Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն, ինչ կատարվեց «Շառլի Էբդոյի» դեմ, սպասելի էր»

Հունվար 14,2015 15:00

Ըստ արաբագետ Արաքս Փաշայանի՝ Եվրոպայում նոր թափ կստանա իսլամաֆոբիան, ազգայնական ուժերը կսկսեն ավելի ինտենսիվ կերպով պայքարել
իսլամի ներթափանցման ու ներգաղթյալների դեմ:

Փարիզում «Շառլի Էբդո» (Charlie Hebdo) շաբաթաթերթի խմբագրության վրա հունվարի 7-ի առավոտյան կատարված ահաբեկչական հարձակումը, որի զոհ դարձան այդ երգիծական շաբաթաթերթի 10 լրագրող եւ 2 ոստիկան, ապա դրան հաջորդած եւս 5 հոգու՝ չորս պատանդի եւ մեկ ոստիկանի սպանությունը, փոթորկել են առաջադեմ աշխարհը: Երեկ Փարիզում ավելի քան մեկ միլիոն մարդու մասնակցությամբ ցույց էր կազմակերպվել, որին մասնակցում էին ոչ միայն ֆրանսիացիներ, այլեւ աշխարհի տարբեր երկրներից ժամանած պատվիրակներ՝ ցույց տալու իրենց համերաշխությունը՝ ընդդեմ ահաբեկչության եւ հանուն խոսքի ազատության:

Araqs3-1Այն, որ բանավոր կամ տպագիր խոսքի, նկարի, ծաղրանկարի համար մարդ սպանելը չի ենթարկվում որեւէ տրամաբանության, թվում է՝ անվիճելի է, սակայն Charlie Hebdo-ի դեպքից հետո կատարվածի մասին աշխարհով մեկ սկսված բանավեճը ցույց է տալիս, որ վիճել կարելի է նաեւ այս հարցով: Անգամ ոչ մահմեդականների, քրիստոնյաների մեջ կան մարդիկ, ովքեր կարծում են, որ «պետք չէ վիրավորել մարդկանց կրոնական զգացմունքները, հակառակ դեպքում պատրաստ եղեք ամեն ինչի, այդ թվում՝ նման ծայրահեղ պատժի»: Այս տեսակետին հակադրվում է երեկ Փարիզում միլիոնավոր մարդկանց կողմից հնչեցվող կարծիքը՝ խոսքի ազատությունը գերագույն արժեք է, կարելի է քննարկել, քննադատել, ծաղրել ամեն ինչ եւ ամենքին, այդ թվում՝ կրոնը, եւ դրա համար ոչ ոք իրավունք չունի մարդ սպանելու:

Տեսակետների այս բախումը, արժեհամակարգերի այս անհամատեղելիությունը ինչի՞ կարող է հանգեցնել, ի՞նչ կամ ինչե՞ր կարող են հետեւել Եվրոպայի սրտում տեղի ունեցած սպանդին, այս խմորը դեռ ինչքա՞ն ջուր կվերցնի: Այս հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ արաբագետ, Արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատող, դոցենտ Արաքս Փաշայանից:

Ըստ Ա. Փաշայանի՝ այն, ինչ կատարվեց «Շառլի Էբդոյի» դեմ, սպասելի էր. «Դրան նախորդել էին կրոնական ենթատեքստ ունեցող մի շարք ահաբեկչություններ, բռնարարքներ, բազմաթիվ անգամներ հրատարակվել էին Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները: Հիշենք, թե ինչպես 2005թ. դանիական «Գիլանդս-փոսթեն» պարբերականում իսլամի մարգարեի թեմայով 12 ծաղրանկարների հրապարակումը միջազգային ճգնաժամ առաջ բերեց, եւ հայտնի է «ծաղրանկարային պատերազմ» անունով: Եվրոպան դեռ երկար ժամանակ քննարկելու է կատարվածը: Իմ կարծիքով՝ Փարիզի հունվարի 7-ի ահաբեկչությունն իր հնչեղությամբ ու դրամատիզմով շատ եզրեր ունի 2001թ. սեպտեմբերի 11-ի Նյու Յորքի ահաբեկչության հետ: Դրան հաջորդեցին շատ անկյունաքարային դեպքեր: Կարծում եմ՝ Փարիզի ահաբեկչությանը եւս կհաջորդեն թե՛ եվրոպական, թե՛ միջազգային նշանակություն ունեցող անկյունաքարային գործընթացներ»:

Արաքս Փաշայանը նկատում է. «Այսօր շատ է քննարկվում այն հարցը, թե ազատ խոսքն իրավունք ունի՞ ծաղրելու կրոնական սրբությունները: Ես կարծում եմ՝ այս հարցի միանշանակ պատասխանը չկա: Եվրոպական կոնտեքստում խնդիրը այլ հնչեղություն ունի, իսլամականում՝ այլ: Եվրոպան օգտագործում է խոսքի ազատության իր իրավունքը, որի համար երկար ժամանակ պայքարել է: Ծաղրանկարչությունը հարյուրից ավելի տարիների պատմություն ունի Ֆրանսիայում: Եվրոպայում ընդունված է երգիծել նաեւ սեփական կառավարությունների, թագավորական ընտանիքների, Հռոմի պապի, կրոնական հեղինակությունների, Հիսուս Քրիստոսի եւ այլ թեմաներով: Պետք է հաշվի առնենք, որ շատ դեպքերում ծաղրանկարիչներն աթեիստներ են, եւ նրանց համար գուցե դժվար է հասկանալ սրբությունների իմաստը: Այսինքն՝ Արեւմուտքի եւ իսլամական աշխարհի միջեւ քաղաքակրթական եւ մշակութային ընկալումների բախում կա, կամ այլ կերպ ասած՝ կան կրոնական եւ աշխարհիկ մոտեցումների տարբերություններ: Այս հարցը կարելի է լուծել միջմշակութային երկխոսության միջոցով, բայց ոչ երբեք՝ բռնության»:

Արդյոք քաղաքակրթական եւ մշակութային ընկալումների տարբերությունը Արեւմուտքի եւ իսլամական աշխարհի միջեւ նշանակո՞ւմ է, որ իսլամական աշխարհում համակարծություն է՝ կրոնական զգացումները ծաղրելը միանշանակորեն պատժելի արարք է: «Առավոտի» այս հարցին տիկին Փաշայանը պատասխանեց. «Շատ դժվար է եվրոպական հիմնարար արժեքներով տոգորված արվեստագետին հասկանալ, որ մուսուլմաններին անսահման վիրավորում է Մուհամեդ մարգարեին ծաղրելը, քանի որ իսլամը մուսուլմանի համար ոչ միայն կրոն է, դավանանք, այլեւ կենսակերպ, մտածելակերպ, ինքնություն եւ այլն: Միեւնույն ժամանակ՝ այն, ինչ կապված է իսլամական կրոնական ծայրահեղականության հետ, առաջին հերթին սպառնալիք է հենց իսլամին՝ որպես դավանանք, քաղաքակրթություն, նաեւ՝ աշխարհի մուսուլման բնակչությանը, այդ թվում՝ Եվրոպայում ապրող նույն իսլամական համայնքներին: Այսօր ողջ մուսուլմանական աշխարհը քննադատում է կատարվածը: Ակտիվորեն քննարկվում է այն հարցը, թե ինչու է իսլամը ծառայում ահաբեկչությանը, հնչում են կարծիքներ իսլամական բարեփոխումների անհրաժեշտության մասին»:

Մեր հարցին՝ ակնհայտ է, որ իրավիճակը լարված է եւ դեռ թուլանալու միտումներ չի ցուցաբերում, ի՞նչ կարող է պատահել վատագույն դեպքում, մինչեւ ո՞ւր կարող է հասնել լարվածությունը, տիկին Փաշայանը պատասխանեց. «Մենք դեռ չգիտենք՝ ովքեր են իրական պատվիրատուները: Այս ահաբեկչությունը, կարծում եմ, կծառայի ուժային տարբեր կենտրոնների՝ բարձրացնելու իրենց հարցերը, վերահաստատելու սեփական դիրքերը: Իսկ եթե իրականում «Իսլամական պետությունն» է պատվիրատուն, ուրեմն Ֆրանսիան եւ նույն Եվրոպան շատ բան ունեն վերարժեւորելու եւ վերանայելու, մասնավորապես՝ միջինարեւելյան քաղաքականությունը, այդ թվում՝ դիրքորոշումը Սիրիայի, սիրիական խնդրի, սիրիական կառավարության նկատմամբ, քանի որ իրենք նույնպես պատասխանատվություն են կրում «Իսլամական պետության» կամ մարտնչող իսլամիզմի ընդլայնման հարցում: Իրենք ուղղորդեցին կրոնամոլ ջիհադիստներին Ասադի վարչակարգի դեմ՝ նրանց համարելով ժողովրդավարության մարտիկներ, բայց երբ նրանք սպանում են ֆրանսիացիներին, գնահատականները այլ են»:

Արդեն իսկ նկատվում է հակազդեցությունը՝ մուսուլմաններով լեցուն Ֆրանսիայում, Գերմանիայում սկսել են գլուխ բարձրացնել հակաիսլամական ուժերը, կոչեր են հնչում «մաքրել երկիրը»: Հնարավո՞ր է՝ Եվրոպայում հակազդեցությունը այնքան մեծանա, որ ֆաշիստական-ռասիստական շարժումները գլուխ բարձրացնեն: «Առավոտի» այս հարցին Արաքս Փաշայանը պատասխանեց. «Եվրոպայում կշարունակվի համերաշխությունը ֆրանսիացի ծաղրանկարիչների հետ, եվրոպացիները կվերահաստատեն, որ շարունակելու են հետամուտ լինել եվրոպական հիմնարար արժեքներին: Այս ամենը հասկանալի է: Իսկ ահա ռասիզմը չի կարող օգուտ բերել Եվրոպային: Եվրոպացիները պետք է փորձեն օգտագործել այս առիթը՝ նորովի քննարկելու Եվրոպայի ներկայի ու ապագայի հետ կապված շատուշատ հարցեր, հասկանալու Եվրոպայի տեսլականը, նաեւ վեր հանելու կրոնամոլության պատճառները: Ի վերջո՝ կրոնական ծայրահեղական տրամադրությունները մեծ տոկոս չեն կազմում Եվրոպայի մուսուլմանական համայնքներում: Ամեն պարագայում ստեղծված ճգնաժամի պատճառներն իրականում շատ ավելի խորն են, խնդիրը՝ շատ տարողունակ»:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Ընդհանուր առմամբ համաձայն եմ: Մի ուղղում. դանիական թերթը, որ տեղադրել էր Մուհամեդի ծաղրանկարները կոչվում է ոչ թե Գիլանդ-փոստեն, այլ´Յուլանդ-փոստեն:

  2. Garegin Jarahyan says:

    Արդեն վերնագիրը խոսում է իր մասին:Խիստ կաղապարված երկրում զարգացած մտածելակերպ:Ահ ու Վախ:Ահա թե ինչ կարելի է քաղել այս հոդված-հարցազրույցից:Արել են դրա համար էլ ստանում են: Ակամայից հիշեցի “գեներալ սարոյի” հոխորտացող ելույթը ԱԺ-ում.- “էս ուրդուց ա գալիս”:Հարգելի հոդվածագիր, կամ վերլուծող, էս առումով, եվրոպային մեղադրել խիստ սխալ քայլերի մեջ պարզապես չիմացություն է հենց եվրոպայի մասին, կարելի է շատ բարձրագոչ մտքեր արտահայտել, բայց միմիայն տեղի, առանց այն էլ խիստ վախի մթնոլորտում ապրող մարդկանց համար: Համոզված եմ Հայաստանում կան դեռ շատ գիտակից մարդիկ, որոնք այլ կերպ են վերլուծում կայացածը: Դուք խառնել եք մարդը մարդակերպի հետ:Դեր-Զորի եկեղեցու “ճակատադրին” վախենալով համապատասխան, գոնե բանավոր հակահարված տալու նման մի բան:Եվրոպական եկրների առաջնորդների միասնական քայլերթին ցածր մակարդակի (ստեղ ենք)մասնակցության նման, մեր “վեռտալյոտը հերոսաբար” դուրս բերելու նման, ռուս ստահակին ռուս ստահակների ձերքը տալու նման,մի ճղճիմ բան: Երեկ էլ հեռուստացույցով մի տեղեկատվություն, “Մուհամեդն էլ է Շառլի”, իսկ ծաղրանկարը շաղած:Թե վախենում եք ինչի եք դրա մասին խոսում , թէ ձեր տկլոր պատվիրատուների իղձ ու բաղձանք “մեծն վախն ու սարսափն” եք մարդկանց մեջ սերմանում?
    Վախ ու վախ: Հանկարծ չգան մեզ էլ հասնեն? Ստահակների հետ իրենց լեզվով խոսել, կամ մտածել արդեն ստահակություն է:Գազանը մեկ մեկ էլ ժանիք է ցույց տալիս, միք վախենա էտ ժանիքները հեշտ են կոտրվում: Համ սալին եք խփում համ նալին:Այ թէ լուսաբանող եք, լուսաբանեք ու վերլուծեք Հրեաների (որոնց հետ սովորաբար փորձում ենք համեմատվել)քաղաքական առաջնորդի քայլեր,թէ ինչպես էր մարդը անձամբ գնացել Փարիզ ու սփոփում հրեա-ֆրանսիացի ժողովրդին, որոնք էլ միաձայն վանկարկում էին ‘mer-ci, mer-ci’:Աշխարհն երես դարձրեց մեզանից մեր քաղայրերի “շնորհիվ”, միայն Ֆրանսիան մնաց մեզ հավատարիմ այն էլ մեր ֆրանսիահայ եղբայրների շնորհիվ:”Մի պատառ” ներկայանալ ու մեր եղբայրներին գոտեպնդելը, մեծ գործ կլիներ թե միջազգային,թէ ներազգային ասպարեզում:
    Թէ չէ վերլուծել ու դրանով մի անգամ էլ վախեցնել, ամեն օր էլ կա: Եկեք գոտեպնդեք, թէ մեզ թե ինքներդ ձեզ:

    • Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ says:

      Հարգելի պարոն, մեկ անգամ եւս ընթերցեք հոդվածը: Ցանկալի է՝ ուշադիր: Նախադասություն առ նախադասություն: Եթե կրկին կամենաք մեկնաբանել, խնդրում եմ՝ փաստերով: Ո՞ր նախադասության մեջ դուք վախ սերմանել նկատեցիք, ո՞ր արտահայտությունը ձեզ թույլ տվեց ենթադրել, որ հոդվածում Եվրոպան մեղադրվում է սխալ քայլերի մեջ: Եվ ընդհանրապես, ի՞նչ է նշանակում «ձեր տկլոր պատվիրատուների իղձ ու բաղձանք “մեծն վախն ու սարսափն” եք մարդկանց մեջ սերմանում»:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031