Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ Արամ Վարդեւանյանն անդրադարձավ նախօրեին ԵՄ երկրների դեսպանների հետ իր հանդիպմանը։ Մանրամասնեց՝ 20-ից ավելի բարձրաստիճան դիվանագետների էի հանդիպել։ Ինքն առաջարկել է, որ եթե ապօրինի կալանքների, քաղաքական հետապնդումների, կամ ինչպես ԵԽԽՎ-ն իր զեկույցում արձանագրել էր՝ խտրական հետապնդումների վերաբերյալ որևէ հարց կլինի, ինքը կարող է դրանց պատասխանել։
«Այսինքն, եթե կա որևէ մի տվյալ, որը կարող է կասկածի տակ դնել իմ պնդումը, որ դրանք բոլորը քաղաքական հետապնդումներ են, այդ թվում ՀՀ–ում ընդդիմադիր երեք առաջնորդներ ապօրինի, քաղաքական շահագրգռվածությամբ կալանավորված են, ես կարող եմ դրանց պատասխանել։ Կարող եմ ասել, որ որևէ հարց չի հնչել այդ մասով։ Ես ոչ թե կատեգորիկ պնդում եմ անում այն մասին, որ վստահաբար չկա որևէ մի հակափաստարկ, այլ եղելությունն եմ ներկայացնում։ Անկեղծորեն ասեմ, որպես իրավաբան չի կարող որևէ մեկ այլ իրավաբան բերի ինձ մեկ հակափաստարկ, թե ինչի այդ գործերով չէր կարող այլ խափանման միջոց կիրառվել»,–ասաց նա։
Բանախոսի փոխանցմամբ, 2026–ի սեպտեմբերի դրությամբ Հայաստանում եղել են շուրջ 1400 կալանավորներ, իսկ տնային կալանքի կիրառման դեպքերը կազմել են շուրջ 800։ 2026–ի նոյեմբերի դրությամբ կալանքի թվերը կազմում են շուրջ 1600, իսկ տնային կալանքը՝ շուրջ 900․ «Մեր օրենսդրության համաձայն, ՄԻԵԴ–ի նախադեպային իրավունքի համաձայն, ԵՄ ընդունած չափորոշիչների համաձայն կալանքը բացառիկ խափանման միջոց է, այսինքն` երբ որևէ այլ խափանման միջոց չի կարող կիրառվել, կիրառվում է կալանք։ Հայաստանի վիճակագրությունը ցույց է տալիս, որ այն բացառիկ խափանման միջոց չէ, այն ամենատարածված խափանման միջոցն է։ Սա աբսուրդ է, մենք ունենք ուղիղ շեղում մեր ստանձնած միջազգային պարտավորություններից։
Հայաստանը շեղվել է իր միջազգային պարտավորություններից, որի պատճառը քաղաքական շահագրգռվածությունն է՝ կալանքը որպես քաղաքական զենք օգտագործելու, վախի մթնոլորտ տարածելու նպատակով։
Կարդացեք նաև
Սամվել Կարապետյանը գտնվում էր տնային կալանքի պայմաններում 2026-ի հունվարից։ Տնային կալանքի անհրաժեշտությունը այլևս չկար, բայց այն պահպանվում էր։ Դրանից հետո Նիկոլ Փաշինյանի հրապարակավ խոսում է Սահմանադրության ենթադրյալ հանրաքվեի հարցի մասին և այնտեղ մեջբերումներ էր արվում «Կնքահայրը» ֆիլմից, որ կլինի առաջարկ, որից հնարավոր չէ հրաժարվել։ Դրան հաջորդված ժամանակահատվածում, երբ Սամվել Կարապետյանը հրապարակավ հայտնեց իր դիրքորոշումը, որ միանշանակ մերժվելու է այդ առաջարկը, Սամվել Կարապետյանի տնային կալանքից կալանքի ռեժիմը փոխարինվեց կալանքով։ Դա բացառիկ է։ Հետևաբար նաև բոլոր այս կալանքների դեպքերով կա կոնկրետ քաղաքական շահագրգռվածություն, քաղաքական պատվեր»։
Հարցեր հնչեցին նաեւ սահմանադրական հանրաքվեի եւ դրա շուրջ հնարավոր զարգացումների մասին էլ այն համատեքստում, որ բռնաճնշումները Հայաստանում հնարավոր է նոր դրսեւորումներ ստանան։ Արամ Վարդեւանյանը՝ համաձայնեց՝ գործող իշխանություններից ամեն քայլ սպասելի է։ Հավաստիացրեց՝ ընդդիմադիրները նկատի ունեցել են հնարավոր զարգացումները եւ պատրաստ են պատշաճ հակազդեցությունների։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































