Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքական ազգանունով հայազգի դիրիժորը Հայաստանում է

Ապրիլ 04,2015 13:30

Ֆրանսաբնակ Ալան Ալթինօղլուն կղեկավարի
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Էդ. Թոփչյան) հերթական հայտագիրը զարմանք էր առաջացրել ոչ միայն երաժշտասերների շրջանում։ Նվագախումբը ղեկավարելու համար առաջին անգամ Հայաստան է ժամանել ֆրանսաբնակ դիրիժոր Ալան Ալթինօղլուն։ Միայն նեղ մասնագիտական շրջաններում գիտեին, որ թուրքական ազգանունով աշխարհի հեղինակավոր օպերային թատրոնների եւ նվագախմբերի մշտական հրավիրյալ դիրիժորը ազգությամբ հայ է։

«Առավոտը» արվեստագետից նախ հետաքրքրվեց, թե ինչո՞ւ մինչ օրս այդ ազգանունն է կրում։ Երաժիշտը պատասխանեց. «Իսկապես հայի ճակատագիր է, թե ինչո՞ւ են հայրս, մայրս կրել այդ ազգանունը, կարծում եմ՝ մեկնաբանելու հարց չկա։ Միայն ասեմ, որ 1934 թ. թուրքերը հայերին պարզապես պարտավորեցնում էին կրել թուրքական ազգանուն։ Ծնողներս Թուրքիայից 1971-ին տեղափոխվել են Փարիզ եւ 75-ին ծնվել եմ ես, իսկ մեր ազգանունը Ալթունյան է։ Հայրս էլ, մայրս էլ ցանկացել են Փարիզում վերականգնել իրենց իրական ազգանունը, սակայն այդ տարիներին Ֆրանսիայի կառավարությունը օրենք էր ընդունել՝ եթե այլազգի իրենց քաղաքացին ցանկանում է փոխել ազգանունը, ապա այն պետք է հնչի ֆրանսերեն։ Ես աշխարհում հանդես եմ գալիս իբրեւ հայ երաժիշտ»։

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ ավարտել է Փարիզի կոնսերվատորիան, որտեղ եւ դասավանդում է ներկայումս։ Իբրեւ դիրիժոր առաջին բեմելը կայացել է 2001 թ. Փարիզի Opera National-ում։ «Ղեկավարել եմ ներկայացումներ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն», Չիկագոյի, Վիեննայի, Բեռլինի, Ցյուրիխի օպերային թատրոններում, հատկապես նախորդ համերգաշրջանի ձեռքբերումներիցս եմ համարում Մասնեի «Վերթերի» բեմադրությունը «Մետրոպոլիտենում», այնուհետեւ Վերդիի «Սիմոն Բոկանեգրան», Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» եւ «Դոն Ջովանի» օպերաների բեմադրությունները, Վիեննայի Staatsoper-ում՝ Շտրաուսի «Սալոմեի» բեմադրությունը։ Վերջինս ղեկավարեցի նաեւ Ցյուրիխում եւ ոչ միայն…»,- ասաց Ալան Ալթինօղլուն։ Հավելեց նաեւ, որ այս տարի Ցյուրիխում կղեկավարի նաեւ Քրիստիան Ջոսթի «Կարմիր լապտերներ» օպերայի համաշխարհային պրեմիերան, ինչպես նաեւ առաջին անգամ Լոնդոնի Royal Opera House-ում կղեկավարի «Դոն Ջովանի» ներկայացումը։
Հետաքրքրվեցինք նրա՝ իբրեւ սիմֆոնիկ դիրիժորի կարիերայով։ «Հանդես եմ եկել Չիկագոյի, Ֆիլադելֆիայի, Ֆրանսիայի եւ այլ նվագախմբերի հետ։ Ապրիլին կղեկավարեմ Մոցարտի «Ռեքվիեմը»՝ Փարիզում կայանալիք Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված համերգում»,- նշեց դիրիժորը։

Մեր հայրենակիցն ասաց, որ ինքը նաեւ դաշնակահար է եւ շատ հաճախ հանդես է գալիս իր կնոջ՝ երգչուհի Նորա Գուբիշի ¥մեցո սոպրանո) հետ։ Ասաց նաեւ, որ համագործակցում է աշխարհում սփռված իր հայրենակիցների հետ, նշեց հայաստանցի ունկնդրին հայտնի Նարե Արղամանյանի անունը, որի հետ ձայնագրել է Լիստի դաշնամուրային կոնցերտները։

Հարցին, թե հնարավո՞ր է Երեւանում գտնվելու օրերին մեր օպերային թատրոնի տնօրինության հետ պայմանավորվածություն ձեռք բերի հետագայում հայրենիքում նաեւ օպերային դիրիժոր հանդես գալու նպատակով, արվեստագետը պատասխանեց, որ լսել է մեր օպերային թատրոնի մասին, սակայն այս պահին նման բանակցություններ չի կարող վարել, քանի որ իր ստեղծագործական գրաֆիկը կազմվում է 4-5 տարի առաջ։
Ի դեպ, Ալան Ալթինօղլուն հայրենիք է ժամանել հոր, կնոջ եւ զավակի հետ։ Նրանք այցելել են Ծիծեռնակաբերդ:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարում` Ալան Ալթինօղլուն՝ ֆիլհարմոնիկի կոնցերտմայստեր Կարմեն Թոսունյանի հետ։

«Առավոտ»

03.04.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930