Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ականները «կուշտ» են Սուրիկի թեմաներով

Մայիս 23,2015 15:30

Իշխանական պատգամավորները հորդորում են Սուրիկ Խաչատրյանի
հետ կապված հարցերի պատասխաններն իրավապահներից ստանալ

Երեկ ՀՀԿ խմբակցության պատգամավորները խուսափում էին հարցազրույցներ տալ նախօրեին Սյունիքի մարզպետի ավտոշարասյան վրա կրակոցների թեմայով: Շատերը խուսափելու համար ոչ ինքնատիպ տարբերակ էին ընտրել`«տեղյակ չենք, մի քիչ առաջ ենք իմացել»: Շատերն անկեղծանում էին, բայց մասնավոր զրույցում ասելով, որ չեն ցանկանում ուրիշի բեռն իրենց վրա վերցնել, որ իրենք էլ են արդեն հոգնել եւ «կուշտ` Սուրիկի թեմաներով»: Այն ՀՀԿ-ականները, որոնք համաձայնվում էին հրապարակման համար հարցազրույցներ տալ, հորդորում էին հարցերն ուղղել պատկան մարմիններին` իրավապահներին: Միայն Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի հետ քավոր-սանիկական կապ ունեցող գեներալ Սեյրան Սարոյանը, ով մի քանի օր առաջ ինքնամոռաց պաշտպանում էր Սուրիկ Խաչատրյանին, www.armlur.am-ի հետ զրույցում դարձյալ պաշտպանել է նրան` առավել համեստ ձեւով. «Մենակ թուրքը կարա երկրապահի վրա կրակի»:

Հիշեցնենք, որ նախօրեին, ժամը 18։15-ի սահմաններում, Կապան-Գորիս ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում հրազենային կրակահերթ է արձակվել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ, տուժողներ չկան: Համացանցում այդ դեպքը շատ քննարկվեց` հիմնականում հեգնանքով եւ տպավորությամբ, թե դա «սարքած գործ» է: Թեմայի վերաբերյալ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի հարցազրույցը ներկայացնում ենք առանց մեկնաբանությունների:

– Ե՞րբ եք իմացել Սուրիկ Խաչատրյանի մեքենայի վրա կրակոցների դեպքի մասին, ի՞նչ ազդեցություն է դա Ձեզ վրա գործել:

– Իմացել եմ դեպքի օրը, երեկոյան, լրատվամիջոցներից, եւ բավականին մտահոգիչ ազդեցություն է ինձ վրա գործել:

– Հատկապես ի՞նչն է Ձեզ մտահոգել:

– Երեւույթը բավականին մտահոգիչ է, ընդհանրապես:

– Եթե վերլուծենք այն ամենը, ինչ որ կատարվում է Սուրիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի հետ կամ նրանց շուրջ, վենդետայի հե՞տ գործ ունենք:

– Ընդհանրապես վերլուծություն կատարելու համար պետք է նաեւ ունենալ համապատասխան տեղեկություններ, փաստեր: Բայց քանի որ ընդհանրապես այդ գործով մենք որեւէ գործողություն` քննչական, ոստիկանական, չենք կատարել եւ չենք էլ կարող կատարել, քանի որ մենք ոչ քննիչ ենք, ոչ էլ ոստիկան, ապա վերլուծությունը, բնականաբար, տեղին չէր լինի:

– Խոսքը նրա մեքենայի վրա կրակոցների մասին չէ, ընդհանրապես՝ Սուրիկ Խաչատրյանի հետ եւ շուրջ անընդհատ զարգացող իրադարձությունների: Դրանք ամբողջական մի շղթա են կազմում անցած տարիների ընթացքում: Կա՛մ Սուրիկ Խաչատրյանն է կրակում, ահաբեկում, կա՛մ նրա վրա են կրակում եւ այլն, արդյունքում` մարդիկ են մահանում, վիրավորվում: Այս ամբողջը տպավորություն չի՞ թողնում, որ վենդետայի հետ գործ ունենք:

– Այս ամբողջն ընդամենը թողնում է մի տպավորություն`դուք դիմում եք սխալ հասցեով: Դուք պետք է իրավապահներին ուղղեք ձեր հարցերը եւ պատասխանները ստանաք իրավական տեսանկյունից: Մենք համապատասխան փաստերի` քննության, հետաքննության կամ նախաքննության առումով, բնականաբար, չենք տիրապետում: Եվ չենք կարող ենթադրությունների դաշտում որեւէ վերլուծություն կատարել:

– Փորձը ցույց է տալիս, որ զուգադիպությունները կամ պատահականությունները զարմանալիորեն շատ են: Չգիտես ինչու, նմանատիպ իրադարձությունները հենց Սուրիկ Խաչատրյանի, նրա ընտանիքի անդամների հետ են լինում:

– Ես կարծում եմ, որ զուգադիպությունները կամ պատահականությունները պետք է դիտարկել ընդամենը հավանականությունների տեսության շրջանակներում, եւ դա իրավական դաշտում նույնպես վերլուծության ենթակա չէ:

– Դուք հորդորում եք հարցերն ուղղել իրավապահներին, բայց կյանքը ցույց է տվել, որ Սուրիկ Խաչատրյանի հետ կապված դեպքերի առիթով իրավապահներն այնքան էլ անաչառ չեն աշխատել: Համենայնդեպս, այդ աշխատանքի արդյունքները արժանահավատություն չեն ներշնչել հասարակության լայն շրջանակներում:

– Բնականաբար, ես չեմ կիսում ձեր կարծիքը, որ արժանահավատություն չի ներշնչում իրավապահների կողմից հրապարակված տեղեկատվությունը: Մեկ անգամ եւս հորդորում եմ իրավական բնագավառի հարցերով դիմել միայն իրավապահներին:

– Կրակել են ՀՀԿ-ական բարձրաստիճան պաշտոնյայի վրա. դա կրակոց էր Սուրիկ Խաչատրյանի՞, թե՞ ՀՀԿ-ի դեմ ուղղված կրակոց:

– Ես կարծում եմ, որ որեւէ մեկը ՀՀԿ-ի դեմ որեւէ կրակոց մինչեւ հիմա չի արձակել եւ չի էլ կարող արձակել: ՀՀԿ-ն իր պահվածքով, որպես քաղաքական ուժ, որեւէ մեկին նման առիթներ երբեւէ չի տվել: Կարծում եմ՝ չի էլ տա:

– Սուրիկ Խաչատրյանի մեքենայի` մամուլում հայտնված լուսանկարներից եւ դեպքի առիթով պաշտոնական հաղորդագրությունից կարելի է շատ պարզ հետեւություն անել. 25-30 կրակոց է եղել մեքենայի վրա, մեքենան «ցանց է» դարձել, բայց անգամ քերծվածք ստացող չկա: Նման բան, ըստ Ձեզ, տեսականում, առավել եւս՝ գործնականում հնարավո՞ր է:

– Ոչ միայն տեսականում, այլ նաեւ գործնականում, ձեր հարցը պետք է ուղղեք փորձագետներին:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Նունե says:

    հհկ ախոռի ,,տրամաբանությունը,, սահմանափակվում է հավանականություն, պատահականություն, զուգադիպություն ընդհանուր հայտարարությունների շուրջ…
    Ոչ մի ուղիղ և շիտակ խոսք…
    Այդ հհկրիմինալ ախոռից արդեն ժողովուրդը սրտխառնոց է զգում` իր բնական հետևանքներով…
    Բավական է այդ դժոխքի սանաները, հանձինս էս հաստագլուխ բերթցու, հրեշին հրեշտակի թևեր հագցնեն…իրական թուրքերն իրենք են, ում էլ հայը կրակում է…

  2. Delea Organizacion says:

    Սպարապետի պատգամը:
    Միայն Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի հետ քավոր-սանիկական կապ ունեցող գեներալ Սեյրան Սարոյանը, ով մի քանի օր առաջ ինքնամոռաց պաշտպանում էր Սուրիկ Խաչատրյանին, http://www.armlur.am-ի հետ զրույցում դարձյալ պաշտպանել է նրան` առավել համեստ ձեւով. «Մենակ թուրքը կարա երկրապահի վրա կրակի»:
    Գեներալ Սեյրան Սարոյանը մոռացավ նշել,որ երկրապահի վրա չէն կրակում ժողովուրդ,հո գիժ չէք, այլ երկրպահն է միայն կրակում անզեն ժողովրի վրա,չէ որ դա սպարապետի պատգամն է:
    Հարգենք սպարապետին:

Պատասխանել Delea Organizacion

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031