Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Ավետիքյան. «Նոր Հալեպ թաղամասը ունեւոր մարդկանց համար է, ինչո՞ւ չեն տանում Ղարաբաղում բնակեցնեն»

Հունիս 03,2015 13:26

Այսօր «Տեսակետ» ակումբում արաբագետ Սարգիս Գրիգորյանը, խոսելով սիրիահայերի խնդրի մասին՝ ասաց, որ Իսլամական պետության զինյալները շարժվում են քրդաբնակ շրջաններ: Այս պահին Իսլամական պետությունն ու ընդդիմադիր խմբավորումները, որոնց վերահսկողության տակ էր այդ հատվածը, պայքարում են միմյանց դեմ. «Եթե Սիրիան կիսենք հյուսիսի եւ հարավի, հյուսիսային հատվածում են ընթանում գործողությունները, այնտեղ քրդեր են բնակվում: Թուրքիայի սահմանի մոտ է դա, եւ ես չեմ բացառում, որ ցամաքային գործողություններ էլ լինեն Թուրքիայի կողմից, եթե շարունակվի»:

ՌԱԿ ատենապետ, «Ազգ» շաբաթաթերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանն ասաց, որ մայիսը ծանր ամիս էր Սիրիայի հայության համար, հայկական հաստատություններն էին ռմբակոծվում, եկեղեցին եւ այլն. «Վերջին 10 օրերին սակայն խաղաղ է: Բայց դա փոթորկից առաջ տիրող խաբուսիկ խաղաղություն է: Բոլորը սպասում են, որ Հալեպի վրա գործողություններ կարող են լինել»:

Ըստ Հակոբ Ավետիքյանի՝ Հալեպում 35 հազարից 7000 հայ է մնացել: Մնացել են տարբեր պատճառներով: Մի մասն ունի խանութ, տուն, որոնք իրենց բացակայությամբ անպայման կկողոպտվեն, մյուս մասի զավակները ծառայության մեջ են, մարդիկ չեն կարող իրենց երեխաներին թողնել ու դուրս գալ:

Հարցին՝ սիրիական հակամարտությունը մոտեցե՞լ է իր հանգուցալուծմանը, թե՞ ավելի է լարվելու իրավիճակը, Հակոբ Ավետիքյանը պատասխանեց, որ եթե մեծ գործողություններ  լինեն, նոր կողմերից մեկին կտանի պարտության, կործանիչ ճակատամարտեր եթե լինեն, ինչպես Լիբանանում եղավ. «Հալեպն այն բնակավայրն է, որն ամենակարեւորն է երեւի, Դամասկոսից էլ ավելի կարեւոր նույնիսկ: Այս պարագայում հայերը կամուկացի մեջ են: Նույնիսկ այն ընտանիքները, որոնք ուզում են մնալ ու կառչել իրենց ունեցածից, մտածում են հեռանալու մասին, բայց ո՞ւր գնալ»:

Թե ինչ են անում ՀՀ իշխանությունները սիրիահայերի համար՝ Հակոբ Ավետիքյանը հեգնեց՝ վիզայի համար փող չեն ուզում, քաղաքացիություն ստանալու համար փող չեն ուզում. «Սիրիահայերը լավ հեղինակություն ունեն, երկար աշխատելու սովոր են: Սիրիահայերը նաեւ մի առավելություն ունեն՝ չեն բողոքում, որի համար գործատուները նկատում են ու վերցնում են նրանց»: Ըստ նրա, պետք է սիրիահայերին աշխատատեղով ապահովել:

«Էդվարդ Նալբանդյանը Դամասկոսում շատ կարեւոր հանդիպումներ է ունեցել: Տպավորությունս այն է, որ նրան հետաքրքրում էր, թե հալեպահայության ղեկավարությունն ինչ է ի վերջո որոշել անել, դուրս գալ: Մեր կառավարությունը ցցուն քաղաքականություն չի ուզում վարել, որովհետեւ մենք չունենք այդ ռեսուրսները, բայց թե ինչ է վճռելու հայկական կողմը՝ չգիտենք»,- ասաց Հակոբ Ավետիքյանը:

Նոր Հալեպ թաղամասի կառուցման հետ կապված էլ Հակոբ Ավետիքյանն ասաց, որ բնակեցման փորձ ունենք Ղարաբաղում.«Ինչո՞ւ չեն տանում եւ այնտեղ վերաբնակեցնեն, որը կլիներ երկուստեք օգտակար: Իսկ այդ թաղամասը ունեւոր մարդկանց համար է, ոչ թե ուրիշների»:

Aravot.am-ի հարցին՝ ընդդիմադիրները դժգոհում են սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, որ պետք է շտապ տարհանեն սիրիահայերին ու չեն անում, կա՞ այստեղ անգործություն մեր իշխանությունների կողմից՝ Հակոբ Ավետիքյանը պատասխանեց. «Տարհանելը բացառված է, որովհետեւ սիրիահայերի հոգեւոր եւ քաղաքական իշխանությունը դեմ է: Վերջերս Արամ Ա կաթողիկոսն էլ շեշտեց, որ պետք է սիրիահայերը մնան, ՀՀ կառավարությունը կամ որւեւիցե կառավարություն չի կարող նրանց ասել՝ վեր կացեք ու եկեք: Բայց կարելի էր փոքր ծրագրեր անել, կարելի էր արտադրության խնդիրներ ստեղծել այստեղ, հատկապես՝ տեքստիլ, կարելի էր զարգացնել այստեղ նրանց բիզնեսները՝ առանց մեծ շեփորահարումների: Բայց մեր նախարարությունը սիրում է հանդիսավոր ինչ-որ բաներ անել, հանդիսություններ եւ այլն: Չէ, դրա տեղը չի»:

Արաբագետն էլ նշեց, որ տարհանումը վտանգներով լեցուն է, Հալեպը Դամասկոսին կապող ճանապարհը կրակի տակ է եւ շատ վտանգավոր է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930