Լրահոս
Օրվա լրահոսը

Թունավորում ենք մեզ չխնայելով. «Հայկական ժամանակ»

Մարտ 18,2015 11:26

Բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոնը հրապարակել է 2014թ. կատարած ուսումնասիրության արդյունքներն ամփոփող տեղեկանքը, որտեղ անհանգստացնող տեղեկություններ կան մեր փոքրիկ հանրապետության համեմատաբար խոշոր քաղաքների վերաբերյալ։

10 քաղաքում իրականացվել է օդային ավազանի մոնիտորինգ։ Տարեկան միջինը երկու անգամ փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ) գերազանցելու առումով առաջին տեղում Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրին է։ Մոտ 150 հազարանոց բնակչությունն այստեղ շնչում է մարդու առողջության համար խիստ վտանգավոր օդ։ Երկրորդ տեղում Արարատ քաղաքն է՝ տարեկան միջինը 1,2 անգամ փոշու ՍԹԿ-ի գերազանցմամբ։ Ծծմբի երկօքսիդով է հագեցած Ալավերդի քաղաքի օդը։ Սրա պատճառը արտանետումների մեծ ծավալն է։ Ալավերդիում ծծմբի երկօքսիդի միջին տարեկան խտությունը սահմանված թույլատրելի սահմանը գերազանցել է 3,1 անգամ։ Աղտոտվածության այս տեսակով երկրորդ տեղում Գյումրին է՝ 1,5 անգամ ավելի ծծմբի երկօքսիդի խտությամբ, հաջորդը՝ Վանաձորը (1,2 անգամ):

Պայմանավորված բնակավայրի մասշտաբով եւ նշանակությամբ՝ աղտոտման պատճառները տարբեր են։ Օրինակ Երեւանում, հատկապես ձմռան ամիսներին, երբ բնական գազը համատարած օգտագործվում է ջեռուցման համար եւ դրան գումարվում են տրանսպորտի արտանետումները, մթնոլորտում ավելանում է ազոտի երկօքսիդի պարունակությունը։ Ենթադրվում է, որ ազոտի երկօքսիդի մեծ ծավալի պատճառը նաեւ Թուրքիայում գործող ջերմակայանների արտանետումներն են։ Ընդհանրապես՝ Հայաստանը մթնոլորտի՝ դրսից եկող աղտոտվածության առումով աշխարհի ամենառիսկային գոտիներից մեկն է համարվում։ Համեմատած ռուսական Սիբիրի հետ, 8 անգամ ավելի շատ քիմիկատ է դրսից «մտնում» Հայաստանի տարածք եւ նստում հողի ու ջրային ռեսուրսների վրա։ 1 քառակուսի կմ մակերեսի վրա 1 տարվա կտրվածքով հաշվվում է 30-40 տոննա քիմիական տարբեր նյութերի «նստում»։ Դրանցից հիմնականը ածխածնի երկօքսիդն է՝ CO2-ը։ Եվրոպական դիտարկող կենտրոնների տվյալների համաձայն, ՀՀ տարածքի վրա տարեկան մոտ 45 հազար տոննա ծծմբի երկօքսիդ է նստում, որի մոտ 50 տոկոսը Թուրքիայից եկող ծծմբի երկօքսիդն է:

Ազոտի եւ ծծմբի երկօքսիդները հանդիսանում են թթվային գազեր եւ խոնավ եղանակին դրանց ազդեցությունն ավելի ուժեղ է եւ վտանգավոր։ Դրանք, ջրի գոլորշիներին խառնվելով, թթուներ են առաջացնում եւ թթվային անձրեւների տեսքով վնասում են եւ՛ մարդկանց առողջությունը, եւ՛ բուսական ու կենդանական աշխարհը, եւ՛ հողի թթվայնությունն է բարձրանում։ Օրինակ՝ Սյունիքում կլիման չոր է, եւ այստեղ այդ գազերի ազդեցությունը փոքր է, քան Ալավերդիում կամ Վանաձորում, որտեղ կլիման խոնավ է:

Էկոլոգիական մոնիտորինգի ոլորտի պաշտոնյաներից մեկը, խնդրելով իր անունը չհրապարակել, մեզ հետ զրույցում հայտնեց, որ մեր երկրում այս դաշտում խնդիրները նվազեցնելու քայլերը արդյունավետ չեն։ Օրինակ՝ Ալավերդու մետալուրգիական ձեռնարկության արտանետումները, չնայած՝ ծխատար խողովակը մի քանի տասնյակ մետր ավելի էր բարձրացվել՝ քաղաքը հնարավորինս քիչ աղտոտելու նպատակով, հիմա վնասում են նաեւ Վանաձորի եւ հարակից գյուղերի էկոլոգիային։ «Եթե Ալավերդիում ազդեցությունը մի քիչ նվազեց, ապա այդ արտանետումները հասնում են մինչեւ Վանաձոր եւ գյուղեր։ Նայած թե քամին որ կողմից է փչում, այդ կողմի գյուղերն էլ աղտոտվում են»,- նշեց փորձագետը։

Գագիկ ԱՂԲԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031