Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանցիները գրավեն Հայաստանը, եւ ա՞յդ ժամանակ կարող է կարիք լինի մեզ պաշտպանելու». «168 ժամ»

Ապրիլ 02,2015 12:07

Հատված ՀՀՇ խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանի հարցազրույցից:

– ՀՀ-ում էր նաեւ ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, ով կրկին հայտարարեց, թե ռուսական զենքի վաճառքն Ադրբեջանին միայն առևտրային շահի տիրույթում է, ու ասաց, թե այդ վաճառքից ստացված գումարն օգտագործվում է բարի նպատակներով, այդ թվում՝ ԵՏՄ-ի շրջանակներում։ Սա ինչպե՞ս կգնահատեք։

– Նախ՝ ես նորից ուզում եմ կրկնել, որ ինձ համար անընդունելի է նման որևէ բացառություն, որ սա զուտ կոմերցիոն գործարք է։ Եթե Ռուսաստանն այդ 1-2 մլրդ-ի հույսին է մնացել, ուրեմն շատ լուրջ խնդիրներ կան։ Ռուսաստանն օրական մի քանի միլիարդ կորցնում է Ուկրաինայում պատերազմին՝ անջատողականներին աջակցելով։ Կարելի էր ավելի քիչ կորցնել եւ Ադրբեջանին զենք չմատակարարել։ Չեմ գտնում, որ հնարավոր է լինել ռազմավարական բարեկամ, լինել մեկ ռազմական դաշինքում, որով պարտավորված ես քո բարեկամին ագրեսիայի դեպքում աջակցել ու պաշտպանել եւ զենք վաճառել այն երկրին, որի կողմից էլ սպասվում է այդ ագրեսիան։ Մեր դիրքերը եւ սահմանները, Լեռնային Ղարաբաղի դիրքերն ու սահմանները ռմբակոծվում են ռուսական զինատեսակներով, եւ դա մեզ համար մտահոգիչ է, եւ այդ մտահոգությունը մշտապես պետք է հայտնենք, մինչեւ մեր ռազմավարական գործընկերները հասկանան, որ այն չնչին կոմերցիոն շահույթը, որ նրանք ստանում են, կարող է շատ մեծ քաղաքական կորուստների բերել։

– Միաժամանակ Նարիշկինը հայտարարեց, որ անհրաժեշտության դեպքում կաջակցեն Հայաստանին անվտանգության հարցերում։ Այսինքն՝ աբսուրդային իրավիճակ չի՞. ստեղծվում, որ նախ՝ զենքը վաճառում են, հավաստիացնում, որ անհրաժեշտության դեպքում կաջակցեն, բայց տարվա սկզբից մինչ հիմա սահմանին լարված իրավիճակ է, բազմաթիվ զոհեր ունենք, էլ ե՞րբ պետք է աջակցեն։

– Ես լիովին համամիտ եմ։ Ի՞նչ ասել է՛ եթե պետք լինի։ էլ ե՞րբ է պետք լինելու։ Այս պահի դրությամբ, արդեն մեկ տարի է, աննախադեպ ինտենսիվությամբ ռմբակոծում են մեր սահմանները, ավելի շատ զոհ ենք տվել մեկ տարում, քան մի քանի տարիների ընթացքում։ Այսինքն՝ իրենք ի՞նչ են պատկերացնում՝ ադրբեջանցիները գրավեն Հայաստանը, եւ ա՞յդ ժամանակ կարող է կարիք լինի մեզ պաշտպանելու: Եթե Ռուսաստանը երաշխավորում է մեր անվտանգությունը, ապա գոնե հայտարարություններ պետք է արած լիներ՝ իր մյուս բարեկամ երկրից պահանջելով դադարեցնել այս ագրեսիվ քաղաքականությունը եւ դադարեցնել զենքի մատակարարումը։

– Գյումրիի հետ կապված ՌԴ Դումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին հայտարարեց, որ ամեն դեպքում դատը լինելու է ռուսական ռազմաբազայում, եւ գուցե դատավճիռը բաց հրապարակվի։ Ի՞նչ եք կարծում՝ դեռ հնարավո՞ր է իրավիճակը փոխել։

– Ռուսաստանն ունի միջազգայնորեն ստանձնած պարտավորություն, որի համաձայն՝ Պերմյակովը պետք է հանձնվի հայ իրավապահներին։ Վերջ։ Այստեղ որեւէ այլ լուծում ինձ համար գոյություն չունի։ Այն, որ ասում են՝ բաց կլինի դատավճիռը, մեզ պետք չեն այդ նվերները։ Մեզ պետք է, որ հարգվի օրենքի տառն ու ոգին, եւ Պերմյակովը վերադարձվի մեզ։ Թե մենք ո՞նց կդատենք, ի՞նչ կանենք, սա մեր օրենքներն ու Սահմանադրությունն է, որեւէ բան որեւէ մեկից այստեղ չենք սպասում։ Սա մեզ որեւէ մեկը լավություն չի անում։ Ասել՝ բաց է լինելու, փակ է լինելու… Մեր տարածքում չի կարող այլ երկրի դատարան գործել։ Սա ընդհանրապես անհասկանալի եւ անընդունելի է։

Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930