Իրավական օգնության համար մեզ է դիմել Արթուր Մկրտչյանի ընտանիքը
Բաց նամակ «Առավոտ» օրաթերթին
Շիրակի պետական համալսարանի նախկին ամբիոնի վարիչ, դասախոս, երկու պատերազմների մասնակից Արթուր Մկրտչյանը դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման՝ կոռուպցիոն բնույթի մեղադրանքով։ Սակայն նրա քրեական գործը, մեր համոզմամբ, առաջ է բերում բազմաթիվ հարցեր, որոնք այդպես էլ համոզիչ պատասխաններ չեն ստացել։ Առաջին՝ գործով բացակայում է գումարի փոխանցման կամ ստացման բուն գործընթացի տեսաձայնագրությունը։ Արթուր Մկրտչյանի մոտից չի հայտնաբերվել նաև համապատասխան եղանակով նշագրված գումար։ Երկրորդ՝ ենթադրյալ գումարի փոխանցման վայրը հանրային տարածք է։ Սակայն, ըստ մեր ունեցած տեղեկությունների, չեն ուսումնասիրվել հարակից տարածքների տեսախցիկների ձայնագրությունները, որոնց միջոցով հնարավոր կլիներ առնվազն պարզել՝ արդյոք Արթուր Մկրտչյանը նշված օրը և ժամին գտնվել է այդ վայրում։ Երրորդ՝ ամբիոնի վարիչի պաշտոնը գիտամանկավարժական է, ոչ թե ինքնին քննություններ անցկացնելու վարչական լիազորություն տվող պաշտոն։ Արթուր Մկրտչյանն ի պաշտոնե չի ունեցել քննություն միանձնյա անցկացնելու կամ դրա արդյունքները որոշելու իրավունք։ Այդ դեպքում ինչպե՞ս է հիմնավորվել նրա պաշտոնեական լիազորությունների օգտագործման վերաբերյալ մեղադրանքը։ Չորրորդ՝ քննող հանձնաժողովի կազմը որոշվել է համապատասխան հաստատման ընթացակարգով։ Ըստ պաշտպանության փաստարկների՝ դրանում ներգրավված են եղել դեկանը, ռեկտորը և իրավասու այլ մարմիններ։ Հետևաբար, ինչպե՞ս կարող էր Արթուր Մկրտչյանը քննությունից մեկ ամիս առաջ վստահ լինել, որ ընդգրկվելու է հանձնաժողովում և հնարավորություն է ունենալու ազդելու քննության արդյունքների վրա։
Այս հանգամանքները, մեր գնահատմամբ, լուրջ կասկածներ են առաջացնում մեղադրանքի հիմնավորվածության և ապացույցների ամբողջականության վերաբերյալ։ Հինգերորդ՝ անտեսվել է խնդրի մարդկային և սոցիալական կողմը։ Արթուր Մկրտչյանի խնամքի տակ են երկու մանկահասակ երեխաներ և հաշմանդամություն ունեցող, անկողնուն գամված մայրը։ Նա մասնակցել է երկու պատերազմի, ունի առողջական խնդիրներ։
Կարդացեք նաև
Մեր համոզմամբ՝ վերաքննիչ դատարանը պատշաճ նշանակություն չի տվել այս հանգամանքներին՝ պատժի համաչափությունը գնահատելիս։ Բացի այդ, մեր համոզմամբ, գործի քննության ընթացքում խախտվել է Արթուր Մկրտչյանի՝ ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը։ Այդ հոդվածը յուրաքանչյուրին երաշխավորում է անկախ և անաչառ դատարանի կողմից գործի արդարացի քննություն։ Երբ պաշտպանության բարձրացրած էական հարցերը և հնարավոր ապացույցները, մեր գնահատմամբ, պատշաճ քննության չեն արժանանում, հիմնավոր մտահոգություն է առաջանում՝ արդյո՞ք այս սահմանադրական երաշխիքը լիարժեք ապահովվել է։ Մենք չենք պահանջում որևէ արտոնություն և չենք փորձում ազդել դատարանի անկախության վրա։ Մենք պահանջում ենք արդար, բազմակողմանի քննություն և իրավական հարցերի հիմնավորված պատասխաններ։
Ինչպե՞ս կարող է մարդը դատապարտվել հինգ տարվա ազատազրկման, եթե նրա գործով շարունակում են մնալ այսքան էական և, մեր համոզմամբ, չփարատված հարցեր։ Դիմում ենք իրավաբանական հանրությանը, անկախ լրագրողներին, իրավապաշտպան կազմակերպություններին և ՀՀ իրավասու մարմիններին՝ ուսումնասիրելու Արթուր Մկրտչյանի գործը և ուշադրություն հրավիրելու հնարավոր դատական սխալների վրա։ Այսօր մենք պայքարում ենք Արթուր Մկրտչյանի իրավունքների համար, վաղը նույնպիսի իրավիճակում կարող է հայտնվել ցանկացած քաղաքացի։
Արդարադատությունը պետք է հիմնված լինի ոչ թե ենթադրությունների, այլ օրենքով սահմանված կարգով ձեռք բերված և պատշաճ գնահատված ապացույցների վրա։
Արթուր Մկրտչյանի ընտանիք
«Առավոտ» օրաթերթ
07.11.2026



















































