ՀՀ Սյունիքի մարզպետի խորհրդական, Արցախյան ազատամարտի պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Aravot.am-ի հետ զրույցում մտահոգություն արտահայտեց, թե ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին սպառնում են: Պարոն Հովհաննիսյանը նկատի ունի Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Տիգրան Կարապետյանին:
Հիշեցնենք, որ նա Սուրիկ Խաչատրյանի հասցեին 1in.am-ին ասել էր, թե «Խելքդ գլուխդ հավաքի, Լիսկա»: Այս փաստը Սուրիկ Խաչատրյանի խորհրդականն այսպես է մեկնաբանում. «Որոշ ուժեր վախենում են Սուրիկ Խաչատրյանի օբյեկտիվ մոտեցումներից, ու արդեն այն աստիճան են լկտիանում, որ սպառնում են մարզպետին: Ոմն Տիգրան Կարապետյանը, որը Գորիսում ժառանգել է իր հոր գործարանը, նա անգամ ՀՀ-ում չի ծառայել և իրենից ոչինչ չի ներկայացնում, այդ տղամարդը համարձակվել է լրատվամիջոցներին ասել, որ զգուշացրել է մարզպետին, և հիմա իր գլուխը պետք է ջարդենք: Սա սպառնալիք է մարզպետին»:
Վոլոդյա Հովհաննիսյանը վրդովված է, թե նման քայլերով ամեն ինչ անում են, որ մարզպետը կոպիտ արձագանքի, և հետո դա ներկայացվի` որպես մարզպետի կողմից վախի մթնոլորտի ստեղծում, իրավակարգի խախտում. «Ցինիկ ու լկտի մարդու կողմից արցախյան ազատամարտի մասնակից, պետական բարձրագույն մարմնի ղեկավար մարդու նկատմամբ բարոյահոգեբանական, ֆիզիկական հաշվեհարդարի կոչ է սա: Ընդ որում, վիրավորականն այն է, որ պետական այրի մասին նման հայտարարություն է կատարել այն մարդը, որը ոչինչ չունի արած այս աշխարհում»:
Վոլոդյա Հովհաննիսյանը նեղսրտեց, թե միակողմանի են ներկայացվում երևույթները` միայն Սուրիկ Խաչատրյանի ընտանիքը հեղինակազրկելու համար: Մեր այն դիտարկմանը` գուցե խնդիրն այն է, որ Սուրիկ Խաչատրյանի անվան հետ կապված տարիներ շարունակ տարբեր միջադեպեր , խնդիրներ են գրանցվել, տարիների նրա պահվածքը ունի դերակատարություն, պարոն Հովհաննիսյանն ասաց. «Տարիների խնդիրներ չեն եղել, եղել է մեկ-երկու միջադեպ»:
Կարդացեք նաև
Մեր հիշեցմանը, թե ամենաթարմ դեպքը նրա որդու մասնակցությամբ ծեծկռտուքն է, պարոն Հովհաննիսյանն այսպես արձագանքեց. «Իսկ ո՞վ է հաստատել նրա տղայի մասնակցությունը ծեծկռտուքին: Բոլորն ասում են, թե իբր Տիգրանն է պատճառը, բայց ոչ մի հստակ բան»:
Մեր այն հակադարձմանը` այդ դեպքում ինչո՞ւ Տիգրան Խաչատրյանն այժմ երկրում չէ, Վոլոդյա Հովհաննիսյանը պատասխանեց. «Իսկ ո՞վ է կանխարգելել նրա ազատ տեղաշարժման իրավունքը, որևէ պետական մարմին նման կանխարգելիչ միջոցառում ձեռնարկե՞լ է, դա իր անձնական գործն է, դա ոչ մի կապ չունի»:
Վոլոդյա Հովհաննիսյանը զուգահեռ անցկացրեց, թե երբ Գագիկ Ծառուկյանի հետ կապված խնդիրներ կային, լրատվամիջոցները նրան պաշտպանում էին, բայց պետական այրին` մարզպետին, որի վրա հոխորտում են, ոչ ոք չի պաշտպանում. «Մարդու հեղինակության հետ են խաղում. մի ոչնչություն սպառնում է մարզպետի գլուխը ջարդելով, որ հետո էլ մարզպետին ներկայացնեն որպես մեղավոր` անհավասարակշիռ արարք կատարելու համար»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Վոլոդյա ՀովհաննիսյանoԶԼՄ-ներից մեկում անդրադառնալով վերջին դեպքերին, ասել էր, որ «առանձնապես բան էլ չի եղել», այն դեպքում, երբ մարդը կորցրել է մի աչքի տեսողությունը: Հետաքրքիր է՝ եթե այդ մեկը իր որդին լիներ, նույն բա՞նը կասեր…
Լավ, ամոթ է այս մանկլավիկներին խոսեցնելն ու լուրջ ընդունելը: Փաստերն էլ են «ստու՞մ»:
Լիսկայի ու իր ցեղի դեմ պայքարող ցանկացա՛ծ մարդ հայրենասեր անձ է՝ անկախ ամեն ինչից:
Լիսկայի ու իր ցեղի դեմ պայքարող ցանկացա՛ծ մարդ հայրենասեր անձ է +100%
Մարդիկ ծիծաղելի են լինում այն ժամանակ, երբ ուզում կամ ձգտում են լինել ոչ այն, ինչ կան։