Լրահոս
Օրվա լրահոսը

 Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ-ին ևս մեկ անգամ հիշեցրել է հայկական կողմի դիրքորոշումը՝  ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Ապրիլ 20,2015 15:53

Այսօր Ստրասբուրգում մեկնարկած ԵԽ ԽՎ լիագումար նիստում ընթացիկ զեկույցով հանդես է եկել ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ Եվրոպայի ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռելով Թուրքիայի զեղծարար քաղաքականության և Ադրբեջանի՝ հակամարտության խաղաղ լուծումը խաթարող ռազմատենչ հայտարարությունների ու սադրանքների վրա: Տիկին Նաղդալյանը ԵԽ ԽՎ-ին կոչ է արել խուսափել հակամարտության շուրջ նոր բռնկումից, որը կարող է առաջացնել Լեռնային Ղարաբաղի մասին պատրաստվող զեկույցը.

Ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի գործընկերներ,

մեկ շաբաթ առաջ, Հայոց ցեղասպանության  հարյուրամյակի նախաշեմին, ԵԽ ԽՎ  նախագահ տիկին Անն Բրասերն այցելեց Հայաստան: Այցի օրակարգը հագեցած էր և օգտակար` մեր երկրին ու տարածաշրջանին առնչվող շատ վճռական հարցերի առումով:  Նախագահը, խոսելով ցեղասպանության շուրջ,  հատկապես ընդգծեց անցյալի հետ առերեսվելու և առաջ շարժվելու կարևորությունը:

Ցավոք, Թուրքիան ոչ միայն չի ընդունում իր անցյալը, այլ հիրավի իրականացնում է պատմության զեղծարարության քաղաքականություն: Այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես է այս երկիրն իրեն ներկայացնում որպես անվտանգ նավահանգիստ փախստականների համար,  և որ ավելի ցինիկ է՝ Թուրքիան պնդում է՝ լինել այդ ապահով ապաստարանը ՝ սկսած Օսմանյան կայսրության ժամանակներից, երբ հայերը, հույները, բուլղարացիները, ասորիները, հրեաները և մնացած ոչ մահմեդական բնակչությունը օսմանյան լծի տակ համակարգված սպանվել են, խոշտանգվել և արտաքսվել իրենց հայրենի հողերից , ոչնչացվել է նրանց մշակութային ժառանգությունը:

Այժմ օրակարգի շուրջ:

Կցանկանայի Ձեզ հետ կիսել հայկական պատվիրակության մի շարք մտահոգությունները` Լեռնային Ղարաբաղին առնչվող փաստաթղթի շուրջ, որը պետք է պատրաստվի Վեհաժողովի կողմից:

Հայկական պատվիրակությունը այս հարցի շուրջ մշտապես պաշտպանել է բաց երկխոսության և անկեղծ քննարկման սկզբունքները: Հաշվի առնելով խնդրի զգայուն էությունը` մենք մեծ կարևորություն ենք տալիս Վեհաժողովում փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը:

Այսօր մենք զգում ենք տարածաշրջանի բավականին լարված ու դժվարին իրավիճակը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, որը ղեկավարվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, վտանգված է Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ հայտարարությունների և ռազմական սադրանքների պատճառով:

Տիկնայք և պարոնայք,

վստահության բուն էությունը խաթարված է: Հակամարտության լուծման հայկական դիրքորոշումը մնում է նույնը` այն պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում, խաղաղ բանակցությունների միջոցով` Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք սկզբունքների հիման վրա:

Գործընկերներ,

մենք ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ անցյալ ամառվանից մինչ օրս սահմանային միջադեպերի և զոհերի թիվը` ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմից, աճել է: Հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միայն հայկական կողմի ջանքերը բավարար չեն, քանի դեռ Ադրբեջանն անում է ամենը` սրելու իրավիճակը հակամարտության գոտում: Եվ ցավալի է, որ անհեռանկար փաստաթղթերի գոյությունը խրախուսում է ադրբեջանական կողմին` նախաձեռնելու նոր և ավելի լայնածավալ սադրանքներ ու դիվերսիոն գործողություններ: Հունվարին Կրակովում, Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության շուրջ հայտարարությամբ, որով նրանք Ադրբեջանին կոչ արեցին հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորման իրենց ստանձնած պարտավորություններին:

Մենք կոչ ենք անում Վեհաժողովին փորձել խուսափել հակամարտության շուրջ նոր բռնկումից, որը լրջորեն կվատթարացնի արդեն անկայուն իրավիճակը մեր տարածաշրջանում:

Այնուամենայնիվ, խորապես հավատում եմ, որ Եվրոպայի խորհուրդը մեծ դեր կարող է խաղալ`  համագործակցություն հաստատելով Լեռնային Ղարաբաղի ընտրված իշխանությունների հետ` մարդու իրավունքների , օրենքի գերակայության և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ոլորտում: Սա այն տիրույթն է, որտեղ Եվրոպայի խորհուրդը , իրոք, կարող է զգալի ներդրում ունենալ` հատկապես հաշվի առնելով տիկին Բրասերի հայտնած այն միտքը, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը 820 միլիոնանոց եվրոպական ընտանիքի մի մասն է, որի  մասին նույնպես Եվրոպայի խորհուրդը պետք է հոգ տանի»:

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ Քաղաքացի says:

    Կեցցեք !!! Հերմինե Նաղդալյան , Նաիրա Զոհրաբյան , Արփինե Հոհվաննիսյան , ուրախ եմ , որ տեսնում եմ ՀԱՅ կանայք անկախ նրանից թե , որ կուսակցությունից են միասին ուս ոսւի տված թուրքերին իրենց տեղը ցույց տալիս !! Միշտ միասնական եղեք խնդրում ենք Ձեզ !!!

Պատասխանել ՀՀ Քաղաքացի

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930