Լրահոս
Օրվա լրահոսը

Հայը եւ հայը Հայաստանում

Դեկտեմբեր 23,2014 09:55

Մի ռուսը՝ հարբեցող, երկուսը՝ կռիվ, երեքը՝ օղու հերթ:

Մի հրեան՝ վաճառասեղան, երկուսը՝ շախմատային տուրնիր,

երեքը՝ ՍՍՀՄ պետական սիմֆոնիկ նվագախումբ:

Մի հայը՝ հայ, երկուսը՝ վեճ, երեք հայ իրար հետ չի լինում:

Անեկդոտ

 

Համարյա թե «մի թասը լավ է, երկուսը՝ բավ է, երեքը ցավ է»:

ՍՍՀՄ-ում բազում անեկդոտներ կային տարբեր ազգերի՝ մի որևէ երևույթի հետ կապված տարբեր մոտեցումների վերաբերյալ: Սովետահայ համապատասխան անեկդոտներում կար երկու առավել հաճախ հանդիպող ձև՝ 1) հայը, թուրքը, վրացին, 2) հայը, ռուսը, թուրքը վրացին: Այսինքն, աշխարհը մոդելավորվում էր այս երեք կամ չորս հարևան ազգերի միջոցով (Ռուսաստանն աշխարհագրորեն հարևան չէր, բայց դե ռուսները ներկա էին ամենուրեք): Հեշտ է պատկերացնել, թե ինչու պիտի այդպես լիներ՝ հենց այդ ժողովուրդներն էին ներկայացնում մեզ տեսանելի և հասանելի աշխարհի հիմնական էթնիկական կազմը:

ՍՍՀՄ փլուզումից հետո եկավ մի պահ, երբ այդ հանրահայտ եռյակի կամ քառյակի փոխարեն անեկդոտներում ավելի հրատապ դարձավ հայերի ներքին՝ ենթաէթնիկ բաժանումը: Երևանցին, գյումրեցին, լոռեցին, քյավառցին, ապարանցին, ղարաբաղցին… Սրանք միշտ էլ կային անեկդոտներում, բայց սկսեցին ավելի մեծ տեղ զբաղեցնել և փոխարինել սովետական ժամանակների եռյակին կամ քառյակին: Առաջին պլան մղվեց անեկդոտների մի նոր հիմնական հերոս՝ ապարանցին, որը փոխարինում է ամերիկյան անեկդոտների շիկահեր կնոջը, ֆրանսիականների՝ բելգիացուն, ռուսականների՝ չուկչային, վրացականների՝ կախեթցուն: Սկսեցին ավելի հաճախ հանդիպել առաջ հազվագյուտ հանդիպող ամերիկացին, ֆրանսիացին: Դա էլ որպես արձագանք անկախ պետականության և ուղիղ կապերի այլ, ոչ հետսովետական երկրների հետ:

Սա բանահյուսության մեջ, իսկ իրականո՞ւմ: Հայաստանում, սկսած գոնե ցեղասպանության փախստականների ներհոսքից, գործել է տեղացի-գաղթական հակադրությունը (դա եղել է նաև ավելի վաղ): Տեղացիները, հասկանալի է, լավն էին, իսկ գաղթականները՝ վատը, արհամարհանքի արժանի: Հետագայում, 1940-ականների հայրենադարձությունից հետո, այդ մտայնությունը, շատ ավելի հզոր ուժով, դրսևորվեց տեղացի-հայրենադարձ հակադրության մեջ: Ինչևէ, այս հակադրությունն էլ ՍՍՀՄ վերջին տարիներին, կարելի է ասել, մարեց:

Բայց ահա եկավ ղարաբաղյան շարժումը: Ղարաբաղցիների նկատմամբ առաջացավ սիրո, հիացմունքի, նույնիսկ պաշտամունքի մի հզոր ալիք, որն առաջ բոլորովին չկար: Այդ նրանք էին, որ վերջին դարերում հաղթանակներ էին բերել հայոց պատմությանը, նրանք էին, որ դարերով բաժանված լինելով Հայրենիքից, ամենադժվարին պայմաններում կարողացել էին պահպանել իրենց ինքնությունը, նրանք էին, որ հերոսաբար պայքարում էին ազատության համար… Ադրբեջանում հայերի դեմ կազմակերպված ջարդերից և ճնշումներից մազապուրծ Հայաստան անցածներին ևս սկզբում վերաբերվում էին սիրով, խղճահարությամբ, լավագույն զգացումներով: Իսկ հետո եղավ այն ինչ եղավ: Փախստականների նկատմամբ վերաբերմունքը կտրուկ փոխվեց: Մտայնությունն այս էր՝ երկրաշարժից ահռելիորեն տուժած Հայաստանը չի կարող տեղավորել հարյուր հազարավոր փախստականներին: Նրանք նույնիսկ կարգին հայերեն չգիտեն՝ բլբլում են իրենց բարբառով, կամ, ավելի վատ՝ ռուսախոս են: Թող կորչեն գնան Հայաստանից այդ «շուռ տվածները»:

Այդ ժամանակներից սկսվեց, իսկ ավելի ուշ, Հայաստանի ղեկավարության մեջ ղարաբաղցիների առանցքային դեր ստանձնելուց հետո, մեծ սրություն ձեռք բերեց հայաստանցի-ղարաբաղցի հակադրությունը: Նույնիսկ քաղաքական շրջանակներում, ինչը կարող է միայն զարմանք հարուցել: Իսկ ժողովրդի մեջ ղարաբաղցիների ու ադրբեջանահայերի նկատմամբ հաճախ առկա է անթաքույց վատ վերաբերմունքը: Հայաստանում հոծ խմբերով հաստատված ադրբեջանահայերը ապրում և շփվում էին իրար հետ, մյուսներից կտրված: Ներգաղթից բազում տարիներ հետո է միայն հնարավոր դարձել նրանց և տեղացիների ամուսնությունը:

Սովետական բանակում զինվորները ստեղծում էին էթնիկական խմբավորումներ, որոնք իրար միջև պայքարելով փորձում էին ավելի բարձր դիրք գրավել (սա կար բոլորի մեջ, բայց առավել բնորոշ էր կովկասցիներին): Ռուսները, որ շատ բազմաքանակ էին, միավորվում էին ըստ տարածաշրջանների: Հայկական բանակում այլազգիներ չկային, կամ համարյա չկային, և սովետական բանակի էթնիկական միավորումների «կովկասյան» մոդելը պիտի փոխարինվեր և փոխարինվեց ըստ մարզերի բաժանված ենթաէթնիկական խմբերի «ռուսական մոդելով»՝ երևանցիներ, շիրակցիներ, լոռեցիներ և այլն:

Այսպիսով, Հայաստանում ներկայումս առկա է հայերի ենթաէթնիկ բաժանման ավելի սուր ընկալում, քան մինչ անկախությունը: Այն արտահայտվում է բանահյուսության, կենցաղի և նույնիսկ քաղաքականության մեջ: Այդօրինակ հակադրությունները բնորոշ են հետամնաց մարդկանց և հետամնաց բարքեր ունեցող հանրություններին: Եվ այս հարցում մեզանում առկա է հետընթացը: Դա պառակտում է մարդկանց, հիասթափեցնում իրենց իսկ ժողովրդից, թուլացնում հանրությունը… Բոլոր առումներով խոտելի երևույթ, որի դեմ պետք է պայքարել: Ինչպե՞ս: Մտածեք ինքներդ:

Արմեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Ինքդ քեզնից հասուն չես ձևանա, իսկ խակ միրգը ծառի տակ չի հասունանա, ուրեմն թող մնա բնական վիճակը:Դա է ամենաճիշտը:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031