Այսօր խորհրդարանում Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ լսումների ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանից հետաքրքրվեց այն չարաշահումների մասին, որոնք բացահայտել էր Վերահսկիչ պալատը:
Փոխնախարարը վստահեցրել էր, որ չարաշահումներ չեն եղել, եղել են խնդիրներ, որոնք արդեն վերացված են:
Լեւոն Զուրաբյանը պահանջեց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի ներկայությունը. «Ես զարմանում եմ, օրինակ, ինչու այստեղ ներկա չէ Իշխան Զաքարյանը: Նորից այդ հարցը բարձրացվում է՝ ո՞ւր է Իշխան Զաքարյանը: Որովհետեւ ինքը շատ բան ունի ասելու այս գործընթացների մասին»:
Լեւոն Զուրաբյանը ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ֆինանսաբյուջետային հարցերի հանձնաժողովների նախագահներին ասաց, որ շատ լավ քննարկում են կազմակերպել, բայց ԱԺ-ի ֆունկցիան պետական միջոցների վերահսկողությունն է: Ուստի նա առաջարկեց լսումներ հրավիրել ՎՊ մասնակցությամբ, որտեղ մանրամասն քննարկվեն հանրային վերահսկողության միջոցները, բացահայտված չարաշահումները. «Սա շատ լուրջ պրոյեկտ է, եւ ապագա սերունդները շատ կափսոսան, եթե այդ հսկայական գումարները չծառայեն նպատակներին»:
Կարդացեք նաև
Դանիել Իոաննիսյանն էլ հետաքրքրվեց, թե որքան է ճանապարհի ծածկույթի կյանքի տեւողությունը լինելու. «Որովհետեւ Թումանյան փողոցում ամեն տարի շինարարություն է ընթանում, սա ե՞րբ պետք է վերանորոգենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































