Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳ նախարարի խոսքը Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատարի հետ համատեղ մամլո ասուլիսին

Մարտ 18,2015 17:22

Սիրելի՛ բարեկամներ,

Ուրախ եմ ողջունել Հայաստանում հանձնակատար Հանին:

Այսօր մենք լավ հնարավորություն ունեցանք` շարունակելու մեր զրույցը, որը կայացել էր այս տարվա հունվարին` Հայաստան – Եվրամիություն համագործակցության խորհրդի նիստի ժամանակ:

Այսօր մենք շարունակեցինք այդ քննարկումները: Գոհունակությամբ նշեցինք, որ խորհրդատվությունները, որոնք անցկացվել են Հայաստանի և Եվրամիության միջև, նախանշելու են այն իրավական հիմքը, որը ապագայում պետք է ձևակերպվի բանակցությունների արդյունքում։ Իսկ բանակցությունները կսկսվեն, երբ Եվրոպական միությունը համապատասխան մանդատ տա իր թիմին՝ այդ բանակցությունները վարելու համար։ Կարծում եմ` արդեն կան նախադրյալները, որ շուտով այդպիսի մանդատ կտրվի։ Բանակցությունների արդյունքում մենք կմշակենք այն փաստաթուղթը, որը մեր՝ Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների նոր իրավական հիմքը կհանդիսանա։ Դրա մասին ասվել էր նաև Վիլնյուսի գագաթաժողովի ՀՀ – ԵՄ համատեղ հայտարարության մեջ, որով երկու կողմերը հանձնառություն էին վերցրել` շարունակել փոխգործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում, ուղղություններով և ձևաչափերում՝ նկատի ունենալով այն հանձնառությունները, որ Հայաստանն ունի այլ ինտեգրացիոն գործընթացներում և ձևաչափերում:

Մենք կարծում ենք, որ բավական ձեռքբերումներ ենք ունեցել վերջին տարիներին: Դա վերաբերում է երկու կարևորագույն համաձայնագրերին, որոնք ստորագրվել էին Եվրամիության հետ՝ վիզային ռեժիմի դյուրացման, նաև ռեադմիսիայի վերաբերյալ, որոնք ուժի մեջ են մտել 2014թ. հունվարից։ Նաև ստորագրվել է արձանագրություն, որը հնարավորություն տվեց Հայաստանին՝ մասնակցելու ԵՄ ծրագրերի լայն շրջանակի և համագործակցելու ԵՄ գործակալությունների հետ:

Հուսով ենք, որ մոտ ապագայում մենք կսկսենք նաև բանակցությունների հաջորդ փուլը, որը կտանի դեպի վիզային ռեժիմի ազատականացում:

Բավական կարճատև այցելությամբ է այստեղ գտնվում պարոն Հանը: Նա նաև օգտագործել է այս առիթը՝ ելույթ ունենալու Եվրանեսթի նստաշրջանում: Հուսով եմ, որ պարոն Հանը շուտով հնարավորություն կունենա նորից այցելել Հայաստան` ավելի երկարատև այցելությամբ: Այդպիսի հրավեր նա ունի։

Մենք հնարավորություն կունենանք շարունակելու բանակցությունները նաև Բրյուսելում և միջազգային բազմակողմ հանդիպումների շրջանակներում:

Բարով եք եկել, պարոն Հան:

Խոսքը սիրով փոխանցում եմ Ձեզ:
Հարց («Այսօր» լրատվական, ATV հեռուստաընկերություն). Պարոն նախարար, Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Հայաստանը ոչինչ չի անում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ: Չավուշօղլուն նաև նշել է, թե Հայաստանը բարդ հարաբերություններ չունի իր բոլոր հարևանների հետ և խորհուրդ է տվել, որպեսզի մենք փոխենք մեր արտաքին քաղաքական ուղղությունը, հարաբերություններ հաստատենք հարևանների հետ և քայլեր ձեռնարկենք ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ: Ձեր մեկնաբանությունը:

Էդվարդ Նալբանդյան. Ցանկանում եմ մի բան ճշտել. Դուք ասացիք, որ Թուրքիայի արտգործնախարարը ասել է, որ մենք խնդիրներ ունե՞նք, թե՞ չունենք…

Հարց («Այսօր» լրատվական, ATV հեռուստաընկերություն). Ասել է, թե խնդիրներ ունենք բոլոր հարևանների հետ, և խորհուրդ է տվել փոխել արտաքին քաղաքականությունը:

Էդվարդ Նալբանդյան. Գիտեք, դա ինձ հիշեցնում է Լաֆոնտենի առակը: Մեկը հայելու մեջ է նայում և ասում. «Այ եթե ես մի փոքր անգամ նման լինեի նրան, ում որ տեսնում եմ այս հայելու մեջ, ապա կմահանայի թախծից»:

Եթե խոսքը գնում է հարևանների, այն էլ՝ բոլոր հարևանների հետ ինչ-որ խնդիրներ ունենալու մասին, ապա դա առաջին հերթին թե՛ Թուրքիայից դուրս, թե՛ Թուրքիայում տպավորություն կստեղծի, որ հենց այդ երկրի մասին է խոսքը։ Հայտնի է «զրո հարևան առանց պրոբլեմի», դրա մասին խոսում են ոչ միայն Թուրքիայից դուրս, այլև՝ հենց Թուրքիայի ներսում, որն արդյունք է այդ երկրի, այսպես կոչված, «խորը ռազմավարական» արտաքին քաղաքականության։

Կարծում եմ, որ խորհուրդներ և դասեր տալու հավակնություն և մեծամտություն ունենալուց առաջ պետք է մտածել, որ միգուցե ինքդ ունես դրանց կարիքը:

Ինչ վերաբերում է Ղարաբաղի հարցին, ապա ակնհայտ է, որ Թուրքիան մշտապես խնդիրներ է ստեղծել հիմնախնդրի կարգավորման համար՝ մի կողմից միանշանակորեն պաշտպանելով, աջակցելով Ադրբեջանի ապակառուցողական մոտեցմանը, մյուս կողմից փորձելով խցկվել, միջամտել միջազգային մանդատ ունեցող եռանախագահների ջանքերին: Այնպես որ, կկրկնեի այն, ինչ ասվել է ոչ միայն մեր կողմից՝ եթե Թուրքիան իսկապես ցանկանում է օգնել հիմնախնդրի կարգավորմանը, ապա պետք է ինչքան հնարավոր է հեռու մնա այդ գործընթացից:

Հարց (Մեդիամաքս գործակալություն). Հարցս Հայաստանի արտգործնախարարին է ուղղված: Պարո՛ն Նալբանդյան, վերջերս ԵԽԽՎ քաղաքական հարցերով հատուկ զեկուցող Ռոբերտ Ուոլթերն այցելեց Ադրբեջան` իր զեկույցը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցի շուրջ պատրաստելու նպատակով: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա: Շնորհակալություն:

Էդվարդ Նալբանդյան. Մեր մոտեցումը հայտնի է, և ես նորից կկրկնեմ, որ պետք է զերծ մնալ որևէ քայլից, որը կարող է վնասել եռանախագահների ջանքերին` ուղղված հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Պետք է զերծ մնալ նոր զուգահեռ կառույցներ, ձևաչափեր, կամ աշխատանքային խմբեր ստեղծելուց, որոնց աշխատանքը կարող է վնաս հասցնել եռանախագահների գործունեությանը: Պետք է զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք ընդհանրապես կարող են վնաս հասցնել բանակցային խաղաղ կարգավորմանը: Եռանախագահները նույն մոտեցումն ունեն, որի մասին բազմիցս արտահայտվել են:

Սա հատկապես վերաբերում է այն կարգի զեկուցողներին, ում նկատմամբ կողմերից մեկը, տվյալ պարագայում` Ադրբեջանը, ամենաբարձր մակարդակով անվերջ շնորհակալություն է հայտնում այդ զեկուցողին՝ Ադրբեջանի դիրքորոշմանը շարունակական աջակցության համար: Այստեղ հարց է ծագում կողմնակալ կամ անկողմնակալ մոտեցումների մասին:

Չեմ կարծում` այդպիսի քայլերը կարող են օգտակար լինել: Պետք է շատ զգույշ լինել, որ այս շատ նուրբ գործընթացում վնաս չհասցնել, որովհետև եռանախագահներն անում են հնարավորինը, որպեսզի հիմնախնդիրն ունենա բացառապես խաղաղ հանգուցալուծում:

 ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031