Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետական ծառայողները պետք է գործեն հետագա քրեական պատասխանատվության վախով»․ Արմեն Գեւորգյանն իրեն առաջադրված մեղադրանքը հակասահմանադրական է որակում, անձեռմխելիությունն էլ՝ չհաղթահարված

Հուլիս 17,2026 14:37 Share

«Իմ միջնորդությունը երկշերտ է՝ առաջինը՝ դիմել ՍԴ՝ սահմանադրականության հարցով։ Ապա դուք պետք է ճանաչեք ձեզ այն ատյանը, որը պետք է լուծի անձեռնմխելիության հարցը, պետք է լուծեք պարոն Գևորգյանի անձեռնմխելիությունը և դադարեցնեք նրա նկատմամբ քրեական հետապնդումը»,- ՀՀ հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Պետրոսյանին այսօր դիմեց պաշտպան Լուսինե Սահակյանը։

Դատարանն այսօր «Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով»  քննում էր Արմեն Գևորգյանի մեղադրանքի օրինականության հարցը։

Պաշտպանը հիմնական շեշտը դրեց Արմեն Գևորգյանի անձեռնմխելիության հարցի վրա։ Տարոն Մարգարյանի նախադեպը վկայակոչելով, որը պատգամավորի կարգավիճակ ստացել է, երբ մեղադրյալի կարգավիճակ ուներ, և դատախազը դիմել էր ԱԺ՝ համաձայնություն ստանալու համար, Լուսինե Սահակյանը պնդեց, որ Արմեն Գևորգյանի պարագայում էլ պետք է կիրառվեր այդ ընթացակարգը, այլապես չեզոքացվում է պատգամավորի ինստիտուտը։

Այս գործով նաև Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքն է վերաորակավորվել։ Պաշտպանական կողմը պնդում է՝ նոր մեղադրանք է առաջադրվել՝ առանց ընթացակարգերի պատշաճ պահպանման։

Ավելին, Լուսինե Սահակյանի պնդմամբ, նաև ԵԽԽՎ-ից էլ պետք է համաձայնություն ստանար դատախազությունը. «ՍԴ որոշմամբ, որն այլ կերպ է մեկնաբանվում, և ԵԽԽՎ նախագահի նամակում, որը գրվել է և ուղարկվել ՀՀ տարբեր պաշտոնատար անձանց, ասվում է, որ եթե լինի մեղադրանքը փոխելու որոշում, պետք է համաձայնություն ստանալ, դատարանը պետք է իր դիրքորոշումը փոխի»։

Մանրամասները՝ տեսանյութում

Արմեն Գևորգյանն էլ պնդեց՝ իրավական անորոշության մեջ է գործը։ Անձեռնմխելիությունը հաղթահարված չէ, ուստի պետք է քրեական հետապնդումը դադարեցվի։

Նա հայտարարեց, որ 2008 թվականի մարտի 1-ին ինքը կատարել է նախագահի համապատասխան հրամանագրով տրված հրահանգները։ Հայտարարեց՝ ծառայողական պարտականությունների կատարումը չի կարող դիտարկվել հանցավոր։ Վերահաստատեց՝ նախագահի հրամանագրի ընդունման և հաստատման ողջ գործընթացն օրինական է եղել և բխել է ՀՀ Սահմանադրությունից, բայց եթե անգամ ընդունենք, որ այն խնդրահարույց է, ապա պետական կառավարման համակարգի մի շարք աշխատակիցներ ևս պետք է պատասխանատվության կանչվեին այս գործով։ Ստացվում է, որ իր նկատմամբ խտրական վերաբերմունք է դրսևորվել։

Մինչդեռ, այս տրամաբանությամբ, Արմեն Գևորգյանի կարծիքով, լուրջ կասկածի տակ ենք դնում պետական կառավարման համակարգի աշխատանքը և խնդիրներ ենք ստեղծում համակարգի գործունեության համար։ Այսպիսով, պետական ծառայողները պետք է գործեն հետագա քրեական պատասխանատվության վախով։ Նա պնդեց՝ չի կարող պետական ծառայողը քրեական պատասխանատվության կանչվել, որովհետև հետագայում վերադաս մարմինը ինչ-ինչ որոշումներ է կայացնելու։

Մանրամասները՝ տեսանյութում

Գործով մյուս առանցքային մեղադրյալներից պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեջլումյանն էլ միացավ միջնորդությանը՝ հայտարարելով, որ իր պաշտպանյալի նկատմամբ նույնպես պետք է քրեական հետապնդումը դադարեցվի՝ նույն հիմքերով։

Հանրային մեղադրողը առարկեց՝ հայտարարելով, որ Արմեն Գևորգյանի մեղադրյալի կարգավիճակը շարունակական կերպով պահպանված է եղել, և իր կողմից կայացվել է ոչ թե նոր հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում, այլ իր կայացրած որոշմամբ փոխվել են մեղադրյալին վերագրվող արարքի իրավական գնահատականը։

Պատգամավորական անձեռնմխելիության մասով էլ ասաց՝ ՍԴ դիմելու անհրաժեշտություն չկա, ՍԴ-ն այդ հարցի պատասխանն արդեն տվել է։ ՍԴ 1619 որոշմամբ ասվում է, եթե անձը ԱԺ պատգամավորի մանդատը ստանում է այն բանից հետո, երբ արդեն ունեցել է մեղադրյալի կարգավիճակ, առկա է ժամանակային խզում, և կապ չկա պատգամավորի գործառույթների և նրա գործառույթների միջև, ապա պատգամավորական անձեռնմխելիությունը հաղթահարելու անհրաժեշտությունը բացակայում է։

Մանրամասները՝ տեսանյութում

Արմեն Գևորգյանը հիշեցրեց՝ տարբեր միջազգային կառույցներ պարբերաբար հորդորել են ՀՀ իշխանություններին՝ «Մարտի 1»-ի դատավարությունը շարունակել բացառապես մահվան հանգամանքները պարզելուց հետո՝ առանց քաղաքական տարրերի։ Տվյալ պարագայում, ըստ այդմ, առաջնահերթ պետք է լինի սահմանադրական մոտեցումը, քրեադատավարական օրենքները ստորադաս են, ուստի գործի քննությունը կարող է շարունակվել միայն այս հարցերի կարգավորման պարագայում։

Լուսինե Սահակյանն էլ հավելեց՝ ԵԽԽՎ նախագահն իր նամակում հստակ ասել է. «Եթե որոշեն մեղադրանք առաջադրել, պետք է գան և թույլտվություն ստանան։ Այսինքն, այստեղ հարց չունենք մենք դատախազին տալու»։ Ժամանակային խզման և գործունեության կապի բացակայություն էլ, ըստ փաստաբանի, չկա։ Արմեն Գևորգյանի գործունեությունը հրապարակային է եղել, և ամենն ակնհայտ է։

Մանրամասները՝ տեսանյութում

Դատարանն իր որոշումը կհրապարակի հաջորդ դատական նիստում։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031