Լրահոս
Օրվա լրահոսը

Լուսինե Սահակյանը՝ դատարանի որոշման մասին. «Աբսուրդ է նման որոշումը» (Տեսանյութ) 

Փետրվար 25,2015 14:34

Լուսինե Սահակյանի կարծիքով՝ դատավորը Քրեական դատավարության օրենսգրքի կոպիտ խախտում է թույլ տվել:

Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ փետրվարի 25-ին շարունակվում էր  վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի գործով դատական նիստը:

Նիստի ավարտից հետո Արգիշտի Կիվիրյանի պաշտպան Լուսինե Սահակյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ պաշտպանական կողմը դատարանի՝ միջնորդությունը մերժելուց հետո  հայտարարեց, որ դատավոր Արթուր Մկրտչյանը միջնորդությունը պետք է խորհրդակացական սենյակում քննարկի. «Մենք հայտարարեցինք, որ նա իրավունք չուներ դա տեղում քննարկել, նա պետք է գնար խորհրդակացական սենյակ: Ընդ որում, նրա գործընկերներից Մկոյանը այն պատճառով, որ չի գնացել խորհրդակցական սենյակ, ենթարկվել է կարգապահական պատասխանատվության»:

Նա ասաց, որ այնուհետեւ դատարանը տաս րոպե ընդմիջում հայտարարեց, որից հետո որոշեց, որ պետք է դատարանը գնա խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Սակայն, խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո՝ դատավոր Արթուր Մկրտչյանը կրկին մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը:

«Քրեական դատավարության օրենսգրքի կոպիտ խախտում թույլ տվեց դատավորը, որովհետեւ կան որոշակի որոշումներ, որոնք դատարանը պարտավոր է կայացնել խորհրդակցական սենյակում, կան որոշումներ, որ դատարանը կարող է ինքը որոշել՝ խորհրդակցական սենյակում կայացնե՞լ, թե՞ տեղում: Բայց փորձաքննություն նշանակելու միջնորդությունը պետք է քննարկեր խորհրդակցական սենյակում, ինչը ինքը չարեց: Բայց եթե նա նույնիսկ հեռանար եւ խորհրդակցական սենյակում կայացներ որոշումը, աբսուրդ է նման որոշումը, որովհետեւ մեղադրանքի հիմքում դրվում է Վրթանեսյանի ցուցմունքը»,- իրավիճակն այսպես գնահատեց Լուսինե Սահակյանը:

Հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 11-ին:

Հիշեցնենք՝ Արգիշտի Կիվիրյանը 2013 թվականի օգոստոսի 24-ին մասնակցել է Կոմիտաս 5 հասցեում կառուցվող բազմահարկ շենքի դեմ բողոքի ակցիայի: Նա հաղորդում էր տվել, որ ոստիկանները ոստիկանության բաժանմունք տանելիս բռնություն են գործադրել իր նկատմամբ: Սակայն քրեական գործ է հարուցվել ոստիկանի հաղորդման վրա, ըստ որի՝ Կիվիրյանը ոստիկանին հարվածել եւ ինքն իրեն վնասել է:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728