Երեւանն այս օրերին Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի տարբեր երկրներից ներկայացուցիչների հանդիպման եւ համագործակցության վայր է
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր մեկնարկեց Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) եւ կին ձեռներեցների ասոցիացիայի կողմից կազմակերպած «Նոր զարգացումների հեռանկար» միջազգային համաժողովը: Միջոցառմանը, որին ներկա են աշխարհի տարբեր երկրներից հրավիրված կին ձեռներեցներ, կշարունակվի մինչեւ հունիսի 11-ը:

Միջոցառումը շատ հագեցած էր, մասնակիցներն էլ շատ զբաղված, ուստի ընդմիջմանը շատ կարճ ժամանակահատվածի ընթացքում Aravot.am-ը փորձեց մի քանի հարց ուղղել Մարի -Կրիստի Օղլիին, որն ի դեպ, մեր հետ զրույցի վերջում նշեց, որ իր ամուսինն էլ ծագումով հայ է:
Կարդացեք նաև

«Կուզենամ, բոլոր կանայք լինեն Լիլիթի նման (նկատի ունի Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանին. Ն.Բ. ) , քանի որ նա շատ դինամիկ, աշխույժ եւ ակտիվ կին է: Կոնֆերանսն էլ շատ լավ է կազմակերպված, որն ապացուցում է նրա բարձր պրոֆեսիոնալիզմը: Այս կոնֆերանսը լավ հնարավորություն է շատ հայ կին ձեռներեցների համար, մանավանդ, որ այս կոնֆերանսում մասնակցություն ունի ՀՀ կառավարությունը:
Հայաստանում կա մեծ ներուժ ՏՏ, գյուղատնտեսության եւ մշակույթի ոլորտներում: Եվ այն, ինչ ես տեսա՝ դա պատրաստակամությունն է ու ցանկությունը ներգրավվել Եվրամիությանը, որի ապացույցն է միջազգային տարբեր կազմակերպությունների, այդ թվում նաեւ ԵՄ գրասենյակի մասնակցությունը կոնֆերանսին»:
Aravot.am-ի այն հարցին էլ՝ Հայաստանում գնողունակությունը ցածր է, արտագաղթի բարձր տեմպերի պատճառով բնակչությունը պակասում է, վարկերը, տոկոսադրույքները բարձր են, ինչպե՞ս է հնարավոր այս պայմաններում բիզնես ստեղծել, եւ ի՞նչ խորհուրդ կտա տիկին Օղլին կին ձեռներեցներին, վերջինս ասաց. «Խնդիրները գրեթե նույն են: Եվրոպական շատ երկրներում էլ շատ է միգրացիան, շատ մարդիկ արտագաղթում են ԵՄ տարբեր երկրներ, մանավանդ այնտեղ, որտեղ կան քաղաքացիական պատերազմներ, այնտեղ նույն է իրավիճակը, ինչ Հայաստանում՝ բարձր տոկոսով վարկեր եւ քիչ աշխատատեղեր: Բարձր տոկոսով վարկերը ոչ միայն Հայաստանում են, այլեւ ամբողջ աշխարհում, դա գլոբալ խնդիր է առաջացնում կազմակերպությունների եւ անհատների համար: Եթե մի քանի տասնյակ տարի առաջ իմ ծնողներն ասում էին՝ պարտք մի վերցրու, վարկ մի վերցրու, ապա այսօր գրեթե բոլոր անհատներն ու կազմակերպությունները վարկեր ունեն»:
Մեզ հետ զրույցում «Իրիս» հյուրատան տնօրեն Իրինա Իսրայելյանն ասաց, որ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի աջակցությամբ ինքը դրամաշնորհային ծրագրերի է մասնակցել, շահել ու հիմա հաջող բիզնես ունի՝ հյուրատնային բիզնեսն Ալավերդիում է: Մեր այն հարցին, արդյոք հանքարդյունաբերությունը չի խանգարում զբոսաշրջային եւ հյուրատնային բիզնեսին, տիկին Իսրայելյանն ասաց՝ ոչ: Ըստ Իսրայելյանի, Երեւանում էլ օդը շատ մաքուր չէ. «Ես բարեկամներ ունեմ, որոնք Երեւանում Կոմիտասի փողոցում են ապրում, եւ խուսափում են լվացքը դրսում փռել»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































