Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզ քաղաքական հաշվարկ՝ Գագիկ Ծառուկյանի եւ Հովիկ Աբրահամյանի խնամիության ու իշխանափոխության միջեւ

Փետրվար 11,2015 14:14

Այն, որ ԲՀԿ-ական Արտակ Խաչատրյանին ծեծելուց հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Ծառուկյանը սկսել են կսմթել իրար, դա վկայում է ԲՀԿ-ՀՀԿ իրական առճակատման մասի՞ն, թե՞ այս ամեն ինչը շոու է՝ այսօր «Հայացք» ակումբում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Եթե դուք շոուի իմաստը բացատրեք ինձ, ես կհասկանամ: Եթե դաշտում լինի մի պայքարող խումբ եւ այդ խմբի ուշադրությունը փորձեն շեղել կամ խանգարել, ես այդ դեպքում կարող եմ ձեզ հետ համաձայնվել, որ շոու է: Բայց եռյակի համագործակցության դեմ, բացի իշխանությունից, դաշտում այլ խոշոր կենտրոն ես չեմ տեսնում: Ես կուզենայի, որ հարուստ լիներ դաշտը կենտրոններով, բայց չկա: Ուստի եթե չկա, սա ի՞նչ իմաստ ուներ, եթե խաղ է»:

Ըստ Արմեն Մարտիրոսյանի, Հովիկ Աբրահամյան-Գագիկ Ծառուկյան այս հակադրությունը մի քանի միֆ ջարդեց. «Առաջինը, որ խնամին քաղաքական կատեգորիա չի, ինչը Հայաստանի դեպքում մի քանի անգամ ապացուցվել է: Լավագույն օրինակը՝ Դավիթ Շահնազարյան-Լեւոն Տեր-Պետրոսյան խնամիական կապն է: Որպես խնամիներ շատ լավն են, որպես քաղաքական դեմքեր, պետական գործիչներ՝ տարբեր»:

Արմեն Մարտիրոսյանը պնդում է, որ ՀՀԿ-ի հետ Գագիկ Ծառուկյանը առճակատման մեջ է. «Իշխանությունը ռեսուրսի պակաս ունի, իսկ Գագիկ Ծառուկյանը շատ մեծածավալ ռեսուրս ունի: Իշխանությանը պետք է այդ ռեսուրսը, որպեսզի իշխանական բուրգը կերակրի, որ չփլվի, կփախնեն, իսկ Գագիկ Ծառուկյանին պետք է, որ իր ունեցած ռեսուրսը պահպանի: Պարզ քաղաքական հաշվարկ է: Մեկը փորձում է մյուսի ռեսուրսը վերցնել՝ իր բուրգը պահելու, կերակրելու համար, երկրորդն էլ փորձում է իր ունեցածը գոնե նվազագույն չափով պահպանի: Հույս ունեմ, որ եւ Գագիկ Ծառուկյանը, եւ ԲՀԿ-ն իսկապես կնպաստեն երկրում իրավիճակ փոխելուն, ազատ տնտեսական հարաբերություններ հաստատելու, ազատ քաղաքական հարաբերություններ հաստատելու եւ երկիրն այս իրավիճակից դուրս բերելու»:

Մեր հարցին՝ որքան էլ ասեք, որ խնամին քաղաքական կատեգորիա չի, բայց հայկական իրականության մեջ տրամաբանությունն այլ է, հո չի՞ թողնելու աղջկա ընտանիքին վնաս լինի՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Հիմա Դավիթ Շահնազարյանի աղջկա ընտանիքը փլվե՞լ է: Աստված իրենց ընտանիքին երկար տարիների կյանք տա, մի բարձի ծերանան, ի՞նչ կապ ունի դա: Ես հիմա ընկերներ ունեմ, որ տարբեր քաղաքական բեւեռներից են, հիմա իմ ընկերությունը թողնե՞մ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728