ոչ թե նստեն սպասեն, թե գործարանը երբ կաշխատի: Եվ ի վերջո՝ իմ նշած խնդիրները լուծելու դեպքում միայն կարող է գործարանն աշխատել»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031