Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղումարի» տարբեր տեսակները

Մայիս 12,2015 10:05

Օրերս բուքմեյքերական գրասենյակներից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքը, որի մասնակիցներից մեկը մահացավ, առիթ է տալիս եւս մեկ անգամ խոսելու նման հաստատությունների գոյության մասին ընդհանրապես: Երեւանում արգելվել են խաղատները, ինչն, իհարկե, շատ լավ է: Բայց ինձ կարո՞ղ է որեւէ մեկը բացատրել, թե ինչո՞ւմն է բուքմեյքերական գրասենյակի եւ խաղատան տարբերությունը: Ինձ թվում է, որ դա նույն «ղումարբազությունն» է, որովհետեւ սպորտային իրադարձությունների ընթացքի կամ արդյունքի համար խաղադրույք դնելը նույնքան «բախտի բան է», որքան խաղասրահների բոլոր պարագաները՝ քարտերից սկսած, «միձեռքանի ավազակով» վերջացրած: Բուքմեյքերականները, բացի ամեն ինչից, նաեւ ապականում են սպորտի՝ որպես արդար եւ գեղեցիկ մրցակցության գաղափարը: Մասնավորապես, ֆուտբոլային խաղից առաջ կամ ընթացքում «ղումարբազների» գործակցի հայտարարումը, ինձ թվում է, փչացնում է խաղից ողջ տպավորությունը:

Ինձ համար թե՛ «դասական» եւ թե՛ «սպորտային» խաղատներն անընդունելի են նախեւառաջ այն պատճառով, որ մարդկանց մոտ ստեղծում են հեշտ ու չվաստակած եկամտի պատրանքը: Մեզ նման աղքատ երկրներում կազինոն կամ բուքմեյքերականը ոչ միայն փոքրաթիվ մեծահարուստների փող ծախսելու տեղ է, այլեւ հիմնականում չունեւորների՝ իրենց սոցիալական խնդիրները իբր լուծելու միջոց: Ասում եմ՝ «իբր», որովհետեւ բացառված է, որ մեկը կարողանա իրեն արժանապատիվ կյանք ապահովել խաղադրույքներ դնելով: Մարդիկ գնում են խաղատուն՝ գրավ դնելով իրենց ամուսնական մատանիները, մեքենաները, տները՝ արդյունքում զրկվում են ամեն ինչից, որովհետեւ տրվում են դրա միջոցով փող վաստակելու պատրանքին եւ, ի վերջո, խաղի մոլուցքին:

Բացի այդ, ակնհայտ է, որ խաղատներն ու բուքմեյքերականներն ապահովում են կրիմինալ գումարների հոսքերը: Այստեղ փողի ելքն ու մուտքը վերահսկելը գրեթե անհնարին է՝ արի ու հասկացիր, թե ով ինչ խաղադրույք է դրել եւ ինչ է շահել: Շրջանառությունն ամբողջությամբ «սեւ» է՝ այդտեղից բխող բոլոր հետեւանքներով: Երբ մեր պետությունն այնքան հասունանա, որ սկսի պահանջել ոչ միայն եկամուտների ձեւական, ոչինչ չասող հայտարարագրերը, այլեւ պետական ծառայողների ու պատգամավորների ծախսերի հայտարարագրերը, եւ մենք չինովնիկից հարցնենք, թե կես միլիոն դրամ ամսական աշխատավարձով ինչպես ես դու կառուցել մեկ միլիոն դոլար արժողությամբ առանձնատուն, ահա այդ դեպքում նա չպիտի հնարավորություն ունենա ասելու՝ «շահել եմ կազինոյում», եւ խաղատնից թուղթ բերի: On-line կազինոների թղթերը նույնպես չպիտի հիմք ընդունվեն:

Հետևաբար` պետությունը պետք է երկու քայլ անի: Առաջին՝ հավասարեցնի բուքմեյքերական գրասենյակները խաղատներին եւ հանի դրանք Երեւանից դուրս՝ նույն տեղերը, որտեղ թույլատրված են խաղատները: Բայց ամենակարեւորը՝ արգելի խաղատներ եւ բուքմեյքերականներ Հայաստանի քաղաքացիների մուտքը՝ թող զբոսաշրջիկներն այնտեղ ծախսեն իրենց փողերը, եթե իրենց դուր է գալիս: Ի դեպ, նման բան արվում է մի շարք երկրներում:

Արամ Աբրահամյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ջիվան Նադարյան says:

    Հարգելի Աբրահամյան ես համաձայն եմ ձեր տեսակետներին և գնահատականներին, ավելին ես կարծում եմ, որ գիշերային ակուբներն ել ետ չեն մնում խաղատներից և բուքմեյնքերական գրասենյակներից և նույնպես չարիքի բուն են : Ես միանշանակ բացասական եմ վերաբերվում այդ չակերտավոր ժամանցի վայրերին, դրանք իսկապես շատ մարդկանց դժբախտության առիթ են հանդիսանում: Ես միտումնավոր եմ գրում առիթ, քանի որ պատճառը մարդու ներսում է, իսկ այդ դժբախտությունը սոսկ հետևանք: Այդ չակերտավոր հաճույքի կենտրոնները ընդամենը գայթակություններ են,որոնք փորձում են մեզ հրապուրել և գլորել,որը ցավոք հաճախ ստացվում է:
    Մեր Տեր Հիսուսը ավետարանում փաստում է, որ ոչ թե դրսից մտնողն է մարդուն ապականում այլ ներսից` սրտից դուրս ելնողը…, և մի ուրիշ տեղ էլ ասում է, որ եթե ուզում եք պտուղը լավը լինի, ուրեմն ծառը պետք է առողջ պահեք…: Կարծում եմ հարցին լիարժեք լուծում տալու համար մենք պետք է անդրադառնանք ինքներս մեզ, կենտրոնանանք մեր սրտերին, և հենց մեր ներսում էլ սպանենք այդ կրքերն ու մոլուցքները քանի որ ամեն տեսակի չարության արմատ, մոլուցք և կիրք այնտեղ է` մեր մեղավոր բնության մեջ: Բնականաբար առանց Աստծո օգնության մենք ոչ մի իրական հաջողության չենք հասնի: Դրա համար մեզ անհրաժեշտ է Զորություն, ՈՒժ կամ որը նույնն է Աստծո հոգին և Ճշմարտության ճանաչում կամ որը նույնն է Աստծո խոսքի գիտություն: Հակառակ պարագայում պետությունը ինչքան էլ փորձի արգելել միևնույն է մարդը չակերտավոր այլընտրանք կամ ճանապարհ կգտնի իր ներսի կրքերին և մոլուցքնեին հագուրդ տալու: Օրինակ կազինոները կփոխարինեն տարբեր տեսակի ղումարներով և այլն: իհակե ասածս չի ենթադրում թե պետությունը չպետք է օրենքի սահմաններում միջամտի և նվազագույնի հասցնի դրանց տարածումը և բարգավաճումը: Ամենաթողությունը ավելի կործանիչ կլինի…

  2. Սամվել Մարգարյան says:

    Ես էլ առաջարկում եմ բոլոր հայկական թերթերի խմբագրությունները Հայաստանից դուրս տանել, տպել անգլերեն, քանի որ մեր թերթերում նմանատիպ անկապ ու բանից անտեղյակ հոդվածները խաթարում են հայերի հոգեկան առողջությունը։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031