«Ես այստեղ եմ գործարար պատվիրակության հետ: Սա առաջին նման այցն է 2010 թվականից ի վեր, որն արտացոլում է մեր հանձնառությունը՝ լավ քաղաքական հարաբերությունները վերածելու կոնկրետ տնտեսական հնարավորությունների»,- նշեց Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ փաստաթղթի ստորագրմանը հաջորդած ասուլիսի ժամանակ։ Նա նաև շնորհակալություն հայտնեց Հայաստանին՝ COP17-ի կազմակերպման համար: Ի թիվս այլնի՝ Տոնե Կայզերն անդրադարձավ սլովենական և հայկական ընկերությունները համախմբող գործարար համաժողովին՝ ընդգծելով, որ դիտարկում են հավակնոտ գործընկերության սկիզբ:
Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարը կարևորեց երկխոսության ընդլայնումը Կենտրոնական Եվրոպայի և Հայաստանի միջև, հավելեց, որ Սլովենիան հենց այս համատեքստում հրաշալի տրանսպորտային լոգիստիկ կապակցվածություն է առաջարկում: Նա խոսեց նաև էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության թեմայով, ասաց, որ իրենց դեսպանների համար առաջադրանք պետք է լինի՝ էլ ավելի մեծ ուշադրություն սևեռել Հայաստանի վրա:
«Այսօրվա այցը կարևոր հնարավորություն է մեր քաղաքական երկխոսությունը ամրապնդելու համար, միգուցե կարող ենք ասել՝ հեռու ենք միմյանցից, բայց այդուհանդերձ ունենք բազմաթիվ ընդհանուր հատկանիշներ: Մենք փոքր ազգեր ենք, բայց ունենք ուժեղ ինքնություն, հարուստ մշակութային ժառանգություն, ունենք ժողովուրդներ՝ հարուստ գիտելիքով, ստեղծարարությամբ… Առավել բարդացող այս աշխարհում մեզ անհրաժեշտ է պրագմատիկ մոտեցում՝ հիմնված երկխոսության վրա, փոխադարձ հարգանքի և միջազգային այն կանոնների վրա, որոնք հավասարապես կիրառելի են բոլոր պետությունների նկատմամբ»,- նշեց Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարը:
Կարդացեք նաև
Նախարար Կայզերը նշեց, որ Սլովենիան հանձնառու է շարունակելու աջակցությունը Հայաստանի բարեփոխումներին, նաև ողջունում է առաջընթացը՝ վիզաների ազատականացման երկխոսության հարցում, աջակցում է այն միջոցառումներին, որոնք ուղղված են Հայաստանի տնտեսական, էներգետիկ և ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը:
Ասուլիսն ամբողջությամբ՝
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































